Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏՆՕՐԵՆ ՊԱՏԺՎԵԼ Է

Մայիս 21,2004 00:00

ԵՐԿՈՒ ՏՆՕՐԵՆ ՊԱՏԺՎԵԼ Է Հատուկ դպրոցի երեխաներին դաստիարակում է՝ ով պատահի Դեռ մի քանի ամիս առաջ, վկայակոչելով ձմռանը ԿԳ նախարարության կողմից անցկացված ստուգումների արդյունքները, մենք անդրադարձել էինք մի քանի հատուկ դպրոցներում առկա որոշ թերությունների: Երեւանի հենաշարժական խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի մասին նախարարության ստուգող հանձնաժողովը, մասնավորապես, արձանագրել է հետեւյալը. «Շտկողական պարապմունքներն ընդգրկված են ուսպլանում եւ ձեւական բնույթ են կրում: Դպրոցում գործող 4 մեթոդմիավորումների աշխատանքները բարեփոխման կարիք ունեն: Դրանց գործունեությունը կրում է ֆորմալ բնույթ եւ չի նպաստում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Լուրջ բացթողումներ կան մատենավարության գործընթացում: Ուսուցիչներից 6-ը ունեն ոչ մանկավարժական մասնագիտական կրթություն, որոնցից 3-ը միջնակարգ կրթությամբ ոչ մասնագետներ են»: Այս ամենը օրերս հաստատեցին նաեւ հիշյալ դպրոցից կրճատված մի խումբ ուսուցիչներ: Ըստ նրանց դպրոցի տնօրենն ու իր մի քանի համախոհները, սեփական դիրքը չարաշահելով, օգտվում են դպրոցին տրամադրվող «բարիքներից», իսկ ստուգումներ այստեղ երբեւէ չեն լինում: Կրճատված ուսուցիչները պատմում էին, որ դպրոցում այժմ դասավանդում են ոչ մասնագետներ (նշված են կոնկրետ անուններ), եւ ոչ ոք չի ստուգում ուսուցման ծրագրերի որակը: Դիմելով ԿԳ նախարարին՝ ուսուցիչները հույս են հայտնում, որ «գոնե մեկ անգամ կստուգվի այդ դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը, կբացահայտվեն աշխատավարձի ցուցակների մեռած հոգիները, գոյություն չունեցող «գիշերող» երեխաների թիվը, ճաշացուցակների ուռճացված թվերը, դպրոցում բացակայող ուսումնական պրոցեսը»: Այս առիթով զրուցեցինք թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանի հետ: Նա ասաց, որ ուսուցիչները աշխատանքից ազատվել են, որովհետեւ եղել են թոշակի տարիքի՝ 67-78 տարեկան, իսկ ազատման մյուս պատճառն էլ դպրոցում երեխաների թվի կրճատումն է: Ինչ մնում է ոչ մասնագետ ուսուցիչներին, ապա տիկին Հարությունյանը հաստատում է, որ կան ոչ բարձրագույն կրթությամբ մանկավարժներ եւ նաեւ մեկ կադր՝ երաժշտական ուսումնարանից, որը երաժշտության մի քանի ժամից բացի՝ դաստիարակչական դասեր է տալիս երեխաներին: Ա. Հարությունյանին հիշեցրինք նաեւ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները՝ կապված հումանիտար օգնությունների բաշխման հետ: Տնօրենն այստեղ էլ համաձայն չէ ստուգող հանձնաժողովի հետ եւ ասում է, որ «ընդամենը կես կիլոգրամ չամիչի պատմություն է եղել»: Ընդհանրապես Ա. Հարությունյանը նախարարության կազմած եզրակացության ոչ մի կետի հետ էլ համաձայն չէ: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, իր դպրոցում նախարարությունը էական խախտումներ չի արձանագրել, եւ եղածների վերաբերյալ էլ «նախարարությունում քննարկումներ են եղել, անցել-գնացել է, արտառոց ոչինչ չկա»: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք ամեն ի՞նչ է «անցել-գնացել»: Պրն Ղուկասյանը մեզ տեղեկացրեց, որ խախտումներ իսկապես արձանագրված են: Իսկ տիկին Հարությունյանը պատժվել է՝ խիստ նկատողությամբ: Նման պատժի է ենթարկվել նաեւ «Օլիմպոս» հատուկ կրթահամալիրի (որին եւս անդրադարձել ենք) տնօրենը: Վարչության պետը հավաստիացրեց, որ հատուկ հանձնարարականներ եւ որոշակի ժամանակ է տրվել՝ իրավիճակը կարգավորելու համար՝ եւ ոչ միայն այդ դպրոցներին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել