Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժեքային համակարգի առումով՝ համախոհներ ենք»

Մայիս 08,2004 00:00

«Արժեքային համակարգի առումով՝ համախոհներ ենք» «Առավոտի» հիմնադրման 10-ամյա տարելիցի առթիվ շարունակում ենք տպագրել մեր ընթերցողների կարծիքները թերթի մասին: Այս անգամ հրապարակում ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի տեսակետը. «Նախ շնորհավորում եմ «Առավոտի» հիմնադիրներին եւ ամբողջ խմբագրակազմին՝ հիմնադրման 10-ամյակի առիթով: «Առավոտը» միշտ իր ընթերցողն է ունեցել, եւ ամենաընթերցվող թերթերից մեկն է, եթե ոչ՝ ընթերցողների ամենալայն շրջանակներ ունեցողը: «Առավոտը» միշտ եղել է հնարավորինս անկախ իշխանություններից, միշտ օբյեկտիվ տեղեկատվություն է տվել հանրությանը, ինքնուրույն տեսակետներ է արտահայտել: Այսինքն, ամեն կերպ կատարել է իր իսկական դերը՝ որպես զանգվածային լրատվամիջոց: Թերթում ամեն օր ընդգրկվող քաղաքական, մշակութային, սպորտային, տնտեսական թեմաներով հոդվածները, բազմաթիվ վերլուծական նյութերը ամենաբազմաբնույթ տեղեկատվությունն են ապահովում, եւ այդ առումով շատ հետաքրքիր թերթ է: «Առավոտն» ունի իր որոշակի քաղաքական ուղղվածությունը. ազատական արժեքներ որդեգրած լրատվամիջոց է: Եվ կարծում եմ, որ մեր երկիրն էլ պետք է այդ ուղով գնա: Արժեքային համակարգի առումով մենք համախոհներ ենք, գտնում ենք, որ երկրում պետք է հաստատվի ժողովրդավարություն, դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հարգում, տնտեսության ազատականացում, ազատ տնտեսական մրցակցություն եւ այլն: Այս ուղեգիծն է պահպանում «Առավոտը» եւ այս առումով ինչ-որ տեղ նաեւ քաղաքակրթական աշխատանք է տանում հանրության շրջանում: Կարծում եմ, «Առավոտն» այսօրվա մեր մամուլում գոյություն ունեցող ամենակայացած եւ լավագույն օրաթերթերից է: Մենք որեւէ պրոբլեմ չունենք եւ երբեւէ չենք ունեցել «Առավոտի» հրապարակումների, բովանդակության հետ: Ճիշտ է, մեր մասին էլ են եղել քննադատական հոդվածներ, անձնապես իմ մասին նույնպես, բայց ես դա նորմալ եմ ընդունում: Իհարկե, երբեմն եղել են նաեւ չճշտված տեղեկությունների հիման վրա նյութեր, բայց շատ կարեւոր է, որ միշտ, երբ որւեէ մեկը դիմում է հերքման հիմնավոր փաստերով, թերթը նաեւ այդ հերքումն է տվել: Քննադատական հոդվածներին նորմալ եմ վերաբերվում, քանի որ ԶԼՄ-ն պետք է լիարժեք ազատ գործի, եւ հանրությանը որոշակի արժեքներ ներարկելու միջոցով կարողանա օգտակար լինել հասարակությանը»: Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել