Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԵՐԵԼ ԵՆ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Մայիս 19,2004 00:00

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԵՐԵԼ ԵՆ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ Սա հստակ կարելի է ասել «Հանրապետության» գրասենյակում մինչեւ ապրիլի 12-ի գիշերը պահվող պանրի եւ երշիկի պաշարների մասին: Կուսակցական գրասենյակներից տարված այլ իրերի ճակատագիրը պակաս կռահելի է: Ընդդիմադիր 3 կուսակցություններ դիմել էին դատախազություն՝ խնդրելով գործ հարուցել իրենց գրասենյակների վրա գրոհի առնչությամբ, պատասխանատվության կանչել մեղավորներին եւ վերջապես վերադարձնել առգրավված իրերը: Հայտնի է, որ դիմումներին պիտի պատասխան տրվի մեկամսյա ժամկետում: Սակայն մինչ այժմ միայն հայտնի է, որ այս դիմումները կցվել են «Արդարության» դեմ հարուցված քրգործի նյութերին: Մեր հարցին, թե ի՞նչ արձագանք կա իրենց դիմումի կապակցությամբ, արդյոք վերադարձվե՞լ են Ստեփան Դեմիրճյանի մարզային այցելությունները պատկերող տեսաերիզները, մոնիտորը եւ առգրավված այլ իրեր՝ ՀԺԿ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանը պատասխանեց. «Ոչի՛նչ չի վերադարձվել: Թեեւ կան բաներ, որ անհնար էլ է վերադարձնել՝ փչացվել են բազմաթիվ փաստաթղթեր»: Մեր հարցին՝ որքա՞ն են գնահատում պատճառված վնասը, եւ արդյոք պահանջե՞լ են փոխհատուցում, պրն Մինասյանը պատասխանեց. «Միայն նյութական վնասով գնահատելը սխալ կլինի: Սթրեսային վիճակը, հասցված ահռելի բարոյական վնասն, ինձ թվում է, անգնահատելի է եւ անվերականգնելի»: «Ազգային միաբանության» ղեկավարները գլխավոր դատախազին մայիսի 18-ին հասցեագրված դիմումում հիշեցրել են, որ իրենց գրասենյակի խուզարկությունն իրականացվել է «կուսակցության հետ կապ չունեցող անձանց ձեւական ներկայությամբ, առգրավվել են անձնական սեփականություն հանդիսացող բազմաթիվ իրեր եւ արժեքներ»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանը հայտնեց մեզ, որ չեն վերադարձրել ո՛չ առգրավված շուրջ 10 հազար դոլարը, ո՛չ համակարգիչները եւ այլն. «Եվ ոչ միայն ոչինչ չեն վերադարձրել, այլ անգամ լուր էլ չունենք, թեեւ, ե՛ւ հայտարարություն ենք արել Ազգային ժողովում, ե՛ւ դիմել հարցումներով: Առգրավված իրերն այնպիսի իրեղեն ապացույցներ չեն, որ որեւէ նշանակություն ունենային գործի համար՝ այսինքն, ուղղակի անիմաստ պահում են իրենց մոտ»: Սա առավել տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ ԱՄ որոշ անդամներ դատախազությունում հարցաքննվում են վկայի կարգավիճակով՝ ոչ կասկածյալի: «Հանրապետություն» կուսակցությունը դեռ ապրիլի 21-ին է դիմել գլխավոր դատախազին՝ հայտնելով իրավապահների գործած ապօրինությունների մասին: Իրավաբան Նորիկ Եղիազարյանը, որ այդ դիմումի հեղինակն է՝ պնդեց իր նշած փաստարկները, թե խուզարկությունն ընթացել էր ՀՀ քր.դատ.օր.-ի բազմաթիվ դրույթների կոպիտ ոտնահարումներով: Եվ մասնավորապես՝ «Խուզարկությունը կատարվել է առանց կուսակցության պատշաճ ներկայացուցչի (227 հոդ, 4-րդ կետ): Քննիչն իր հայեցողությամբ բերման ենթարկվողների թվից ընտրել եւ ստիպողաբար խուզարկությանը մասնակից է դարձրել կուսակցությունում որպես հեռախոսավարուհի աշխատող Գոհար Յանիկյանին»: Հայտնեց, թե գրավոր բացատրություն է վերցրել հեռախոսավարուհուց, եւ նա մեկնաբանելով, թե ինչու են հատկապես իրեն դարձրել լիազոր ներկայացուցիչ, պատմել է՝ «Ըստ երեւույթին, ես ամենավախեցածն էի, քանի որ այդ ժամանակ բարձրաձայն լաց էի լինում»: Շարունակենք մեջբերել դատախազությանը հղված դիմումից. «Գոհար Յանիկյանին եւ քննչական գործողությանը մասնակից ընթերականերին չեն պարզաբանվել նրանց իրավունքները… Խուզարկությանը մասնակցած անձանց չի ընձեռվել խուզարկության արձանագրությանը հանգամանորեն ծանոթանալու եւ այնտեղ թվարկված իրերի ու փաստաթղթերի ցանկը փաստացի վերցվածների հետ համեմատելու հնարավորություն… Քննիչը, խախտելով ՀՀ քր.դատ. օր.-ի 231 հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ խուզարկության արձանագրության պատճենը չի հանձնել իբրեւ ներկայացուցիչ ներգրավված Գ. Յանիկյանին: Դրա հետեւանքով՝ առայսօր մենք չգիտենք, թե խուզարկության արդյունքում ինչ իրեր են վերցվել եւ ինչերն են պարզապես թալանվել»: Նորիկ Եղիազարյանը հավելյալ նշում է, թե գրասենյակից տարել են այնպիսի իրեր (հեռախոսի ապարատ, տեսախցիկ, աթոռներ, բաճկոն, սննդամթերք եւ այն), որոնք հազիվ թե որեւէ արժեք ներկայացնեին գործի քննության համար: Եվ քանի որ գրասենյակը մի քանի օր մնացել է ոստիկանների պահպանության ներքո՝ բացառված չէ, որ իրերն «անհետացել» են այդ ընթացքում: Ավելորդ է նշել, որ «Հանրապետությանն» էլ մինչ այսօր չի վերադարձվել որեւէ իր: «Տարել են կուսակցության ամբողջ գործավարությունը,- ասում է պրն Եղիազարյանը:- Այսօր «Հանրապետությունը» որպես իրավաբանական անձ հնարավորություն չունի, ի վիճակի չէ գործունեություն իրականացնել»: Դատախազությանը դիմումից հետո հարցաքննվել են Ալբերտ Բազեյանը եւ Նորիկ Եղիազարյանը: Մինչդեռ «Հանրապետությունը» դատախազությանը համոզմունք էր հայտնել, թե իրավապահներն ապրիլի 13-ի գիշերը դիտավորությամբ կատարել են բացահայտ հակաիրավական գործողություններ. «Այդ գործողություններում առկա են միջազգային իրավունքի նորմերով, ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով պաշտպանվող եւ ըստ ՀՀ «Քրեական օրենսգրքի» պատժելի՝ անձի կյանքի, առողջության, ազատության, պատվի ու արժանապատվության, մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների, սեփականության իրավունքների, պետական ծառայության ու արդարադատության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունների անհերքելի հատկանիշներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31