Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը պետք է զիջի կեսը»

Հունիս 08,2004 00:00

«Քոչարյանը պետք է զիջի կեսը» Խորհուրդ է տալիս Արա Սահակյանը «Այն, ինչ կատարվում է այսօր, նման է բռնցքամարտի. Քոչարյանը կապել է ընդդիմության ձեռքերն ու աչքերը եւ նրա հետ մենամարտում է։ Ի պատիվ ընդդիմության՝ նույնիսկ այդ անհավասար պայմաններում նա ավելի համոզիչ ու արժանապատիվ է երեւում»,- «Վերջին զարգացումների արդյունքում արդյո՞ք արժե լուրջ վերաբերվել ընդդիմադիրների հավակնություններին» հարցին պատասխանելով ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը։ Սակայն, ըստ պարոն Սահակյանի, ընդդիմությունն ինքն էլ է հասկանում, եւ այդ մասին ասվեց վերջին հանրահավաքում, որ ժողովրդի վստահությունն իր նկատմամբ մաշվում է։ Այդուհանդերձ՝ «նրանք հավանաբար ավելին գիտեն, քան հրապարակում հավաքված պարզ մարդիկ», ուստի, ըստ Ա. Սահակյանի, անառարկա դժգոհությունները գործին չեն օգնի։ «Ակնհայտորեն մեր շուրջը որոշակի գործընթացներ են զարգանում՝ Բաքուն կարծրացրել է իր դիրքորոշումները եւ խոսում է պահանջատիրության լեզվով, Արեւմուտքը չի կարող չարձագանքել Ադրբեջանի կոշտացած հայտարարություններին եւ թույլ տալ լարվածության խորացում։ Չեմ կասկածում՝ ընդդիմության ճամբարում այս ամենը գիտեն եւ հանդարտ մոտենում են հանգուցալուծման։ Քոչարյանը պետք է հասկանա, որ կան դեպքեր, երբ կեսը մեծ է ամբողջից եւ ամբողջը չկորցնելու համար պետք է զիջի կեսը։ Մեր առջեւ կանգնած համազգային հիմնախնդիրների դրական լուծման համար նա պետք է զիջի»,- գտնում է մեր զրուցակիցը։ Արա Սահակյանի կարծիքով, ընդդիմության շարքերում կան իմիտատորներ. «Այսօր ակնհայտ այդպիսին է Արամ Կարապետյանը։ Մեկ տարի առաջ, որպես երկրորդ ոչ լեգիտիմ թեկնածու, մասնակցելով նախագահական ընտրություններին՝ նա խառնաշփոթ առաջացրեց մարդկանց մտքերում եւ բավականին ձայներ խլեց ընդդիմությունից»։ Այն, որ մեր քաղաքական միջավայրը մաքուր չէ, իշխանության մեջ իրար հետ սերտաճել են քրեական տարրերը, ձեռնարկատերերը միաձուլվել ու մեկ առանցք են դարձել օրենսդիր, գործադիր ու դատական մարմինները՝ մեր զրուցակցի համար միանշանակ է։ Բայց «ընդդիմադիր թեւն էլ է սկսում իր դեմքն ու էությունը կորցնել։ Այնտեղ են սողոսկում Արամ Կարապետյանի նմանները։ Հենց այստեղ է երեւում վարչախմբի տղամարդկությունը։ Վարչախումբն իրեն տղամարդ է զգում, երբ հակաճառող չունի, մինչդեռ իրական տղամարդկությունն այն կլիներ, եթե կուսակցությունները, լրատվամիջոցները, ոչ կառավարական կազմակերպությունները հնարավորություն ունենային գործել ազատ, ոչ թե ծածուկ»,- գտնում է «Արմատ» կենտրոնի անդամը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել