Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբինսոնը Հովհաննիսյանին սխալ հանեց

Մայիս 06,2004 00:00

Ռոբինսոնը Հովհաննիսյանին սխալ հանեց «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» ընկերությանը օժանդակող համայնքային զարգացման» ծրագրի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաշվետվությունը սխալ է»,- երեկ հայտարարեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժողովը հայտարարել էր, թե միլիոնավոր դոլարներ են վատնվել եւ յուրացվել։ Հայտարարությունը դարձել էր ներկոալիցիոն «պարզաբանումների» եւս մեկ առիթ։ Իսկ Ռոջեր Ռոբինսոնը իր այս գնահատականը քիչ անց մանրամասնեց. «Զեկույցի որոշ մտահոգություններ տեխնիկապես սխալ են»։ Ըստ ՀԲ գրասենյակի ղեկավարի, ծրագիրը բավականին լավ է գործում եւ առաջ ընթանում. «Նկատի ունեմ ծառայությունների որակը, էներգետիկ ծախսերի կրճատումը եւ այլն»։ Այս ամենը միջանկյալ գնահատական էր՝ միջանկյալ զեկույցից հետո։ ՀԲ վերջնական գնահատականը կլինի ԱԺ հանձնաժողովի վերջնական զեկույցից հետո։ Ռոբինսոնը գիտեր, որ միջանկյալ զեկույցի առթիվ համապարփակ պատասխան-հաշվետվություն է պատրաստում ՀՀ կառավարությունը։ «ՀԲ-ն ունի ուժեղ աուդիտորական համակարգ, իրականացնում է մշտական վերահսկողություն, ոչ մի բան չի գնվում առանց ՀԲ ընթացակարգի, սակայն նախքան ծրագրի ավարտը, աուդիտ չի իրականացվի»,- տեղեկացրեց Ռոջեր Ռոբինսոնը։ Վերջինս, սակայն, լրագրողներին հրավիրել էր ոչ թե ներկոալիցիոն հարաբերություններին իր մասնակցությունը փաստելու համար, այլ մայիսի 4-ին ՀԲ հաստատած երեք վարկային ծրագրերի մասին տեղեկություններ հաղորդելու։ Հայաստանը կստանա եւս 34,89 մլն դոլար։ Քանի որ հիշատակված «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» ընկերությանը օժանդակող համայնքային զարգացման» ծրագիրը ամբողջությամբ չի լուծելու ապահով ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրը, ուստի երկրորդ՝ «Համայնքային ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրով՝ 23 մլն դոլարով, կիրականացվեն նշված ոլորտում ծառայությունների ծածկույթի որակի եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր՝ կենտրոնանալով մայրաքաղաքից դուրս գտնվող տարածքների վրա։ Ինչպես ՀԲ այլ, այս ծրագրի տեւողությունն էլ 4-5 տարի է։ «Մեկ տարի հետո, այս ժամանակ, կտեսնեք առաջխաղացումը, բայց 4 տարում ՀՀ-ում խմելու ջրի խնդիրները լուծված չեն լինելու»,- հայտարարեց Ռոբինսոնը, նշելով, որ առաջին ծրագիրը կազմելիս լավ չի ուսումնասիրվել համակարգի քայքայվածությունը։ Իսկ այն «շատ խորն է»։ 1992-ից առայսօր ՀԲ-ի՝ Հայաստանին տրամադրած վարկերի ծավալը 789,89 մլն դոլար է։ Սրանք բոլորն էլ արտոնյալ վարկեր են, բայց եթե ՀՀ-ն եւս 4 տարի զարգանա «վերջին տարիների նման» (երկնիշ թվով- Ա. Զ.), աղքատ երկիր չի համարվի եւ սովորական վարկեր կստանա։ «Հավատում եմ, որ «Լինսի» հիմնադրամի ծրագրերը կշարունակվեն, այլ դոնորներ էլ կան։ ՀՀ-ում միջոցների բացակայության խնդիր չի լինի։ Խնդիրը դրանց արդյունավետ օգտագործումն է»,- դիպուկ նկատեց Ռ. Ռոբինսոնը։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել