Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑԵՑԻՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մայիս 11,2004 00:00

ԲԱՆԱԿՑԵՑԻՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընդդիմությունը հերթական անգամ հանդիպեց նախագահի ներկայացուցիչների հետ «Ազգային միաբանությունը» եւ «Արդարությունը» երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով փաստեցին, որ համաձայն են քաղաքական բանակցությունների առաջարկվող ֆորմատին (կոալիցիոն 3 քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ՀՀԿ եւ ՕԵԿ, որպես նախագահի ու վարչապետի լիազոր-ներկայացուցիչներ), նաեւ՝ առաջարկեցին քաղաքական բանակցությունների օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2003 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»։ Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել ԵԽ ԽՎ թիվ 1374 բանաձեւի պահանջները, այն է՝ անհապաղ ազատ արձակել կալանավորված անձանց, դադարեցնել վարչական կալանքի պրակտիկան։ Հայտարարությունը փաստում է նաեւ. «Մայիսի 4-ի հանրահավաքի օրը կրկին փակված էին ճանապարհները, եւ շարունակվում էին հանրահավաքի ու երթի մասնակիցների ձերբակալությունները։ Իշխանությունները շարունակում են զրկել ընդդիմությանը՝ հանդես գալ Հանրային հեռուստատեսությամբ, գործողության մեջ է դրվել ԵԽ կողմից «չափազանց սահմանափակող» որակված զանգվածային միջոցառումների մասին օրենքը, մինչեւ օրս չի փոխհատուցվել ՀԺԿ, «Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների գրասենյակների վրա ոստիկանության կողմից իրականացված հարձակման հետեւանքով պատճառված վնասը եւ չեն վերադարձվել ապօրինի առգրավված գույքը եւ արժեքները, ինչը, թերեւս, համապատասխան մթնոլորտ չի ստեղծում բանակցություններ սկսելու համար»։ Այս հայտարարությունը եւ առաջարկները ընդդիմությունը երեկ ներկայացրեց կոալիցիային, նաեւ ՄԱԿ-ին եւ «Ժողպատգամավորին», քանի որ վերջիններս եւս ներկա են լինում ԱԺ նախագահի մոտ հրավիրվող խորհրդակցություններին։ Երեկվա հանդիպումը, բարեբախտաբար, կարճ տեւեց՝ մեկ ժամ 20 րոպե։ Երեկ կոալիցիան, այսուհետ՝ նախագահի եւ վարչապետի լիազորները, երկու օր ժամանակ են խնդրել՝ ընդդիմության առաջարկությանը մանրամասն ծանոթանալու եւ իրենց խոսքը ասելու համար։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մասնավորապես ասաց. «Ընդդիմության համատեղ հայտարարությամբ հստակեցվում է, որ ճանաչում են կոալիցիային։ Վաղը (այսօր) կլինի մեր առանձին կուսակցությունների նիստը, որտեղ մենք կքննենք ե՛ւ առաջարկված օրակարգը, ե՛ւ նախորդ կոնսուլտացիաների ժամանակ ճշտված օրակարգը։ Այնուհետեւ կընտրենք երկուական ներկայացուցիչ, կլինի կոալիցիայի նիստ եւ կոալիցիայի նիստը հստակ ֆորմատով եւ առաջարկվող օրակարգով ընդդիմությանը կներկայացնի իր առաջարկությունները, եւ մայիսի 13-ին մենք կնստենք բանակցությունների։ Այդ բանակցություններին կմասնակցեն նաեւ մեր երկու գործընկերները՝ «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը»։ Լեւոն Մկրտչյանի հավաստմամբ՝ կոալիցիան չի փոխել բանակցությունների իրականացման իր դիրքորոշումը. «Դա կոալիցիայի հետեւողական դիրքորոշումն է։ Ընդդիմության կողմից կոալիցիան իբրեւ բանակցային կողմ ընդունելը համարում ենք դրական քայլ»։ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը ավելի վաղ «Առավոտին» փոխանցել էր հետեւյալը. «Ռ. Քոչարյանի անհեռանկար քաղաքականության հետեւանքը լինելու է այն, որ Հայաստանը ինքնամեկուսացվելու է։ Ոչ մի երկիր Հայաստանի հետ չի բանակցի եւ որեւէ հարց չի քննարկի, քանի որ այսօրվա գլոբալացման գործընթացներում դիկտատորները քշված են պատմության ճամփեզրը»։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ եթե Հայաստանը չի կատարելու ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները, ապա մեղավորը ոչ թե հայ ժողովուրդն է, այլ՝ իշխանությունները. «եւ այդ իշխանությունների վրա ներազդելու ձեւերը կգտնվեն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «Քոչարյանի լիազոր ներկայացուցիչները արդեն ընդունում են, եւ չեն կարող չընդունել, որ երկրում կա ներքաղաքական պրոբլեմ։ Մենք առաջարկում ենք այդ պրոբլեմի լուծման ուղիներ։ Եթե այդ ուղիները իրենց կողմից ընդունելի կլինեն, մենք կշարունակենք բանակցությունները։ Եվ հետո՝ չի կարելի նախագահական անօրինական ընտրություններ կազմակերպողներին եւ անցկացնողներին ու նրանց զոհերին դնել նույն հարթության վրա»։ «Առավոտի» դիտարկմանը՝ թե իշխանություններն ու ընդդիմությունը երկուստեք պարզապես ձեւ են անում, թե ԵԽ ԽՎ-ի պատվերն են կատարում՝ նստելով բանակցությունների կամ կոնսուլտացիաների սեղանի շուրջը, իրականում շատ լավ հասկանալով, որ իրենցից ոչ ոք մի քայլ չի զիջելու դիրքերը, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «ԵԽ ԽՎ բանաձեւում կա ընդդիմությանն ուղղված 3 հիշատակում՝ գործել Սահմանադրության շրջանակներում (որը մենք արել ենք եւ անելու ենք, եւ դա է մեր ուժը)։ Երկրորդը ուղղված է իշխանություններին՝ նույնպես խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են նոր լարվածության հանգեցնել։ Եվ երրորդը՝ նստել բանակցությունների։ Մենք ամենայն անկեղծությամբ փորձում ենք իրականացնել այդ կոչը, գնում ենք դրան, բայց չի նշանակում, որ մեր գնալը ոմանք կարող են ընկալել, որ մենք պատրաստ ենք նահանջելու։ Այդպես չէ՝ մեր պահանջները հստակ են։ Երկրում կա ճգնաժամ, որն առաջացել է նախագահական ընտրություններից հետո։ Ինչպե՞ս լուծել այդ ճգնաժամը։ Մենք ունենք մեր լուծումը եւ բանակցությունների սեղանին դնելու ենք մեր լուծումը»։ «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի կարծիքով, իշխանությունները պետք է բարի կամք դրսեւորեն եւ ապացուցեն, որ պատրաստ են երկխոսության. «ավելին, նույնիսկ որոշ մարդիկ ինչքան էլ կառչած լինեն աթոռներից, բոլորն էլ պետք է հասկանան, որ խնդիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե իրենց շահերին»։ Կոալիցիայի եւ ընդդիմության հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ մայիսի 14-ին միասնական ընդդիմությունը կրկին հրավիրում է հանրահավաքի՝ այս անգամ Մատենադարանի մոտ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել