Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՔԻԹՆ ԷԼ Է ՈՒՐԻՇ

Մայիս 27,2004 00:00

ՄԵՐ ՔԻԹՆ ԷԼ Է ՈՒՐԻՇ Ինչպես տեղեկացրել էինք, «Ամենահայկական քիթ» խորագրով մրցույթը դեռեւս մեծ քթատերերի գրանցման փուլում է: Հատուկ ընտրվել է այնպիսի խորագիր, որ չվիրավորի մրցույթի մասնակիցներին: Մայիսի 20-ից մինչ օրս քիթը բարեփոխելու հայտ է ներկայացրել 15 821125 տարեկան 200-ից ավելի մարդ, հիմնականում՝ կանայք: Վերջիններիս գրանցվելուն հետեւում է նրանց բացառիկ քթերի լուսանկարելը, այնուհետեւ յուրաքանչյուրի մասին ինֆորմացիան հանձնվում է արվեստագետներից, շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ու հովանավորներից բաղկացած ժյուրիի դատին: Հենց ժյուրիի անաչառությունից է կախված, թե քթի մեծության շնորհիվ ովքեր կզբաղեցնեն պատվավոր երեք տեղերը: Մանավանդ՝ 1-ին տեղը գրաված երջանիկը հնարավորություն կունենա անվճար վիրահատվել, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողների համար զեղչեր կարվեն՝ համապատասխանաբար՝ 75 եւ 50%-ի չափով: Նրանց քթերը կբարեփոխի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանը: Հարցին՝ «Իսկ ուրիշների քթերը գնահատող ժյուրիի անդամները կատարյալ, էսթետիկ քիթ ունե՞ն», պրն Դանիելյանը ժպիտով պատասխանեց. «Ոչ, բայց դա ոչ մի կապ չունի»: Հունիսի 22-25-ը մրցույթի մասնակիցները կտեղեկացվեն վերջնական արդյունքներին: Հաղթողները հանրությանը կներկայացվեն միայն իրենց ցանկությամբ: Անգամ նրանց քթերի նկարները անհնար կլինի տեսնել՝ առանց տերերի համաձայնության: «Ես, օրինակ, շատ կուզենայի առաջին 3 տեղերը զբաղեցրածների մասին հաղորդում նկարահանել ու նրանց ներկայացնել վիրահատությունից առաջ եւ հետո: Բայց դա կլինի այն դեպքում, եթե իրենք եւս ցանկանան»,- հույս հայտնեց բժիշկը: «Ես բազմիցս եղել եմ արտասահմանում եւ շատ եմ մեծ քթեր տեսել: Բայց հայկական քիթը ուրիշ է, այն էապես տարբերվում է մյուսներից: Հայերի քթի ծայրի մաշկը շատ հաստ է եւ դրանից բխում են մեծ պրոբլեմներ: Մեր հայկական քթերի վիրահատությունը ավելի բարդ է»,- պարզաբանեց վիրաբույժը: Պրն Դանիելյանը ձեռնպահ մնաց ոչ միայն գրանցվածներին, այլեւ ժյուրիի անդամներին «բացահայտելուց»: «Ժյուրիի կազմում մարդիկ են, ովքեր մոտ են արվեստին, արհեստին, հարմոնիային, գեղեցկությանը, միայն ես եմ բժիշկ, բայց իմ ձայնը որոշիչ չի լինելու»,- ավելացրեց վիրաբույժը: «Քիթը վիրահատածների որոշ տոկոս միշտ դժգոհ է մնում «նոր» քթից: Դրա համար մենք մինչեւ վիրահատությունը մարդկանց պիտի բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ վիրահատությունը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե մեր պացիենտը, այնուամենայնիվ, դժգոհ մնա, մենք մեկ անգամ եւս անվճար կվիրահատենք նրա քիթը: Ի դեպ, մենք աշխատում ենք պլաստիկ վիրահատության ամերիկյան մեթոդով»,- ասաց Կ. Դանիելյանը: Նա պատմեց, որ բժշկի իր պրակտիկայում շատ են լինում անեկդոտիկ իրավիճակներ՝ կապված հիվանդների արտաքինի, նրանց ետվիրահատական սպասելիքների հետ. «Եթե բժիշկը պատրաստված չլինի՝ կարող է ծիծաղել հիվանդի՝ իրեն ուղղված հարցերից, արտաքինի փոփոխության հետ կապված իր առաջին ռեակցիայից: Բայց բժիշկը պարտավոր է այս ամենին լուրջ վերաբերվել»: Ըստ Կ. Դանիելյանի, ամերիկյան վիրաբուժության կանոններով՝ քիթը ավելի շատ պահպանում են եւ այնպես են բարեփոխում, որ ներդաշնակի հայկական դիմագծերին, ոչ թե լինի սուր ծայրով կամ փքաբլիթի նման կլոր, ինչին ավելի հաճախ ենք հանդիպում Հայաստանում: Հետաքրքրվեցինք՝ Կ. Դանիելյանի պրակտիկայում պատահե՞լ է, երբ համոզել է իրեն դիմած մարդուն չվիրահատել քիթը: «Իհարկե, երբ տեսնում եմ, որ մի երրորդ անձնավորություն (ընկերը, ամուսինը կամ ծանոթը) ավելի շատ է շահագրգիռ վիրահատելու հարցում, քան այն մարդը, որ պետք է վիրահատվի: Մեկ էլ այն դեպքում, երբ մարդը գալիս է քիթը բարեփոխելու ու ռեալ չի պատկերացնում՝ ուր է եկել: Պատահում է՝ մարդիկ բերում են որեւէ նկար ու պահանջում, որ իրենց քիթը նմանվի դրան: Բժիշկը քանդակագործ չի եւ քիթն էլ կավից չի, որ ստանաս ամեն մեկի ուզածը, վերջապես լիմիտներ կան»,- պարզաբանեց Կ. Դանիելյանը: Ըստ բժշկի, քիթը հոգեբանական պրոբլեմ է մարդու համար, սակայն մեծ կամ սապատավոր քիթը երբեմն կարող է փառք բերել մարդուն, ինչպես դա պատահեց Բարբարա Սթրեյզանդի կամ Քրիստինա Օրբակայտեի եւ ուրիշների պարագայում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել