Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ՀՀ-ՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

Մայիս 06,2004 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ՀՀ-ՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ Բայց խանգարող հանգամանքները շատ-շատ են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ մեզանում նոր ֆուտբոլային ավանդույթ է հիմնվում: Մայիսի 9-ին «Հանրապետական» ստադիոնում Անկախության գավաթի համար պայքարելու են Երեւանի «Փյունիկն» ու «Բանանցը»: Իսկ մայիսի 4-ին անցած տարվա գավաթակիր «Միկա» ակումբի գրասենյակում թիմի ավագ Արտաշես Ադամյանը բյուրեղապակյա մրցանակը փոխանցեց «Փյունիկ» եւ «Բանանց» թիմերի ավագներ Արթուր Մկրտչյանին ու Հովհաննես Դեմիրճյանին: Նրանք էլ իրենց հերթին այն «Հանրապետական» ստադիոնում հանձնեցին ֆեդերացիայի նախագահին: Այսպես վարվում են շատ երկրներում: Արարողությունից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա երկրի առաջնության մեկնարկը գնահատեց լավ ու հուսադրող, քանի որ չկան ընդգծված առաջատարներ, որոնց հետ հանդիպումներում ոչ ֆուտբոլային հաշիվներ էին գրանցվում: Հիմա պայքարն ավելի լարված է, եւ միավորները ձեռք են բերվում դժվարությամբ: Ռ. Հայրապետյանը գոհունակություն հայտնեց նաեւ Թուրքմենստանի ընտրանու հետ մեր ազգային հավաքականի ցուցադրած խաղից, որում բոլոր ֆուտբոլիստներն էլ պայքարեցին մինչեւ վերջին րոպեն՝ պահպանելով խաղի բարձր տեմպը: Սակայն աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ընթացքում անհրաժեշտ է հանդիպել նաեւ ավելի բարձր կարգ ունեցող մրցակիցների հետ: ՀՖՖ նախագահն ասաց, որ կցանկանար ընկերական խաղ կազմակերպել Ռուսաստանի հավաքականի հետ եւ որ ինքը մտադիր է նման առաջարկով դիմել Ռուսաստանի ֆուտբոլային ղեկավարությանը: Անդրադառնալով երիտասարդական հավաքականների մրցելույթներին՝ Ռ. Հայրապետյանը նշեց, որ այդ տարիքային խմբերն են հայկական ֆուտբոլի ապագան եւ հերթական անգամ վստահեցրեց, որ անելու է ամեն բան Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Բայց ավելացրեց նաեւ, որ ինքը երիտասարդական հավաքականների առջեւ դնում է առավելագույն պահանջներ, վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի նրանք թոթափեն պարտվողական հոգեբանությունը: Եվ այս հարցում դրական տեղաշարժ նկատվում է: Ի տարբերություն ֆուտբոլիստների, շարունակում են տեղում դոփել մեր մարզիչները: Նրանց ինքնահավանությունը թույլ չի տալիս զբաղվել գիտելիքների հարստացմամբ: Մինչդեռ, ֆեդերացիան այսօր նրանց եվրոպական զարգացած ֆուտբոլային երկրներ վերապատրաստման գործուղելու մեծ հնարավորություններ ունի ու պատրաստ է ցանկացած պահի ուղարկել Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա կամ այլ երկրներ: Ֆեդերացիայի նախագահը նաեւ անհրաժեշտություն է համարում մարզական բժիշկների որակավորման բարձրացումը: Նա տեղեկացրեց, որ արդեն ձեռնամուխ է լինում նրանց էլ արտասահմանյան առաջատար ակումբներ գործուղելուն: Ինչ վերաբերում է մրցավարներին ու տեսուչներին, Ռուբեն Հայրապետյանի գնահատմամբ, նրանց որակական առաջընթացը, անցած տարվա դրական որոշ տեղաշարժից հետո, այս տարի կրկին կանգ է առել: Դա անթույլատրելի է: Դրա համար էլ արվել ու արվում են վիճակը շտկելու անհրաժեշտ քայլեր: «Առավոտը» հիշեցրեց, որ անցած տարի «ՀայTV»-ի եւ Uefa.com-ի հետ միասին անդրադարձել էր «Նաիրի» ստադիոնի շրջակայքում բենզալցակայաններ կառուցելու թույլտվություններին: Այն ժամանակ Ռ. Հայրապետյանը տեղեկացրել էր, որ խնդիրը բարձրացրել է Երվանդ Զախարյանի մոտ, որն էլ խոստացել էր դրանք ստադիոնին վտանգավոր հեռավորությունից այլ տեղ տեղափոխելու տարբերակներ գտնել: Ռ. Հայրապետյանի պատասխանից հայտնի դարձավ, որ խնդիրն առայսօր նույն կետում էլ մնացել է ու այն լուծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել: «Քանի որ հարցը հնչեցրեցիք, նորից ձեզ եմ դիմում: «Նաիրի» մարզադաշտը պահեք ձեր ուշադրության կենտրոնում,- պատասխանեց նա:-Ափսոս է: Հիմա ասում եմ՝ կգա ժամանակ, որ մենք կունենանք գումարներ: Դրանք հատկացնելու են ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն՝ մեկ միլիոն շվեյցարական ֆրանկ: Բայց հիմա արդեն հողի, տարածքի մեծ խնդիրներ ունենք: Երեւան քաղաքում այլեւս մեկ թիզ հող չկա: Եվ եթե ես չկարողանամ օգտագործել իմ կապերը, դրանք հետագայում ավելի են բարդանալու: Կենտրոնի թաղապետին խնդրել եմ ու նա երկու տեղ հատկացրել է: Ասածս գումարները տրվում են հատուկ ծրագրերով, պահանջները պարտադիր կատարելու պայմանով: Հանրապետությունում 15×30 մետր չափերի 25-ից 30 ֆուտբոլի մինի դաշտեր պետք է կառուցվեն: Դրանցից առնվազն 10-ը՝ մայրաքաղաքում, այն էլ՝ խիտ բնակեցված ծայրամասերում: Որտե՞ղ ենք դրանք կառուցելու: Իսկ «Նաիրին» պատրաստի մարզաբազա է, որը, ցավոք, կողքերից «մաշեցվում» է: Պիտի խնդրեմ ձեզ անընդհատ անդրադառնալ այդ հարցին: Դա կարող է օգնել խնդրի լուծմանը»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել