Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը գրաճանաչ կդառնա

Մայիս 08,2004 00:00

Բանակը գրաճանաչ կդառնա Այդ հարցում կօգնեն օպտիմալացմամբ կրճատված ուսուցիչները Մի առիթով կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցավով հայտարարեց, որ մեր բանակի կեսից ավելին գրաճանաչ չէ: Միայն Մայրաքաղաքային գնդում այսօր գրաճանաչ չէ 40 զինվոր: Այս մասին մեզ ասաց «Բարիկ-Ա» բարեգործական կազմակերպության նախագահ, Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, կեսդարյա մանկավարժ Աննա Բարիկյանը: 2001-ի սեպտեմբերից կազմակերպությունը զորամասերում մի աննախադեպ ծրագիր է իրականացնում, որ սկսել է Մայրաքաղաքային գնդից: 8-ամյա կրթությամբ զինվորներին կազմակերպությունն իր ուսուցման հատուկ, խորացված ծրագրերով հասցնում է միջնակարգ կրթության մակարդակի: Դրանք շաբաթ-կիրակնօրյա դասընթացներ են: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ծրագիրը յուրացրած ուսյալները կարող են պետական քննություն հանձնել յուրաքանչյուրն իր դպրոցում եւ ստանալ 10-ամյա կրթության վկայական: Հատուկ դասընթացներ են կազմակերպվում նաեւ այն զինվորների համար, ովքեր անգամ տառաճանաչ չեն: Կազմակերպության միջնորդությամբ եւ ՊՆ աջակցությամբ Քըրք Քըրքորյանի անվան Տնտեսաիրավագիտական համալսարանի նախապատրաստական կուրսում դասընթացներ են անցնում նաեւ այս նույն գնդի 6 զինվորներ՝ իրենց ազատ ժամերին: Առաջիկայում կազմակերպությունը Երեւանին մոտ այլ զորամասերում եւս պատրաստվում է իրականացնել նման դասընթացներ, որ կանցկացնի օպտիմալացման ծրագրով կրճատված ուսուցիչների ավագ սերունդը: Տիկին Բարիկյանն այժմ աշխատում է այդ ուսուցիչներին հավաքագրելու ուղղությամբ: Վերոնշյալը կազմակերպության միակ բարեգործությունը չէ: Անցնելով թոշակի, Ա. Բարիկյանը 1995-96թթ. ուստարում իր հին գործընկերներից ոմանց հետ հիմնադրեց անվճար միջնակարգ դպրոց՝ անտուն, անապահով ընտանիքների, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների երեխաների, պատերազմի վետերանների թոռների համար: Այստեղ կարող է սովորել ցանկացած այլ երեխա, սակայն ամսական որոշակի խորհրդանշական գումար մուծելով: Ա. Բարիկյանը կարծում է, որ փողոցից եկած երեխան պետք է սովորի նորմալ ընտանիքի երեխայի հետ: «Դաստիարակության ամենամեծ ձեւը դրական օրինակի ընկալումն ու ընդունումն է: Իսկ երբ նման երեխաներին (ասենք՝ դժվար դաստիարակվող կամ ընտանիքից դաստիարակություն չստացած) հավաքում են մի տեղ՝ կողքին դրական օրինակ չունենալով, ինքն է սկսում իր վարքագիծը կարգավորել»,- ասում է տիկին Բարիկյանը: Բացի պրոֆեսիոնալ ուսուցչական կազմից, դպրոցն ունի գեղագիտական թեքում: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել