Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՐԴԱՆՈ ԲՐՈՒՆՈ՞, ԹԵ՞ ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅ

Հունիս 08,2004 00:00

ՋՈՐԴԱՆՈ ԲՐՈՒՆՈ՞, ԹԵ՞ ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅ Ըստ նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի՝ այս երկու գիտնականների մոտեցումների համեմատական արդյունավետությունը պիտի որոշեն նրանք, ովքեր այժմ մեղադրում են կալանավորված ընդդիմադիր գործիչներին «գործուն զղջման» համար: – «Հանրապետության» այն գործիչներին, որոնք կալանքից ազատ արձակվեցին «գործուն զղջման» հիմքով՝ մարդկայնորեն կարելի է հասկանալ: Սակայն արդարացվա՞ծ է արդյոք քաղաքական առումով, երբ ներման խնդրագրեր են գրում իրենց համոզմունքների համար բանտարկվածները: – Նախ՝ շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ ազատվեցին բանտարկությունից եւ վերադարձան իրենց հարազատների մոտ: Չարչարանքներին ապաշխարանք: Եվ ազատություն եմ ցանկանում մյուսներին էլ, որոնք դեռ բանտում են: Բնական կլիներ, որ նրանց գաղափարակից ընկերները (եթե չէին կարողացել իրե՛նք ազատել այդ պատանդներին կամ նրանց կողքին լինել) գոնե հանդես գային հայտարարությամբ, թե իրենք են դիմել նրանց՝ խնդրելով պահպանել առողջությունն ու ազատությունը եւ որքան հնարավոր է շուտ դարձյալ միանալ իրենց շարքերին: Կատարվածին հարկ էր վերաբերվել ոչ թե 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստալինյան մոտեցմամբ, թե մեր գերիները դավաճան են, այլ քաղաքակրթորեն ու եղբայրասիրաբար ողջունել նրանց վերադարձը ու նրանց վրայից հանել մեղանչողի բեռը: Այս առումով արժե հիշել Բրունոյի եւ Գալիլեյի, գուցե անգամ Պետրոս առաքյալի պատմությունը: Ընդհանրապես որեւէ մեկը չի ցանկանում տանջվել, ենթարկվել զրկանքների: Բայց ամեն ինչ ունի իր գինը, այդ թվում եւ՝ քաղաքական գործիչ դառնալը, հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունենալը: Եվ եթե ուզում ես զոհի եւ տառապյալի լուսապսակով հանդես գալ՝ անպայման պիտի զրկանքներ կրես եւ անգամ կանխավճարով վճարես այդ գինը: Բայց շատ լավ կլիներ, եթե մենք չվերադառնանք Ջորդանո Բրունոյի ժամանակները՝ հավատաքննիչների դեր չստանձնենք ու մեր քաղաքական գործիչներին չպարտադրենք «խարույկ բարձրանալու» ճակատագիրը: Կարծում եմ՝ Հայաստանի համար արդեն անցել են այդ ժամանակները, երբ պահանջվում են զոհեր: Հիմա հարկավոր են քաղաքակիրթ պայքարի ձեւեր: Եվ հասարակության մեջ որեւէ դիրքորոշում արտահայտելու իրավունքի համար անպայման չէ հայտնվել բանտում, կտրվել ընտանիքից, ենթարկվել կտտանքների եւ այլն: Ավելի՛ն՝ այսօր Հայաստանում չկա որեւէ արժեք, որի համար կարելի է դիմել զոհաբերության: – Այսինքն՝ ժողովրդավարությունը նման արժե՞ք չէ: – Գտնում եմ, որ հասարակական կյանքում 3 արժեք կա, որոնց համար արժեր գնալ ծանր զոհաբերությունների: Եվ արդեն իսկ իրականացվել են այն ծրագրերը, որոնց համար արժեր մեռնել: Հայաստանն ունի այդ 3 արժեքներն էլ՝ ինքնիշխանություն, արժանապատիվ պետականություն, ու նաեւ ազատականություն՝ ժողովրդավարություն: Մեզ չի բավարարում դրանց որակն ու քանակը, եւ ընդհանրապես՝ դեռեւս որեւէ մեկին չի բավարարել ժողովրդավարության աստիճանը: Դա գործընթաց է: Իսկ քաղաքական այն ծրագրերից, որոնցով հանդես են գալիս այսօր ասպարեզում առկա կուսակցությունները՝ որեւէ մեկն արժանի չէ նրան, որ ինչ-որ մեկը դրանց համար նույնիսկ 10 րոպե զրկվի ազատությունից: – Սակայն շարքային շուրջ 500 քաղաքացիներ անցած ամիսներին զրկվեցին ազատությունից, ձերբակալվեցին եւ ներում չխնդրեցին՝ ի տարբերություն իրենց քաղաքական առաջնորդների: – Փառք ու պատիվ նրանց՝ ուրեմն ունենք հերոսներ: Բայց յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի զոհաբերության սեփական սահմանը: Առավել եւս՝ չտեսա բահակիր մարդկանց, ովքեր գնացել էին Բաստիլը քանդելու: Այդ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, երբ Ձեր նշած 500 հոգին զրկվում էին ազատությունից՝ հատկապես հասարակական կարծիք ձեւավորողներից ոչ ոք չէր գնում եւ ասում, թե ինքն էլ է պատրաստ նստել նրանց կողքին: Բայց տրամաբանական է, չէ՞, որ եթե ինչ-որ մեկին կոչ ես անում Ջորդանո Բրունո դառնալ՝ նաեւ պիտի հայտարարես, թե պատրաստ ես ինքնահրկիզվել նույն «խարույկի» մեջ: Ես չեմ տեսել, որ նման կոչ անողները գոնե մի մատն այրեին հանուն այն գաղափարների, որոնց համար այլք հայտնվել էին բանտում: Իսկ եթե չեն համերաշխել ու կիսել նույն տառապանքները՝ ո՞վ իրավունք ունի նրանցից պահանջել զոհաբերություն: Համարժեքության խնդիր էլ կա. այն, ինչի համար ուզում էին դատել Սուրեն Սուրենյանցին եւ Արամազդ Զաքարյանին՝ նրանք չէ, որ պետք է պատժվեին, դրա համար ընդհանրապես չէր նախատեսվում պատիժ: – Առա՛վել եւս՝ զղջացին չարածի համա՞ր: – Նրանք զղջացին եւ ապաշխարեցին ուրիշների արածների համար: Քաղաքական այդ շարքում կան մարդիկ, ովքեր լուրջ հայտ են ներկայացնում իշխանությունը ստանձելու համար: Ժորա Սափեյանը կամ այդ գործողությունների մասնակից որեւէ շարքային կուսակցական չէր ստանալու իշխանությունը: Հաղթանակից շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեցողներ կան, որոնք այդ դեպքում կստանան մեծ լիազորություններ, հնարավորություններ եւ իրավունքներ: Եվ եթե նրանց աջակիցները թեկուզ 10-օրյա կալանք են ստանում՝ այս հավակնորդների մասին ընդհանրապե՛ս չկա խոսակցություն: – Նրանք պաշտպանված են պատգամավորական անձեռնմխելիությամբ: – Դա նշանակություն չունի՝ Վանո Սիրադեղյանն էլ ուներ անձեռնմխելիություն: Հաշվի առեք, որ հակառակորդն էլ է թիրախ ընտրում: Ստացվում է, որ միանալով այդ թիրախները խոցելու ծրագրին, քննադատելով ու ասպարեզից հեռացնելով թեկուզ 10 օր կամ 2 ամիս նստածներին՝ հասարակական կարծիքը ճանապարհ է բացում նրանց համար, ովքեր գոնե մի վայրկյան չեն նստել ու գիշեր-ցերեկ, ըստ էության՝ անընդհատ են զբաղված եղել ներման ու հավատարմության դիմումներ գրելով: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ նրանց էլ չեն բռնում: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել