Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն «էներգետիկ ասեղի վրա» է

Մայիս 26,2004 00:00

Իսկ Ադրբեջանը՝ դեռ դիմադրում է

Ադրբեջանն առաջիկայում կարող է համալրել Հարավկովկասյան այն երկու երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի շարքը, որոնք այլեւս զրկված են սեփական ԲԷՑ-երը կառավարելու իրավունքից:

Ու մինչ ադրբեջանական մամուլը կասկած է հայտնում, թե այս երկրին գազ մատակարարող եւ Մախաչկալայից քիչ հեռու գտնվող Մազդոկ-Ղազիմահամեդ գազատարի պայթեցումը, որը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, դիվերսիայի արդյունք է, ռուսական «Նեզավիսիմայա գազետան» նույն վթարին անդրադառնալով, ըստ էության, փորձում է ամրապնդել դրա մեծ հավանականությունը՝ նկատելով, որ վթարը տեղի է ունեցել Անատոլի Չուբայսի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին եւ Ադրբեջանին գազի մատակարարման դադարեցման իրական շարժառիթը «նախավաճառքային պայթյուն է»:

Ըստ թերթի՝ «կարող է պարզվել, որ դա ամենեւին էլ վթար չէ, այլ՝ հերթական դիվերսիա»: Բոլոր դեպքերում, պայթյունի պատճառով ծանր վիճակում են հայտնվել ադրբեջանական ԲԷՑ-երը: Վերջիններս, որ ամբողջ Ադրբեջանում ապահովում են էլեկտրաէներգիայի 80 տոկոսը, այս օրերին արագորեն անցել են մազութով աշխատելու ռեժիմին: Թերթը այս համատեքստում նկատում է, թե Չուբայսը վաղուց աչք ունի Ադրբեջանի էներգահամակարգի վրա: Ու թեեւ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, նրա այցի նպատակն ընդամենը էներգետիկ ոլորտում ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարն է, այդուհանդերձ, ըստ «ՆԳ»-ի, Չուբայսը Բաքվում հույս ունի «Ազերէներջի» ԲԸ-ի եւ իր գլխավորած ընկերության միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Առայժմ այդ «փոխըմբռնումը», ըստ թերթի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ չկա. «Ավելին, Ադրբեջանը մինչեւ հիմա հպարտությամբ է հայտարարել, թե ինքը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Չուբայսը դեռ ոտք չի դրել»: Դեռ անցյալ տարի Ա.Չուբայսը հայտարարել էր, թե իր ղեկավարած ընկերության «ագրեսիվ քաղաքականությունն» իր պտուղներն է տվել հարեւան Վրաստանում եւ Հայաստանում, որտեղ մի քանի ամիս տեւած ոչ այնքան դժվարին բանակցություններում գնեց օբյեկտներ, որոնք մինչ այդ համարվում էին «ռազմավարական», ինչը նշանակում էր՝ «վաճառքի ենթակա չէ»:

Հիմա նույն քաղաքականությունը, ըստ թերթի, Հարավային Կովկասում փորձում է իրականացնել նաեւ ռուսական մեկ այլ մոնոպոլիստ՝ «Գազպրոմը»՝ նկատի ունենալով, որ ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը բավարար ծավալներով բնական գազ չունեն: Ու քանի որ գազատարի կամ նավթատարերի վթարները անկանխատեսելի «ՉէՊէ»-ներ են, այն էլ այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, ուստի՝ ռուսական խողովակաշարերին ամուր «կապված» Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի համար նման ամեն մի վթարը մեծ հիմնախնդիրներ է առաջացնում, իսկ դա ՌԴ-ի ձեռքին հզոր խաղաթուղթ է իր հարեւանների հետ բանակցություններ վարելու համար: «Վերջիններիս ՌԴ-ն, ի դեպ, արդեն վաղուց է նստացրել «էներգետիկ ասեղի» վրա»,- գրում է «ՆԳ»-ն՝ հավելելով, թե ՌԴ-ն նոր բան հայտնագործելու կարիք չունի նաեւ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս: Ըստ թերթի, «Հայաստանը մեկ տարվա ընթացքում ավելի քան 20 անգամ զրկվեց գազից: Փոխարենը, դրանից հետո Հարավային Կովկասում իր այս մի դաշնակցի հետ, ՌԴ-ն այլեւս պրոբլեմներ չի ունենում»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել