Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ

Հունիս 01,2004 00:00

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ Պարզվում է, շուկա մտնող սննդամթերքի ցածր որակի խնդրում գյուղատնտեսության նախարարությունն էլ իր ծանրակշիռ «ներդրումն» ունի: Այլ կերպ ասած, շուկայում առկա այսքան անորակ սննդատեսակների գոյության փաստի գլխավոր մեղավորներից մեկն էլ գյուղատնտեսության նախարարությունն է: Սա բխում է դեռեւս 2000 թվականի ապրիլի 4-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումից, որով գյուղնախարարությանը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ է վերապահվել: Որոշումը մասնավորապես սահմանում է. «Սննդամթերքի անվտանգության՝ արտադրության տեխնոլոգիայի պահպանման, պահանջվող սարքավորումների, անասնաբուժական եւ բուսասանիտարական նորմերի ապահովման պետական վերահսկողության լիազորությունները վերապահել ՀՀ գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարարությանը»: Թեեւ ընդունված է համարել, որ ապրանքատեսակի որակը պետք է հսկի Որակի պետական տեսչությունը եւ Սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, իրականում, պարզվում է, այդ խնդրով պարտավոր են զբաղվել մի շարք մարմիններ եւս: Տեսականորեն միայն տեխնոլոգիայի պատշաճ պահպանման, ինչպես նաեւ արտադրական ցիկլը ապահովող արտադրամիջոցների առկայության պայմաններում է ստացվելու այն արտադրանքը, որը թույլատրել են համապատասխան մարմինները: Այդ թվում, փաստորեն, բավականին լուրջ անելիքներ ունի գյուղնախարարությունը: Գուցե պետական գերատեսչությունները գլուխ չեն հանում՝ ով ում պետք է վերահսկի: Բայց կառավարության վերոհիշյալ որոշումը գյուղնախարարությանը, շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին նաեւ կոնկրետ հանձնարարություն է տվել. «Մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության կարգի մասին»: Թե արդյոք շուրջ 4 տարվա ընթացքում գյուղնախարարությունը կատարե՞լ է կառավարության այդ հանձնարարությունը, պարզել չհաջողվեց՝ մեզանից անկախ պատճառներով: Համենայնդեպս, դրական պատասխան էլ չստացանք: Այս կարգը չներկայացնելը թերեւս այդ նախարարության ամենամեծ մեղքը չէ. ավելի կարեւոր է այն, որ անորակ, թունավոր, անթույլատրելի պայմաններում արտադրված, պետական մի շարք ստանդարտների չհամապատասխանող սննդամթերքը շուկա է դուրս գալիս, որը հետո «հավաքելը», «չեզոքացնելն» անհամեմատ դժվար է: Ի դեպ, ասվածի ապացույցը հենց շուկայում է: Բացի այդ, ընդամենը վերջերս «Հայաստանյան PR ասոցիացիան» ու Հարկային պետական ծառայությունն ապացուցեցին, որ արտադրության անթույլատրելի տեխնոլոգիաներով սուրճ է արտադրվել՝ անգամ հեռուստադիտողները կարող էին տեսնել, որ աղացած սուրճը պահվում էր ցինկապատ մետաղյա տարաներում, իսկ տեղյակները հայտնում են, որ որոշ սուրճի արտադրամասերում բովման եւ հովացման գործընթացներն իրականացվում են ասբեստե թիթեղների վրա: Ականատեսները վկայում են, որ կաթնամթերքի արտադրությունը ոչնչով չի զիջում սուրճին: Նույնն է ալկոհոլային խմիչքների արտադրության վիճակը: Մեր տեղեկություններով, որոշ դեպքերում արտադրատեսակների վրա գործնականում չի էլ կարող արտադրության ժամկետ դրոշմվել, քանի որ համապատասխան սարքավորում չունեն արտադրողները: Ի դեպ, գյուղնախարարության գործը վերջերս մասամբ իրականացրել է վարչապետի վերահսկողական ծառայությունը: Ինչպես տեղեկացանք, սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ այս ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում համապատասխան առաջարկ է ներկայացրել: Բայց տրամաբանորեն, եթե գյուղնախարարությունը, որակի եւ սանիտարահիգիենիկ տեսչություններն իրենց գործով զբաղվեին, վարչապետի վերահսկողականն ստիպված չէր լինի նրանց գործն անել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել