Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԱՄԻՏ ԶԱԶՐԱԽՈՍՈԻՒԹՅՈՒՆ

Մայիս 21,2004 00:00

ՉԱՐԱՄԻՏ ԶԱԶՐԱԽՈՍՈԻՒԹՅՈՒՆ «Իրավունք» շաբաթաթերթը իր «Հետաքննություն» հավելվածի այս տարվա երկու համարներում (թիվ 5 եւ 6) ընդարձակ հրապարակում է արել, որի հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի այժմ ամերիկաբնակ կնոջ՝ Սոնա Տիգրանյանի հոդվածը՝ տպագրված… հինգ տարի առաջ Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթում: Հազարամյա իմաստուն խորհուրդ է. «Նայիր ինքդ քեզ եւ չափազանց զգույշ եղիր»: Սակայն այս խորհրդին անսալու համար անհրաժեշտ է խելամիտ լինել եւ գոնե մի որոշ չափով բարոյական-հոգեւոր մակարդակ ունենալ, որոնցից Վարդգես Պետրոսյանի՝ վաստակաշատ գրող-հրապարակախոսի, ազատամիտ խմբագրի, Հայաստանի գրողների միության երկարամյա նախագահի երկրորդ կինը՝ Ս.-ն, իսպառ զուրկ է: Դուք, տիկին, ձեր «ասպարեզյան» հոդվածում քրեագետ եք խաղում, միամիտներին, անտեղյակներին կարող են նույնիսկ հավաստի թվալ ձեր «փաստարկները», հենց նրանց վրա էլ ձեւված է ձեր թվաբանությունը, սակայն՝ ոչ հարյուր-հազարավորների, որոնք, ի զարմանս ձեզ, հիշողություն ունեն: Չենք ցանկանում պահ անգամ մտնել ձեր լվացքաջուրը, բայց մի հարց, շատերից ընդամենը մեկը, ուզում ենք տալ. Վարդգես Պետրոսյանի սպանությունը մի կողմ, ձեր բնակարանում օրը ցերեկով ո՞վ սպանեց 18-ամյա երիտասարդին, ո՞վ… Ինչո՞ւ ձեր հոդվածում այս մասին բառ-ակնարկ անգամ չկա, մոռացե՞լ եք, սա ի՞նչ հաշվենկատ մոռացկոտություն է… «Կրակե շապիկ» վեպն եք հիշատակում, ձեր իմացածին ավելացնենք, որ այդ վեպի տենդենցիոզ, անարդարացի քննադատությունը, ինչ խոսք, ցնցեց հեղինակին, սակայն նրա համար ավելի հիմնավոր ցնցում եղավ իր բացակայությամբ ձեր տանը հնչած մահաբեր կրակոցը. դուք այստեղ մեղք չունե՞ք, մեղմ ասած՝ իբրեւ կին, մայր ու տանտիկին, որ պարտավոր էիք իրականացնել ձեր գրող ամուսնու հաշտ, խաղաղ ու բարոյական ընտանիքի իդեալը: Հակառակ պարզ, մարդկային, օբյեկտիվ եւ առողջ տրամաբանության, դուք մեղավորներ եք որոնում ձեզանից դուրս, նաեւ՝ ի դեմս մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի, որը, ըստ ձեզ, անտարբեր մնաց, աչք էլ չթարթեց «Վարդգեսի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարվող հրեշավոր անարդարությունների դեմ, ընդհակառա՞կը, ուրա՞խ էիր: Ուզեցին հողին հավասարեցնել ոչ միայն Վարդգեսի գերեզմանը, այլ նաեւ կենդանի, երեխաներով լեցուն, զնգուն ու շեն օջախը…»: Այս «հրեշավոր անարդարությունները», տիկին, զառանցանք է, բայց եթե նույնիսկ նման անարդարություններ դրսեւորվել են, առավել հրեշավոր է դրանք կապել մեծ գրողի անվան հետ: Եվ անիծում եք. «…Գալու է ահեղ դատաստանի օրը, վաղ թե ուշ գալու է»: Անխղճություն է, տիկին, մեծ մեղք եք վերցնում ձեզ վրա, որի համար ձեզ չի ների նաեւ Վարդգես Պետրոսյանի հոգին, չի ների, հավատացեք, եւ վերջապես գիտակցեք, որ նա եւ դուք գտնվել եք տարբեր ճանապարհների վրա, տարբեր հարթություններում եւ հավասարման նշան մի՛ դրեք ձեր ու նրա միջեւ՝ գոնե ծիծաղելի չերեւալու համար: Կեղծում-զրպարտում եք՝ «Հրանտ Մաթեւոսյանի առաջին գործը Գրողների միության նախագահ ընտրվելուց հետո եղել է Վարդգես Պետրոսյանի նկարը հանելը նախագահի աշխատասենյակից», զազրախոսում եք՝ «Հրանտ Մաթեւոսյանի մեջ այնքան մաղձ կա, որ բավական է Խաղաղ օվկիանոսը թունավորելու…», հետո էլ սպառնում-խրատում՝ «Ես, մենք բոլորս առանց քեզ էլ կարող ենք… բայց դու, հայ գրող, առանց մեզ՝ ոչ»: Դուք, տիկին Սոնա, առանց Հրանտ Մաթեւոսյանի, իհարկե, կարող եք, սակայն մի խոսեք բոլորի անունից, ժողովուրդն անսխալական է ազգային անանց արժեքների գնահատման գործում եւ որեւէ ճամարտակության կարիք չունի: Հանդես գալով Վարդգես Պետրոսյանի դատապաշտպանությամբ, Սոնա Տիգրանյանը, ըստ էության, հանդես է եկել նրա դեմ: Իսկ նրա զազրախոսությունն ընդդեմ Հրանտ Մաթեւոսյանի՝ մեզ հիշեցնում է շնիկի եւ փղի հայտնի առակը: Վարդգես Պետրոսյանը խոր հետք է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրական կյանքում, Հրանտ Մաթեւոսյանը՝ դարի հայոց իրականության մեջ եւ ժողովրդի հոգեւոր դաշտում: Չխաղանք նրանց պայծառ հիշատակի հետ անբարո վերաբերմունքով: Դա ոչ այնքան նրանց դեմ է, որքան մեր՝ ապրողներիս: Կխնդրեինք «Ասպարեզ» եւ «Իրավունք» պարբերականներին ազնիվ ու ճշմարիտ լինել գրական արժեքները քննարկելիս (նաեւ՝ արտատպելիս), հիշել, որ բառը, մանավանդ գրված-տպագրված բառը, մի ամբողջ աշխարհ է, վերջապես՝ վերջ տալ մեծ գրողի անվանը ցեխ շպրտելուն, մանավանդ նրա մահից հետո, թե չէ ապագան մեզ չի ների: ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ, ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ, ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ, ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ, ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ «Գրական թերթ», թիվ 12, 30 ապրիլի 2004թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել