Լրահոս
Օրվա լրահոսը

Չափորոշիչներն սկսեցին կիրառվել

Մայիս 26,2004 00:00

Չափորոշիչներն սկսեցին կիրառվել Վերջերս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 11 ուսանող հեռացվել է բուհից՝ չվճարումների պատճառով: Նրանցից մեկի՝ Ալինա Մկրտչյանի ծնողը խմբագրություն էր դիմել՝ բողոքով: Ըստ նրա, բուհի ռեկտորի հետ պայմանավորվածություն է եղել՝ պարտքը մարել աստիճանաբար: Ծնողն էլ ստիպված է եղել տան որոշ իրեր վաճառել (ի դեպ, ժամանակի սղության պատճառով իրերը վաճառվել են կես գնով): Սակայն երբ գումարը տարել է համալսարան, իմացել է, որ երեխան արդեն հեռացված է: Այս մասին պարզաբանումներ խնդրեցինք Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեից: Նա մեզ հայտնեց, որ Ա. Մկրտչյանին թույլատրվել է 3 կիսամյակների պարտքը մարել քիչ-քիչ՝ սկզբում 100 դոլար, քննություններից առաջ 250-ը, այնուհետեւ՝ մնացածը: Սակայն մուծվել է միայն 100 դոլարը, հետագայում էլ ադմինիստրացիայի հետ լրացուցիչ պայմանավորվածություններ չեն եղել: «Եթե կիսամյակային վճարումները արված չեն եւ ադմինիստրացիայի հետ չեն հանդիպում հարցը կարգավորելու համար, ապա նրանք դուրս են մնում: Նա ուներ 3 կիսամյակի չվճարում, եւ չէր եկել մեզ հետ այդ հարցը կարգավորելու»,-ասում է Պ. Ռուսեն: Հիշենք՝ բուհի դեմ բողոքի ակցիա սկսվեց դեռ մի քանի ամիս առաջ, երբ նախկին «Ֆրանսիական համալսարան» ՓԲԸ-ն դարձավ Հիմնադրամ եւ նշանակվեց ռեկտոր: Նախկինում բուհը ռեկտոր, որպես այդպիսին, չուներ, եւ բուհի ուսումնական գործընթացը փաստորեն չէր համապատասխանում իր կանոնադրական պահանջներին: Այս մասին մեզ ասաց Պոլ Ռուսեն՝ մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք իր գալուց հետո փոխվե՞լ են գնահատման չափորոշիչները: «Չափորոշիչները չեն փոխվել, պարզապես եղածները չեն գործածվել նախկինում»: Հենց դա էր թերեւս պատճառը, որ բողոքի ակցիա կազմակերպած 61 ուսանողներ չէին հարմարվում բուհի պահանջներին, եւ ուզում էին սովորել նախկին պայմաններում: Իսկ այսօր բուհը գնում է բարեփոխումների՝ անցում է կատարում երկաստիճան համակարգ, եւ պրն Ռուսեն ուզում է իր բուհի մակարդակը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Այսուամենայնիվ, պրն Ռուսեն մեզ հետ զրույցում հայտնեց, որ Ալինա Մկրտչյանին հնարավորություն կտա շարունակելու ուսումը՝ կրկնելով վերջին կուրսը, չնայած հեռացման որոշումն արդեն կայացված է. «Ես նրան կընդառաջեմ՝ հաշվի առնելով, որ նա նախկինում լավ գնահատականներ է ունեցել»: Սակայն դրանից ուսանողի վարձը չի քչանա, դեռ կավելանա, բայց ռեկտորը «ամեն ինչ անում եմ՝ նախապես զգուշացնելով եւ կանոնադրությանը համապատասխան»: Ինչ վերաբերում է այն 61 ուսանողին, որ հեռացվել էին «քննությունների արդյունքներում վատ գնահատականներ ունենալու պատճառով», նրանցից 30-ը տեղավորվել է այլ բուհերում. «Դա մասնագիտության ոչ ճիշտ ընտրության արդյունք էր»,- նրանց մասին ասում է Պ. Ռուսեն: 10 հոգի վերականգնվել է, 12-ը կրկնել է կուրսը, 4 հոգի քննություններ է հանձնել, սակայն տարկետման իրավունքից զրկվել է, եւ ուսումը կշարունակեն միայն բանակում ծառայելուց հետո, իսկ 5-6 հոգի էլ կարգապահական նորմերի խախտման պատճառով հեռացվել է անվերադարձ: «Կան սկզբունքներ, որոնք կիրառվել են, ոչ մի ճնշում ինձ վրա ազդեցություն չի ունենա, թեկուզ մամուլի»,- ասում է պրն Ռուսեն: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել