Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՎԵՐՋԱՆԱԼ ԲԱՔՈՒ ՄՏՆԵԼՈՎ»

Մայիս 20,2004 00:00

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՎԵՐՋԱՆԱԼ ԲԱՔՈՒ ՄՏՆԵԼՈՎ» Կարծում է պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հրադադարի տասնամյակի ֆոնին մեր երկրում կրկին տեսակետներ հնչեցին, որ հրադադարը ձեռնտու էր ավելի շատ Ադրբեջանին, քան Հայաստանին։ Այդ միտքը հիմնավորվում է նրանով, որ զինադադարը կնքվեց այն պահին, երբ ադրբեջանական բանակի ողնաշարը կոտրված էր, իսկ հայկական բանակը հաղթականորեն առաջ էր շարժվում։ Ի՞նչ եղավ իրականում, ի՞նչ խոստացվեց կամ պարտադրվեց։ Այս հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք 1992-93թթ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանից։ «Այսպիսի հարցադրումներ միշտ եղել են, բայց, ըստ իս, դրանք ճիշտ չեն։ Օրինակ, երբ վերցվեցին Շուշին եւ Լաչինը, այդ ժամանակ, ի դեպ, բանակը դեռ ձեւավորված չէր եւ ամեն ինչ կամավորական ջոկատների մակարդակով էր կատարվում, մեղադրանքներ կային, թե ինչու Քելբաջարն էլ չվերցվեց։ Բայց ռազմական ռեսուրսը չէր բավականացնում, նաեւ քաղաքական համարձակություն էր պետք՝ դուրս գալ Լաչինի եւ Ղարաբաղի տարածքներից (ի դեպ, այդ շրջանում դեռ ե՛ս չէի պաշտպանության նախարարը)։ Այդ վիճակը մնաց, հետո մենք սկսեցինք կորուստներ կրել՝ Շահումյանը, Մարտակերտը, շատ ծանր վիճակում էր Լաչինը։ Ստիպված եղանք մահապարտների ջոկատին դիմել, որը կարողացավ ռազմաճակատի մի գիծ պահել, առաջ գնալ։ Բայց հարցը չէր լուծվում։ Այնուհետեւ սկսվեց ռազմական գործողությունների նոր փուլ։ Ես արդեն պաշտպանության նախարար էի։ Զուգահեռաբար բանակը մեծ թափով ձեւավորվում էր։ Վերցրինք Քելբաջարը, Մարտակերտը, զորքը սկսեց շարժվել առաջ՝ դեպի Ֆիզուլի ու Աղդամ։ Այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի բանակի ողնաշարը կոտրված էր։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին էր, որ ինչքան ուզեինք՝ կկարողանայինք առաջ գնալ։ Նույնիսկ ես կեսկատակ-կեսլուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանին ասում էի՝ դու ապահովիր քաղաքական լուծումները, մինչեւ Կիրովաբադ կհասնենք։ Այդ ժամանակ Ադրբեջանի այդ խուճապահար մթնոլորտում հնարավոր էր ոչ թե զինադադարի պայմանագիր կնքել, այլ ինչ-որ մի վերջնական լուծում տալ ԼՂՀ-ի խնդրին։ Համենայնդեպս, որպես պաշտպանության նախարար, իմ տպավորությունն այդպիսին էր։ Բայց համաշխարհային քաղաքականության տեսակետից մենք բավականին հարվածներ էինք ստանում։ Իրենց համար շատ անսպասելի երեւույթ տեղի ունեցավ։ Տարածքներ էին վերցվում, որոնք համաշխարհային հանրության կողմից համարվում էին բուն ադրբեջանական։ Այդտեղ հարցը ոչ թե ռազմական էր, այլ քաղաքական։ Կասկածելի է, բայց միգուցե հնարավոր էր այդ ժամանակ մի բան անել։ Վիճակը ինչ-որ կերպ հանդարտվեց եւ պահպանվեց։ Բանակցությունները, սակայն, որեւէ արդյունք չէին տալիս։ 6-8 ամիս հետո Ալիեւը նոր հարձակում սկսեց, որը մեզ համար շատ ծանր էր։ Մենք դրան ոչ հոգեբանորեն էինք պատրաստ, ոչ էլ ռազմական առումով։ 1994-ի հարձակմանը, որը տեղի ունեցավ Օմարի լեռնանցքում, Հայաստանն ավելի շատ կորուստներ ունեցավ, քան նախորդ ողջ ժամանակաշրջանում։ Ես արդեն պաշտպանության նախարար չէի, բայց պետք է ասեմ, որ մերոնք շատ լավ դիմադրեցին։ Զինադադարը մեծ օգուտ էր Հայաստանի համար։ Զինվորը կարող է դա չհասկանալ։ Նա մտածում է, որ դիմացն ազատ է եւ ինքը դեռ կարող է առաջ գնալ, ինչո՞ւ են իր հետեւում պայմանագիր կնքում։ Բայց հասկանալի է, որ պատերազմը չէր կարող վերջանալ Բաքու մտնելով եւ կապիտուլյացիա թելադրելով։ Խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվեր, ուստի զինադադարը հավասարապես օգտակար էր Ադրբեջանին եւ Հայաստանին։ Հարցն այն է, որ զինադադարից հետո Ադրբեջանն իր ուժերը ներդրեց տնտեսության զարգացման վրա՝ օգտագործելով իր նավթային հնարավորությունները, իսկ Հայաստանը չօգտագործեց այն հսկայական մարդկային, համաշխարհային կապվածության ռեսուրսները, մեր ժողովրդի շնորհքը։ Մարդկանց մի խումբ ուղղակի լավ փող աշխատեց ու վերջ։ Այդ առումով զինադադարից հետո ժամանակը հօգուտ Ադրբեջանի աշխատեց։ Ամփոփելով ասվածը, հետեւյալ գնահատականները կարող եմ տալ։ Ռազմական բոլոր գործողությունները՝ գումարային առումով, միշտ շատ դրական արդյունք են տվել։ Համաշխարհային հանրության հետ կապված բանակցությունները՝ ՄԱԿ, Եվրամիություն եւ այլն, կատարվել են բավականին լավ։ Որովհետեւ 20-րդ դարի վերջի համար՝ ընդունված ուրիշի տարածքում (պատմականը մի կողմ թողնենք) ռազմական գործողություններ անել, տարածք վերցնել եւ համաշխարհային հանրությունից հարվածներ չստանալն արդեն շնորհք է։ Մեր դիվանագիտությունն այդտեղ մեծ հաղթանակ է ունեցել։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, կարծում եմ, ավելի լավ հնարավորություններ ունեինք։ Ադրբեջանի համար խուճապային վիճակներում ուղիղ բանակցությունների, սպառնալիքի միջոցով կարելի էր առավել արդյունքների հասնել։ Ժամանակը կաշխատի հօգուտ նրա, ով ճիշտ ներքին քաղաքականություն կտանի։ Այստեղ մենք հսկայական կորուստներ ունենք»։ Պատրաստեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել