Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները ոստիկանների համար

Մայիս 06,2004 00:00

Մարդու իրավունքները ոստիկանների համար Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի գրադարանը օրերս՝ ապրիլի լույս 13-ի արյունոտ գիշերից հետո, համալրվել է բակականին ուշագրավ հրատարակությամբ՝ «Մարդու իրավունքների ոլորտում չափորոշիչներն ու պրակտիկան ոստիկանության աշխատողների համար»։ Այն գրպանի ձեռնարկ է ոստիկանների համար: Գիրքը 2003-ին հրատարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Վերահրատարակել՝ 2004-ի փետրվարին: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ գիրքը ստանալն ու ապրիլյան բռնությունները կապ չունեն՝ պատահական զուգադիպություն է, իսկ ՄԱԿ-ի գրադարանն էլ գրքեր է ստանում համարյա ամեն շաբաթ: Հիշատակված ձեռնարկը բավականին ուշագրավ է եւ ներառում է ոստիկանական տարբեր գործողությունների՝ քննության, ձերբակալելու- կալանավորելու, կալանքի տակ պահելու եւ ուժի գործադրման վերաբերյալ միջազգային՝ ՄԱԿ-ի մակարդակով ընդունված չափանիշներ ու խորհուրդներ: Օրինակ, ուժի գործադրման դեպքերի համար ՄԱԿ-ը հիշեցնում է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի կյանքի եւ անձնական անձեռնմխելիության իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տանջանքներից, կտտանքներից, դաժան այլ՝ անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից եւ պատժից ազատության իրավունք… ուժի գործադրումը պետք է լինի օրինական նպատակին համապատասխան, ուժ գործադրելիս պետք է զսպվածություն ցուցաբերել»: Այստեղ հիշենք ապրիլի 13-ի գիշերվա ոստիկանական օպերացիայի այն դրվագները, երբ գործադրվում էր առավել մեծ ուժ, քան պետք էր նպատակին հասնելու համար, ուժ էր գործադրվում անգամ փախչողների նկատմամբ՝ առանց որեւէ զսպվածության, ծեծվողներից որեւէ մեկի արժանապատվությունը չհարգվեց: Ձերբակալման համար ՄԱԿ-ը հետեւյալ պայմաններն է սահմանել. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատության, անձնական անձեռնմխելիության եւ ազատ տեղաշարժի իրավունք… ոչ ոք չի կարող ենթարկվել ինքնակամ ձերբակալության եւ կալանքի… ձերբակալվածներին պետք է ամիջապես հայտնել ձերբակալման պատճառները»: Ոստիկաններին էլ խորհուրդ է տրվում. «եթե չկա բացահայտ դիմադրություն, օգտագործեք հանգիստ, հարգալից եւ համոզիչ արտահայատություններ: Հրամայական տոնին անցեք անհրաժեշտության դեպքում»: Այստեղ էլ հիշենք, թե մեր ոստիկանները ինչպես էին ինքնակամ փակում ճանապարհները, առանց խոսքի ձերբակալում քաղաքացիներին, բացահայտ դիմադրություն ցույց չտվողներին բացահայտ ծեծում եւ առանց պատճառ նշելու ձերբակալում ու ոչ ոքի ոչինչ չէր ասվում այս մարդկանց հետագա ճակատագրի մասին: Կալանքի տակ պահելը. «Կալանքը պետք է լինի բացառիկ եւ ոչ թե կարգ եւ օրինաչափություն: Բոլոր կալանվածներն ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք, նրանց արժանապատվությունը պետք է հարգվի: Կալանվածները չպետք է ենթարկվեն կտտանքների, տանջանքների, արժանապատվությունը նվաստացնող եւ վիրավորող կամ դաժան այլ վերաբերմունքի, կամ բռնության եւ սպառնալիքի ցանկացած ձեւի»: Ոստիկաններն էլ պետք է մշտապես խորհրդակցեն բժիշկների հետ՝ կալանվածների սննդի եւ կարգուկանոնի հարցերով: Դարձյալ հիշենք, թե մեր ոստիկանները ինչպես էին կալանում առանց բացառության, ինչպես էին դաժանորեն՝ լուրջ ու անբուժելի վնասվածքներ հասցնելու աստիճան ծեծում կալանվածներին ու դեռ բժիշկ էլ չէին կանչում այնքան, մինչեւ կալանվածները կորցնում էին գիտակցությունը: ՄԱԿ-ի չափանիշներով, ոստիկանական գործողություններում «բացարձակապես արգելված է արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը»: Եվրոպական համանման փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան պատասխանատուները ասացին, որ Եվրոպան մեզ համար՝ հեչ: Իսկ ՄԱ՞Կ-ը: Թեւեւ այս սկզբունքները կան նաեւ ՀՀ օրենքներում՝ Սահմանադրություն, Քրեա եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքեր եւ այլն: Մնում է կիրառել: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել