Լրահոս
Օրվա լրահոսը

Պեր Գարթոնը Երեւանում է

Մայիս 13,2004 00:00

Պեր Գարթոնը Երեւանում է Նա երեկ էլ պնդեց ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ԵՄ-ում արած իր ինքնատիպ հայտարարությունները Եվրախորհրդարանի պատգամավոր Պեր Գարթոնը, որը մեզ հայտնի է մասնավորապես ԼՂ կարգավորման առնչությամբ արած իր շատ ինքնատիպ հայտարարություններով եւ ելույթներով, երեկ Երեւանում էր եւ մասնակցում էր «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւանության քաղաքականություն. ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը» թեմայով քննարկմանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, որտեղ որոշում են կայացնում եւ պարտադրում են կատարել», պարոն Գարթոնը պարզաբանեց, որ ի տարբերություն Եվրախորհրդի Եվրահանձնաժողովն իրավասու է իրեն անդամակցած որեւէ պետության կարգադրել ինչ-որ գործողություններ անել եւ հավելեց, թե շատ կարեւոր է իմանալ այդ երկու մարմինների տարբերությունները եւ ԵՄ-ին անդամակցելիս հաշվի առնել դրանք: Մանրամասնելով այդ երկու կառույցների միջեւ եղած տարբերությունները, Պ. Գարթոնը հատուկ շեշտեց. «Եվրախորհուրդն ու Եվրամիությունը տարբեր մարմիններ են, եւ եթե Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, ապա՝ Եվրամիությունն իր հատկանիշներով շատ մոտ է դրան»: Ի դեպ, այս դիտարկմանը, պարզվեց, համաձայն չէ: «Մենք լավ գիտենք, թե ինչ է քաղբյուրո եւ որոնք են դրա հետեւանքները», ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ հավելելով թե՝ Հայաստանը նախընտրել է ոչ թե քաղբյուրոն, այլ եվրոպական կառույցները, Եվրամիությունն ու Եվրախորհուրդը: Ինչ վերաբերում է քննարկման առարկայի շուրջ ծավալված բանավեճին, ապա՝ Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ զեկուցող Պեր Գարթոնը նկատեց, որ թեեւ ԵՄ-ի՝ «Նոր հարեւաններ» ծրագրին այս տարածաշրջանի մասնակցությունը տակավին քննարկման փուլում է, բայց հույսեր կան, որ այդ առնչությամբ ԵՄ որոշումը դրական կլինի: Նրա դիտարկմամբ, Հայաստանը թեեւ աշխարհագրական իմաստով Եվրոպայի կազմում չէ եւ այստեղ լիարժեքորեն ձեւավորված չէ շուկայական տնտեսություն, այդուհանդերձ, քաղաքական իմաստով՝ Հայաստանը Եվրոպայի մաս է, ԵԽ անդամ, նաեւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ծայրահեղ աղքատության երկիր չէ: Իհարկե, Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու նույնիսկ տեսանելի հեռանկար չկա: Եվ, թերեւս, նկատի ունենալով, որ դեպի ԵՄ մեր ճանապարհը դեռ երկար է լինելու, Պ.Գարթոնը նշեց, որ ՀՀ 8211ի ընդգրկումը «Ընդարձակ Եվրոպա» ծրագրում եւս մեկ քայլ է դեպի ԵՄ: Որպես այդպիսի մերձեցման պայման նա մատնանշեց, թե՝ ՀՀ-ն պետք է խաղաղություն եւ համագործակցություն հաստատի իր հարեւան պետությունների հետ եւ զերծ մնա «զավթած տարածքների հայկականացումից», նաեւ բարելավի երկրի իրավիճակը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ բնապահպանության ոլորտներում: Միաժամանակ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին եւ պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին, Պ. Գարթոնը հայտարարել է. «Ես հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ենթակա լինել Բաքվին, եւ կարեւոր չէ, այդ տարածքը պաշտոնապես հանդիսանում է Ադրբեջանի՞ մասը, թե՞ Հայաստանի»: Զեկուցողը նշել է. «ԼՂ հակամարտության լուծումը ոչ թե անկախության հռչակման մեջ է, այլ երկրների միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ երկրի ներքին քաղաքականությունում ինքնաբավարարության մեջ է»: Այդուհանդերձ, նա եւս մեկ անգամ պնդել է իր արդեն հայտնած այն տեսակետը, թե՝ «Հայաստանը պետք է մասամբ հանի իր զորքերը ԼՂՀ-ից՝ Հայաստան-Ադրբեջան երկաթգծի բացման դիմաց»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել