Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հանրահավաքը գործ չէ»

Մայիս 27,2004 00:00

«Հանրահավաքը գործ չէ» Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կանցկացվի համաժողով՝ «Երիտասարդությունը հանուն պետականության» թեմայով, նվիրված հայոց պետականության վերականգնման տարելիցին: Թերեւս այս մասին հայտնելու նպատակով երեկ կազմակերպության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդիպեց լրագրողներին: Սակայն առիթն օգտագործելով, անդրադարձավ նաեւ իրենց ծրագրերին ու ազգանվեր գործունեությանը՝ միաժամանակ «դաս տալով» ընդդիմությանը եւ սթափվելու կոչ անելով հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Այստեղ պրն Աշոտյանը հիշեց չինական մի ասացվածք. «Չեմ հավատում խոսքերին՝ ոչ իմ, ոչ քո, հավատում եմ գործերին՝ իմ եւ քո»: Ու եկավ տրամաբանական վերջաբանի. «Միտինգը գործ չէ: Հանրահավաքը գործ չէ: Կոնկրետ աշխատանք՝ ազգի առջեւ ծառացած խնդիրների շուրջ՝ դա է առաջին խնդիրը Հայաստանի համար: Հետո կարելի է մտածել նաեւ քաղաքացիական հասարակության կայացման մասին, այն արժեքային համակարգի, որ մեզ պարտադրվում է Եվրախորհրդի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Մի կողմ դնենք քաղաքականությունը, կուսակցությունն ընդամենը միջոց է՝ ազգին ծառայելու համար… Կենցաղի մեջ կարող ենք ականատես լինել, որ հասարակության մի մաս կա՝ չի գնահատում անկախության երեւույթը եւ չի գտնում, որ հայ ազգային անկախ պետականությունը կարեւոր մաս է կազմում մեր առօրյայում»,- ասաց պրն Աշոտյանը: Իրենց ազգանվեր վերջին գործունեությունից նա մատնանշեց մայիսի 9-ին կազմակերպած երթը՝ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Եռաբլուր, որին շատերը չեն մասնակցել՝ «գուցե ֆիզիկական դժվարությունից խուսափելով, բայց մեր զինվորների հիշատակն արժանի էր այդ փոքր զոհաբերությանը՝ 3,5 ժամ ոտքով քայլելուն»: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է մշակել երկու ծրագիր՝ Ղարաբաղի եւ Ջավախքի հարցերով երիտասարդական խորհուրդ ստեղծելու մասին: Ա. Աշոտյանի խոսքը համեմվեց եւս մեկ՝ հեգելյան ճշմարտությամբ. «Միակ դասը, որ ժողովուրդները քաղում են պատմությունից, այն է, որ պատմությունից դաս չեն քաղում»: Եվ կազմակերպության նախագահը նորից կոչ արեց՝ չպառակտվել, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ «մեր բոլոր անհաջողությունների պատճառը ներքին պառակտումն է եղել»: Հանրապետականների երիտասարդական թեւի այս նախաձեռնությունը մի այլ առաքելություն էլ ունի. օգնել ավագ ընկերներին՝ գնալ քաղաքական երկխոսությունների: Իսկ դրա հիմքը նրանք ակնկալում են դնել այսօր՝ երկխոսության մեջ մտնելով նաեւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների երիտասարդների հետ՝ հանուն հայոց պետականության հարատեւման. «Հայրենիքը պետք է սիրել՝ անկախ իր քաղաքական ռեժիմից եւ անկախ մեր քաղաքական համոզմունքներից»: Երեկվա տվյալներով, երիտասարդ հանրապետականների հրավերն ընդունել էին ընդդիմադիր հատվածից ՀԺԿ-ի, Դեմկուսի եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի երիտասարդները, իշխանամետներից՝ «Արժանապատվությունը», «ՕԵ»-ն եւ ուրիշներ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել