Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԵՐԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

Հունիս 08,2004 00:00

ՀՈՂԵՐԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ Նորագավիթի 47 ընտանիք այս գարնանը զրկվեց սեփականության իրավունքով տնօրինվող իր հողակտորներից՝ առանց փոխհատուցման։ Այս տարվա փետրվարին կառավարության թիվ 204-Ա որոշմամբ «Էրեբունի» օդանավակայանի տարածքին հարող 21,95 հա մակերեսով հողն օտարվել է պետական կարիքների, այն է՝ օդանավակայանի վերակառուցման եւ ընդարձակման համար։ Օտարման գոտում էին հիշյալ ընտանիքների սեփականաշնորհված հողատարածքները։ Սեփականատերերը հողակտորները ստացել են 1992թ.՝ նախկին Շահումյանի շրջխորհրդի գործկոմից։ Մինչեւ 2004թ. հողատերերը կանոնավոր վճարել են հարկերը եւ մշակել տարածքը։ Ավելին, այս ընթացքում փորձել են գրանցել սեփականության իրենց իրավունքը Անշարժ գույքի կադաստրում, բայց՝ անօգուտ։ Նրանց պատմածով, անցյալ տարվա աշնանը պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ եկել են, համաձայնության ստորագրություններ հավաքել այդ ընտանիքներից, թե վերջիններս դեմ չեն, որ տարածքում շինարարություն սկսվի եւ երաշխավորել, թե փոխհատուցում կստանան։ Իսկ ումի՞ց։ Հենց այս հարցն է, որ լուծում չի գտնում։ Պաշտպանության նախարարությունը օրերս գրավոր պատասխանել է. «ՀՀ կառավարության որոշման համաձայն, հողատարածք վերցնելու հանձնարարականն իջեցված է եղել Երեւանի քաղաքապետարանին եւ ոչ թե պաշտպանության նախարարությանը»։ Մեր ձեռքի տակ եղած հիշյալ որոշման օրինակը վկայում է գրության բովանդակության իսկությունը, թեպետ գյուղացիների պատմելով, իրենք հասկացել են, թե ով տիրում է հողին, նա էլ կփոխհատուցի։ Ասենք, որ «Էրեբունի» օդակայանը ՊՆ-ինն է։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա այստեղից էլ ստացված գրությամբ «ՀՀ նախարարների խորհրդի 13.06.1991թ. հ. 397 որոշմամբ, միջկոլտնտեսային կազմակերպությունների հողային տարածքները գյուղարտադրության համար տրամադրվում են վարձակալության հիմունքներով»։ Հետեւաբար, Շահումյանի շրջխորհրդի գործկոմը, անտեսելով այդ որոշումը եւ հողակտորները տրամադրելով սեփականության իրավունքով՝ թույլ է տվել իրավախախտում։ Ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ «նշված հողօգտագործողներին վերաբերող հիմքերի բացակայության պատճառով հնարավոր չէ քննարկել նախկին կոլտնտեսականներին հատկացված հողատարածքների փոխհատուցման հարցը»։ Քաղաքապետարանն առաջարկել է խնդիրը քննարկել դատական կարգով։ Խմբագրությանը դիմած նորագավիթցիները չեն հասկանում, թե ինչո՞ւ թիվ 397 որոշումը չի գործել Շահումյանի շրջանի Չարբախ, 18-րդ եւ 22-րդ կուսհամագումարների ու Սպանդարյանի անվան կոլտնտեսությունների նույնատիպ հողերը սեփականաշնորհելու ժամանակ, որոնց դիմաց այդ հողատերերը հետագայում կառավարության կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ փոխհատուցում են ստացել։ Նրանք նշել են, որ անցյալ տարվանից պաշտպանության նախարարությունն արգելել է իրենց մտնել հողատարածք, այնինչ հողից զրկված գյուղացիների ապրուստի միջոցն այդտեղից ստացված բերքն ու բարիքն էր։ «Իսկ դատարան դիմելն արդյունք կտա՞, թե՞ էս երկրում խեղճերը տեղ չունեն»,- հռետորական այս հարցի պատասխանը մեզնից էին ուզում ստանալ ամեն տեղից մերժված նորագավիթցիները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, այսօր նախագահի նստավայրում էին հավաքվել վարձակալած, բայց իրենց հողերից զրկված Դալմայի այգիների հողատերերը՝ վարձակալության պայմանագրերը երկարացնելու պահանջով: Ոստիկանների «օգնությամբ» նրանց տարածքից վռնդեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել