Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՃԻ՞ՇՏ ԷՐ

Հունիս 08,2004 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՃԻ՞ՇՏ ԷՐ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի գործողության առաջին իսկ օրերն ապացույց դարձան, որ հիմնավոր էին դրա վերաբերյալ ընդդիմության բոլոր մտահոգությունները: Երեւանի քաղաքապետարանն արգելեց ընդդիմության հանրահավաքի անցկացումը՝ պատրվակ դարձնելով օրենքի այն դրույթը, թե «առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը»: Հանրահավաքն անցկացվեց՝ որեւէ մեկի կյանքն ու առողջությունը չվտանգվեց: Սակայն մնում է հնարավորությունը նման ենթադրությունների հիման վրա էլի՛ արգելելու հանրահավաքները: Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Համաձայն չեմ օրենքին տրված գնահատականին: Եթե որեւէ մեկը մտածում է, թե կլինի ինչ-որ օրենք, որը կբացառի կիրառման հետ կապված բոլոր հարցերը՝ չարաչար սխալվում է: Առավել եւս, որ որոշակի այդ հարցերի վերաբերյալ օրենքը տվել է շատ հստակ եւ լիարժեք ձեւակերպումներ: Ասվում է, որ իրազեկման մերժման դեպքում պետք է բերվեն հիմնավոր փաստարկներ»: Նա չհամաձայնեց այն գնահատականին, թե օրենքը խիստ սահմանափակող է. «Մի քանի կետեր կան, որոնց առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց եզրակացության նախագծում ներկայացրել են հարցադրումներ եւ դրանց շուրջ քննարկումների անհրաժեշտություն կա»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ քաղաքապետարանն օրենքի ընդունումից հետո էլ է շարունակում անտեսել ԵԽԽՎ բանաձեւի այն պահանջը, ըստ որի՝ պետք է թույլ տալ խաղաղ ցույցերը եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «ազատ հավաքի իրավունքի չարդարացված սահմանափակմանը», պրն Թորոսյանն ասաց. «Այստեղ գնահատման խնդիր կա: Կարծում եմ՝ բանաձեւում ասված չէ, թե բոլո՛ր խաղաղ ցույցերը պիտի թույլ տրվեն: Խնդիրն այլ է. արդյոք ճի՞շտ է գտել քաղաքապետարանը՝ համարելով, թե օրենքի այդ կետով կարելի էր արգելել հանրահավաքը (նա չցանկացավ պատասխանել իր իսկ առաջադրած հարցին, որ ինքնին խոսուն է.- Ա. Ի.): Իսկ բանաձեւի հետ առնչություն, կարծում եմ, չունի: Եթե հանկարծ պարզվի, որ անհամարժեք էր քաղաքապետարանի արգելքն այդ հանրահավաքի վերաբերյալ՝ կարող են առաջանալ խնդիրներ բանաձեւի առումով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել