Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրակի եւ երկուշաբթի ես կարոտում եմ «Առավոտը»

Մայիս 19,2004 00:00

«Կիրակի եւ երկուշաբթի ես կարոտում եմ «Առավոտը» Մեր թերթի 10-ամյա հոբելյանի առթիվ «Առավոտի» մասին իր կարծիքն է արտահայտում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Իմ առավոտները ես սովորաբար սկսում եմ «Առավոտով»: Թերթում ինձ համար գտնում եմ երեք տիպի հետաքրքրություն՝ ծանոթանում եմ եղած ինֆորմացիային, հետաքրքրվում եմ վերլուծական բնույթի հոդվածներով, եւ հումորով եմ վերաբերվում այն հոդվածներին, որոնց մեջ հումոր կա: Իսկ «Առավոտում» հումորը միշտ տեղն է: «Առավոտի» դրական գծերից է այն, որ նա փորձում է միշտ հավասարակշիռ դիրքերից ներկայացնել դեպքերն ու իրադարձությունները: Այսինքն, ամեն ինչ փորձում է ցույց տալ ոչ թե սեւ ու սպիտակ, այլ՝ բոլոր նրբերանգներով: Բայց, ցավոք, դա միշտ չի, որ հաջողվում է: Շատ կարեւոր է, որ թերթում բոլորը փորձում են ոչ թե միանշանակ դատապարտել կամ գովերգել որեւէ իրադարձություն կամ երեւույթ, այլ՝ հասկանալ այդ երեւույթը բազմակողմանիորեն: Դա համարում եմ «Առավոտի» առավելություններից, քանի որ թերթը միշտ իր ընթերցողների մոտ կոնֆլիկտ է առաջացնում: Երբ հոդվածը մտորման տեղիք է տալիս, քո մեջ կոնֆլիկտ է ստեղծում, դա արդեն կարեւոր է, անկախ այն բանից, թե դու ո՞ր կողմից ես, եւ այդ կոնֆլիկտը ինչպե՞ս է քեզ առնչվում: Ես անձամբ հաճախ համաձայն չեմ լինում «Առավոտի» գլխավոր խմբագրի տեսակետների հետ, որոնք նա արտահայտում է առաջնորդողներում: Դա էլ է «Առավոտի» առավելությունը, որ համաձայն չլինելով խմբագրի հետ, ցանկացած մեկն իր կարծիքն արտահայտելու տեղ է ունենում, ինչպես՝ ես: Կուզեմ, որ հումորի մեջ ցինիզմ, ավելի շուտ վիրավորանք չլինի, որովհետեւ դա «Առավոտին» չի սազում, դա ուրիշ թերթի ոճ է: Վիրավորանքը թույլի զենքն է: Թերթը կարդում եմ ամենասկզբից մինչեւ վերջին աստղագուշակները: Սիրում եմ 1-ին էջը, 2-ը, 3-ը: Սկսած չորրորդ էջից՝ սիրում եմ կարդալ սուր թեմատիկ նյութեր, անկախ այն բանից՝ մշակութային է, թե սոցիալական: «Առավոտում» թեմատիկ նյութերում երբեմն նկատելի է մակերեսային մոտեցում, իսկ ոչ խորքային վերլուծությունը բերում է հերքումների: Հաճույքով եմ կարդում մարզական բաժինը: «Առավոտին» պակասում է մարզային ինֆորմացիան, «Առավոտը» մայրաքաղաքային թերթ է: Բացասական գծերից է նաեւ, որ էջերը քիչ են: Կուզեի էջերը շատ լինեին: Իսկ ընդհանրապես, կարոտում եմ «Առավոտին» կիրակի եւ երկուշաբթի օրերին»: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել