Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ՞ՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎԵԼ

Մայիս 19,2004 00:00

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ՞ՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎԵԼ Գյուղատնտեսական քաղաքականության բնագավառում կատարվող փոփոխությունների թեմայով զրուցեցինք երկրում 90-ականների տնտեսական բարեփոխումների հիմնական գաղափարախոսի՝ վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: – Մյուս բնագավառների հետ միասին, առաջինը ձեր ժամանակ նախաձեռնվել էր գյուղատնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Ինչպե՞ս այն ընթացավ եւ ի՞նչ վիճակում ենք այսօր։ – Ի սկզբանե Հայաստանի ընտրած ճանապարհը մանր գյուղացիական տնտեսությունների կոնցեպտն էր: 330 հազար գյուղացիական տնտեսություններում աշխատում է 580 հազար մարդ: Սա զբաղվածության ամենամեծ ոլորտն է, այսօրվա վիճակով այն տալիս է ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսը: 1995- 2004 թթ. տեղի ունեցավ հողային ինստիտուտի լուրջ էվոլյուցիա: Այսօր բոլորովին վերացել են սեփականաշնորհումից հետո դեռեւս պահպանվող կոլեկտիվ գյուղացիական տնտեսությունները (1200 կոլեկտիվ տնտեսություն կար): Սակայն տեղի է ունենում հողակտորների խոշորացման գործընթաց՝ ի հաշիվ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսությունների կրճատման: Այդ խոշորացումը, իհարկե, սկզբից էլ ենթադրվում էր։ Սակայն միշտ առկա է դրա աստիճանի հարցը։ Տնտեսության չափերի հետ կապված՝ արդյունավետության ցուցանիշը խստորեն հարաբերակցում է տվյալ երկրի առանձնահատկությունների հետ: Ամեն մի երկիր պարտավոր է գտնել իր ճիշտ ճանապարհը: Ես, օրինակ, կարծում էի, որ Հայաստանում խոշորացման արդյունքում շուրջ 300 հազար գյուղացիական տնտեսություններին ի վերջո կփոխարինի մոտ 65-70 հազարը, որոնցից յուրաքանչյուրը կունենա միջինը 3-10 հա մշակովի հողեր: – Խոշորացումը, դուք եւս ասացիք՝ նորմալ երեւույթ է համարվում: Ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ ճանապարհներով է կատարվում դա: 172 Վերջին տարիների փորձը, հատկապես 2001 թ. հողային օրենսգրքի ընդունումից հետո, ինձ մտահոգություն է պատճառում: Նախ, ստեղծվել է հողի ինստիտուտի նկատմամբ քաղաքական հսկայական ճնշում: Գյուղեր ունենք, որտեղ պարզապես պահուստային հողերի կուսակցական բաժանում է կատարվել: Մինչեւ 98 թվականը նման բան չկար: Ի սկզբանե հասկանալով հողակտորների որոշակի խոշորացման անխուսափելիությունը, ես բոլորովին այն այսպես չէի պատկերացնում, ինչ այսօր է տեղի ունենում: Հայաստանում ակնհայտ է, որ պետք է տիրապետի ընտանեկան աշխատանքի վրա հիմնված փոքր գյուղացիական տնտեսությունը, որն արտադրում է էլիտար արտադրանք: Բազմաթիվ հետազոտություններում ես ցույց եմ տվել, որ ընդհանրապես որոշակի սահմանից այն կողմ խոշորացված տնտեսությունները բոլորը վնասաբեր են: Իսկ եթե խոշոր տնտեսությունը ստեղծվում է հայտնի գործարարների համար (կամ օլիգարխի, ինչպես սիրում են անվանել, որ ես չեմ ընդունում), ապա այդտեղ ավելի շատ քաղաքականություն է աշխատում, քան տնտեսական մեխանիզմ կամ մենեջմենթ: Որպես կանոն, օգտագործվում է դիրքը իշխանությունում, չեն մուծում հարկերը, վարձերը կամ իրենց արտոնություններ են շնորհում: Շատ դեպքերում հողակտորները վաճառում են իրենք՝ գյուղացիները, դա նրանց սեփականատիրական իրավունքն է: Բայց պետության կողմից հողային քաղաքականությունը պետք է այնպես տարվի, որպեսզի այս հսկայական հատվածը միանգամից չներխուժի քաղաք՝ սրելով այնտեղի առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը: Գյուղում հողազուրկ գյուղացին ամենամեծ պրոբլեմն է: Հայտնի է, միշտ հողազուրկ գյուղացին է եղել հերթական սոցիալիստական հեղափոխության ոգեկոչողը: 172 Խոսեցիք 2001 թ. հողային օրենսգրքի մասին։ Դա ո՞ր ուղղությամբ է փոխում իրավիճակը։ 172 Չնայած այս օրենսգիրքը որոշակի առաջխաղացում է 1990 թվականի նախկին հողային օրենսգրքի նկատմամբ, այնուամենայնիվ կիրարկման տեսակետից 90-ականների սկզբի գործընթացները շատ ավելի դեմոկրատական էին այսօրվա համեմատ: Կուսակցություններին կամ խոշոր հողատերերին գյուղապետարանների կողմից հողի հատկացումը շատ հաճախ կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով: Չի ապահովվել, ասենք, բաց աճուրդի եղանակը, չեն պահպանվել օրենքով նախատեսված նվազագույն առավելությունները համայնքի անդամների համար, համապատասխան որոշումներ չեն կայացվել կամ չեն հրապարակվել եւ այլն, եւ այլն: (շարունակելի) ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել