Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔ ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԽԱՆԳԱՐԵԼ»

Մայիս 08,2004 00:00

«ՈՉ ՈՔ ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԽԱՆԳԱՐԵԼ» Իշխանության գալուց առաջ Ա. Կարապետյանը «ուժեղացնում է Հայաստանը» Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության հրավերով եռօրյա այցով Իրանում էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկվող հարցերի շրջանակներն էին՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ Իրան-Հայաստան գազատարի ու նավթատարի կառուցման խնդիրները։ Քանի որ պարոն Կարապետյանը իշխանության ներկայացուցիչ չէ եւ ոչ էլ ակտիվ որակվող ընդդիմություն, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ԻԻՀ արտաքին գերատեսչությունը որոշել այդ հարցերը քննարկել հենց իր հետ։ – Ճիշտն ասած, մենք երբեւէ չենք ցանկացել կառավարության ֆունկցիաների մեջ մտնել։ Եթե ունենայինք, հավատացեք, շատ ավելի շատ եւ բացահայտ կանեինք։ Պարզապես կան գործիչներ, ովքեր տարբեր երկրների տարբեր կառույցներում լայնակի կապեր ունեն։ Այդ անձնական կապերը միշտ շատ ավելի հետաքրքիր են եւ արդյունք են տալիս քաղաքականության մեջ, քան գոյություն ունեցող պաշտոնական կապերը։ Այդպես միշտ ավելի հեշտ է հասկանալի դարձնել այն ամենը, ինչ ուզում ես ասել։ Ես իմ խնդիրը, մինչեւ իշխանության գալը, համարում եմ ստրատեգիան քննարկելը։ Հնարավո՞ր է արդյոք, Իրանից երբեւէ նավթատար ունենալ դեպի Հայաստան։ Դրա համար ինչպիսի՞ քաղաքական որոշումներ են անհրաժեշտ եւ այլն։ Նույնը՝ գազատարի պարագայում։ Այս հանգրվանում, երբ այդ ծրագիրը փակ է։ Մեր տարածաշրջանում առկա են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրոպան՝ մասամբ, կա ԻԻՀ՝ մեծ պետություն, որը Հայաստանի հետ բավականաչափ լուրջ համագործակցության ծրագրեր ունի։ Բայց կան ԱՄՆ-Իրան, ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Իրան հակասություններ՝ այս ամենում Հայաստանը պետք է կարողանա հստակ կողմնորոշվել։ Մենք չենք պատրաստվում այդ բարդ հակասությունները լուծել, բայց պետք է մեր օգուտը քաղենք։ Ես ամենաբարձր հանդիպումների շարք ունեցա եւ հասկացա, որ օգտագործելի հնարավորություններ կան։ Ամեն ինչ նպատակաուղղված է Հայաստանի ուժեղացմանը։ Երկրներում լավ կապեր ունենալով, դու կարող ես դրան հասնել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանն ուժեղ լինի։ Ոչ ոք մեզ ոչ մի ձեւով չի կարող խանգարել։ Թող այդ պատրանքից դուրս գան։ – Եթե գնահատեք այցի արդյունքները… – Շատ դրական են, ես շատ գոհ եմ։ ԻԻՀ-ի պետական գործիչները հատկապես ընդգծում էին Հայաստանի անկախ լինելու փաստը։ Իհարկե, իրենք ունեն իրենց քաղաքական շահերը, մենք դա լավ ենք հասկանում…, բայց ես կցանկանայի, որ ԻԻՀ-ԱՄՆ կոնֆլիկտը որեւէ ազդեցություն չունենար Իրան-Հայաստան կապերի վրա։ Այն, ինչ ես տեսա Թեհրանում՝ 32 հանրակրթական հայկական դպրոց 80 հազար մարդու համար, հայերի նկատմամբ վերաբերմունքը, մի եզրակացության եկա. Իրանի այսօրվա իշխանությունը շատ դրական է տրամադրված տեղաբնակ հայերի նկատմամբ։ Ուստի մենք ամեն ինչ պիտի անենք, որ հայ-իրանական բարեկամությունը, ցանկացած իշխանության պարագայում, պետք է ուժեղացնել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել