Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻՎԸ» ՃԱԽՐՈՒՄ Է

Մայիս 21,2004 00:00

«ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻՎԸ» ՃԱԽՐՈՒՄ Է Ծանոթանալով իշխանական լրատվամիջոցների վերջին օրերի հրապարակումներին՝ մոսկվաբնակ Արամ Կարապետյանի, նույն ինքը՝ «Փարաքարի արծիվի» երեւանյան հյուրախաղերի մանրամասներին, առաջինը, որ աչքի է զարնում, այն է, թե ինչ աստիճանի թուլացած վիճակում են հայտնվել պարոններ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, եթե դիմում են անհասկանալի բնակավայր ու գրանցում ունեցող, փեշերն արդեն վառված Արամ Կարապետյանի ծառայություններին։ Վերջինս պարբերաբար, տարբեր հեռուստաալիքներով հանգստացնում է հայ ժողովրդին՝ ասելով, որ լինի դա պաշտոնական Մոսկվան, Թբիլիսին, Վաշինգթոնը կամ Բրյուսելը, իսկ վերջերս՝ նաեւ Թեհրանը, առանց իր հետ խորհրդակցելու՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ոչ մի բախտորոշ որոշում չեն կայացնում։ Բա, սիրելի իմ ժողովուրդ։ Հիմա էլ նորօրյա քաղաքական Ֆիգարոն ստանձնել է մի «անշնորհակալ» աշխատանք՝ փրկել օրըստօրե էլ ավելի սուզվող Քոչարյան-Սարգսյան իշխանական նավը՝ հերոսաբար վերցնելով կրակը իր գեոպոլիտիկ (եւ ոչ միայն) կենտրոններից սնվող լայն ուսերի վրա։ Բնականաբար, մեր քաղաքական կազաչոկը այս պայքարում մենակ չէ. անշուշտ՝ նրան սատարում են «առավել օբյեկտիվությամբ» աչքի ընկնող «Հայլուրը», պրն Ս. Սարգսյանի հոգեւոր զավակ172խոսափող հանդիսացող հայտնի թերթը եւ նույն իշխանական աղբյուրից սնվող այլ լրատվամիջոցներ։ Ինչո՞ւ է դատի տվել Արամ Կարապետյանը Արտաշես Գեղամյանին եւ Ալեքսան Կարապետյանին։ Պարզվում է, որ վերջինս գործել է մի մեծ մեղք՝ ասելով մամուլի էջերում, որ Արամ Կարապետյանը քրեորեն պատժվելիք հանցագործություն է կատարել, այն է՝ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու։ Երեք ամիս անց այդ հանցանքը բացահայտելիս թե ինչու ԿԸՀ-ն վերջինիս դատի չտվեց, եթե, իրոք, նա անկեղծ ու վճռական էր իշխանություններին հղած իր սպառնալիքների մեջ՝ «թափ տալ» եւ «Փարաքարը փակել», մեզ՝ սովորական մահկանացուներիս, մնում է անհայտ։ Չնայած չար լեզուներն ասում են, որ անձամբ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է զանգել այն ժամանակվա ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանին եւ խնդրել Արամի համար։ Այդ դրվագով՝ պրն Արամ Կարապետյան, ես էլ եմ հակված Ձեզ ստախոս համարել։ Սպասում եմ Ձեր հերթական հայցադիմումին՝ արդեն ինձ դատի տալու պահանջով, առավել եւս, որ դա համահունչ է իշխանությունների ցանկություններին։ Արտաշես Գեղամյանը մեր կուսակցության ղեկավարն է, իմանալով, որ հոդվածով հանդես եմ գալու, հուշեց, որ պահանջեմ Ձեզնից, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական լրջագույն խնդիրները լուծելիս մի պահ կանգ առնեք եւ, չխնայելով Ա.Գեղամյանին, հայտարարեք Ս. Սարգսյանի կողմից Ձեզ տրամադրված «նոր» հերյուրանքների մասին, դրանք, ի դեպ, արդեն ամիսներ շարունակ պարբերաբար հրապարակվում են իշխանական ԶԼՄ-ների միջոցով։ Մինչ նոր բացահայտումներ անելը, ինքներդ Ձեզ հարց տվեք՝ եթե Գեղամյանի գործողությունների մեջ լինեին օրենքով պատժվելիք հարցեր, էդ ո՞ր խաչից է, որ իշխանությունները բաց են թողնում նման պատեհ առիթ եւ իրենք չեն դատի տալիս Ա.Գեղամյանին, այլ Ձեր՝ քաղաքական սոխակի շուրթերով են այս անգամ հրամցնում դրանք ժողովրդին։ Ինչ վերաբերում է վերջերս Ձեր բազմաթիվ հոդվածներից մեկում արտահայտած վիրավորվածությունն առ այն, որ Արամ Կարապետյանին անվանել ենք Հայաստանում ներդրված օտարերկրյա գործակալ, ապա այստեղ էլ եմ ուզում հիասթափեցնել Ձեզ, հայտնելով, որ այդ տեղեկատվությունը հրապարակված է եղել «Տարեգիր» Էլեկտրոնային թերթի 2004թ. մարտի 13-ի «Արդյոք չե՞նք կորցրել մեր անդառնալի հնարավորությունը» վերտառությամբ հոդվածում, որտեղ քաղաքագետ Հրաչ Գալստյանը ուղղակիորեն (ձեռքս կոտրվեր չգրեի) Ձեր՝ մեր հերոսի մասին ասել էր. « … Արամ Կարապետյանն, ըստ էության, քաղաքական գործիչ չէ, ուր մնաց ընդդիմադիր քաղաքական գործիչ լիներ։ Նա Ռուսաստանի ազդեցության գործակալ է Հայաստանում։ Ես դժվարանում եմ Արամ Կարապետյանին համարել ՀՀ քաղաքացի»։ Ասվածը այնքան դիպուկ էր, որ հիշատակվել էր նաեւ մարտի 19-ի «Առավոտ» օրաթերթում՝ «Շնագայլի պես չվազենք Ռուսաստանի ետեւից» հոդվածում։ Այս հարցում, ինչ խոսք, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, որ Արամ Կարապետյանին, մեր հոգեհարազատ «չվահյուր թռչնակին», չենք վերցրել պաշտպանության ներքո։ Կարծում ենք, որ կարդալով այս, անհապաղ դատի կտաք նաեւ Ձեզ ազդեցության գործակալ համոզիչ գնահատականը տվողներին։ Դրանից, հավատացնում եմ՝ Ձեր բարոն Մյունհաուզենի կերպարին գործ տվողի պիտակ չի կպչի (եթե որեւէ մեկը հանդգնի Ձեզ գործ տվողի պիտակ կպցնել, ապա մենք էլ կընդվզենք ի պաշտպանություն Ձեզ)։ Քանիցս մեծահոգաբար ավետում եք, որ գնալու եք մինչեւ վերջ. մնում ենք համբերատար սպասող այդ վերջին օրվա ճշգրիտ ժամկետի նշմանը, որպեսզի այդ օրը որեւէ բախտախնդիր չհետեւի Ձեր անցյալ տարվա խրոխտ կոչին ու հանկարծ Փարաքարը չփակի … Մի դիտարկում եւս. բոլոր հարցերում չէ, որ համամիտ չեմ Ձեզ հետ։ Դուք իրապես Ռ. Քոչարյանից, Ս. Սարգսյանից հետո երրորդ ուժն եք, որը փորձում է հետաձգել այն բաղձալի օրը, երբ մեր ժողովուրդը Ձեր սիրած Փարաքարով նույն ուղղությամբ կճանապարհի բոլորիդ։ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել