Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Մայիս 12,2004 00:00

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ Տասը տարի առաջ այս օրը հայ եւ ադրբեջանցի ղեկավարները որոշեցին այլեւս արյուն չհեղել եւ փորձել վիճելի հարցերը լուծել խաղաղ մեթոդներով: Իսկ պատերազմի մասնակիցների մեջ էին նաեւ մեր գործընկերները, որ զենքն ու գրիչը փոխարինում էին հաճախ: Վերջիններիցս երկուսին՝ Շուշանիկ Աբրահամյան-Հայրապետյանին եւ Գրիգոր Բաբայանին խնդրեցինք տասը տարվա հեռվից գնահատել հրադադարի բերած լավն ու վատը, հրադադարի տասը տարիների ձեռքբերումներն ու կորուստները: Շուշանիկ-Հրադադարը պատերազմին վերջակետ դնելու ելքերից մեկն է: Բայց ավարտ չէ: Մենք կարող էինք այն ավարտել հակառակորդի կապիտուլյացիայով: Միայն դրա համար եմ ափսոսում: Այդ դեպքում քաղաքական գործիչներին այսօր անելիք չէր մնա: Մեր թշնամին էլ միամիտ-միամիտ մեր հաղթած պատերազմով մեզ չէր վախեցնի: Եթե իհարկե վախենում ենք: Հիմա սրերի փոխարեն գրիչներն են խաչվում (գրել եմ տասը տարի առաջ): Իրենց միայն կացինն է մնացել: Դրա ճարն էլ ունենք: Հիմա մի աչքը բաց ենք քնում: Զարմանալի են մարդիկ: Պատերազմում՝ այն էլ ազատագրական, հաղթել է մի ժողովուրդ, որին պարտադրվել է եւ պատերազմը, եւ հաղթանակը: Հիմա նրանց ուզածն ինչ է՝ չգիտենք: Նրանք ոչ իրենց Ղուրանն են ըմբռնել, ոչ մեր Աստվածաշունչը, որտեղ համամարդկային օրենք կա՝ արյունով վերցված հողը գրչով ետ չի տրվում: Հայի մեջ այդպիսին չկա այսօր: Տասը տարվա ձեռքբերումները շատ են, համարժեք են նաեւ բացթողումները: Կորուստներ… խոնարհվենք զոհերին: Բացթողումներ ունենք, որոնք կորուստներ չեն: Դրանք կարելի է ուղղել եւ սրբագրել: Դա էլ գալիս է ժամանակի միավորի մեջ մեր չտեղավորվելուց, «նեխած-փթած» կապիտալիզմը չիմանալուց: Ցավում եմ միայն, որ թուլացել է բարեպաշտի մեր երկյուղը եւ դրա համար էլ ջոկ-ջոկ բարձրացանք Ծիծեռնակաբերդ: Ցավում եմ, որ արցախյան ազատագրականը որպես դասաժամ չի մտել հայ դպրոց, որ ազգովի կասկածի խայծը կուլ ենք տվել եւ իրար չենք վստահում: Ես լավատես եմ: Օձի տարում ծնված Ջրհոս: Ուզում եմ, որ ինձ հավատան, նաեւ ժպտալու համար: Գրիգոր-Հրադադարն ավելի շատ ձեռնտու էր Ադրբեջանին: Այն առումով, որ մերոնք հարձակվում էին, մեր գործերը շատ լավ էին: Ադրբեջանական բանակը հուսալքված էր եւ պատրաստ կապիտուլյացիայի: Մեր բանակը հաղթական էր: Կարող էինք Գանձակն էլ գրավել ու այդ դեպքում այլ խոսակցություն կլիներ, որովհետեւ դա ուղիղ ճանապարհ է դեպի Բաքու: Մենք Ադրբեջանը գրավելու խնդիր չունեինք, ուղղակի ռազմական հաջողությունները որոշակի պայմաններ պարտադրելու համար են: Զուտ պատերազմական ռազմավարության առումով, հրադադարը անհեթեթություն էր: Մենք կանգ առանք հենց այն պահին, երբ սկսել էինք թշնամուն ջարդել… 1992-ի մարտն էր: Շուշիի գրավումից երկու ամիս առաջ: Դիրքերից որ նայում էիր՝ Ֆիզուլիի դպրոցի գլխին ռուսերեն գրված էր. «Ֆիզուլին չենք տա թշնամուն»: Բայց դա այն ժամանակն էր, երբ թնդանոթները դրած՝ Հադրութը ավերում էին, իսկ մերոնք պատասխանելու հնարավորություն չունեին: Անգամ այդ դեպքում գիտեին գլխների գալիքը: Հրադադարը որոշակի քաղաքական պայմանավորվածությունների կամ պարտադրվածությունների արդյունք էր, որ խելամիտ որոշում էր ենթադրում, որին մինչեւ հիմա չեն եկել: Ես կարծում եմ՝ պահը բաց թողեցինք: Ի՞նչը կանգնեցրեց, ի՞նչ էին խոստացել, ի՞նչ պարտադրվեց: Եթե 1994-ին ասեին, որ տասը տարի հետո առկախ հարցերն այդպես էլ մնալու են՝ ոչ ոք չէր հավատա: Ինձ թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի քաղաքական կոպտագույն սխալն այն էր, որ հրադադարի կնքումը չուղղորդեցին դեպի ԼՂՀ: Հայաստանը Ադրբեջանի հետ չէր պատերազմում, ԼՂՀ172ն ազատագրական պայքար էր տանում, ինքնորոշվում էր: ԼՂՀ-ի այն ժամանակվա ղեկավարները, որ այսօր Հայաստանի ղեկավարներն են՝ հրադադարի որեւէ փաստաթուղթ ստորագրե՞լ են, Հայաստանն ինչո՞ւ էր հրադադար կնքում, որ տասը տարի հետո մտածեինք, թե էդ ի՞նչ էր, լա՞վ էր, վա՞տ էր, ի՞նչ ստացանք դրանից: Ոչ մի բան էլ չստացանք: Աշխարհը թերեւս կհասկանար այդ էլեմենտար տրամաբանությունը եւ դա Բաքվին կստիպեր թեկուզ ատամները կրճտացնելով կամ թերասածությամբ, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի հետ շփում ստեղծել, կհարկադրեր երկխոսության: Այն, ինչ Բաքուն մերժում էր եւ այն, ինչի վրա թքած ունի զանգակատնից: Էդ էր պակաս, որ Ալիեւի տղեն գնա Արկադի Ղուկասյանի հետ ինչ-որ բան խոսի: Իսկ այն իրավիճակում՝ հնարավոր էր պարտադրել: Ես չգիտեմ հրադադարն ինչ իրավիճակում եղավ: 1994-ին Հայաստանը վատ վիճակում էր, ազդելու շատ լծակներ կային: Հիմա էլ կան: Բայցեւայնպես, հրադադարի կնքումը կարելի էր ուղղորդել Ստեփանակերտ: – Իսկ ստեղծագործող մարդու համար ավելի հեշտ էր պատերազմե՞լը, թե՞ պատերազմը լուսաբանելը: Շուշանիկ-1988-ից եմ զենք վերցրել, մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը եւ վերադարձել լրագրության Շուշիի ազատագրումից հետո: Երեւի այնքան էլ տեղին չէ զենքն ու գրիչը համեմատելը: Զենքը զենքի վայրում օգտագործեցինք, գրիչը՝ գրասեղանի առաջ, նաեւ ծնկի վրա գրեցինք: Զենքի ժամանակ գրչի մասին չէինք մտածում: Հիմա երեւի զենքի մասին չմտածենք: Բայց Աստված չտա՝ պետք լինի. բոլորս ենք պարտավոր զենք բռնելու: Մի օր թերեւս ամբողջացնեմ տեսածս ու ապրածս. ժողովրդին տամ այն ճշմարտությունը, ինչ տեսել եմ: Կվկայեմ այն, ինչ տեսել եմ: Գրիգոր-Այդ իրավիճակում, երբ երեխաների գլխին երկաթ են թափում, հայ տղամարդը չպետք է գրի: Համենայնդեպս, ես չէի կարող: Չորս172հինգ ակնարկ եմ գրել եւ երեւի չեմ էլ գրի: Շատ է անձնական, շատ է ցավոտ: Իմ գրականության նյութը չէ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31