Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին համայնքինն է

Հունիս 08,2004 00:00

Եկեղեցին համայնքինն է Վիրտուալ խոստովանություն չի կարող լինել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի՝ տարիներ շարունակ գործող սայթը համալրվեց եւս մեկ էջով: Բացվել է «Իմ քահանան» բաժինը: Երեկ նախաձեռնողները եւ կազմակերպիչները լրագրողներին ներկայացրին ձեռնարկի նպատակը եւ խնդիրները: Ըստ թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, նպատակը հայորդիների հոգեւոր կարիքները սպասարկելն է. «Երիտասարդները հեռու են եկեղեցուց եւ եկեղեցի են մտնում մոմ վառելու կամ միջոցառումների ժամանակ: Մեր նպատակը հոգեւորականի հետ անմիջական հաղորդակցություն ապահովելն է, քանզի հոգեւոր մերձեցումն է կարեւոր: Նաեւ՝ որ մարդիկ մտածեն հոգու փրկության մասին եւ իրենց մեջ քրիստոնեական արժեքներ կրեն: Սփյուռքահայ երիտասարդների համար էլ սայթը մայր հայրենիքի հետ հաղորդակցության միջոց է»: Սրբազանի հավաստմամբ, սայթը օգտակար է նաեւ աղանդներով գայթակղվողների համար. «կօգնի կողմնորոշվել եւ ճիշտ ընտրություն կատարել»: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Շահե քահանա Հայրապետյանն էլ ասաց, թե սայթը խնդիր ունի ցույց տալ, թե ինչպիսին է հայ եկեղեցին. «սա շատ կարեւոր է ու նաեւ հոգեւոր տկարության նշան է», նշեց Շահե քահանան՝ նկատի ունենալով, որ շատերը նախընտրում են հոգեւորականի հետ վիրտուալ եւ ոչ իրական շփումը: Մինչդեռ «հավատացյալը պետք է ճանաչի իր հոգեւորականին» եւ հոգեւորականն էլ իր պարկեշտությամբ օրինակ լինի, այլապես հաջողություններ չեն լինի: Քահանային վիրտուալ դիմում են հիմնականում երիտասարդները (քանի որ ինտերնետից օգտվում են առավելապես երիտասարդները)՝ բազմազան հարցերով. միասեռականության, արտաամուսնական կապերի, դիակիզման վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումից մինչեւ մեղքերի, ուղղափառ եւ առաքելական եկեղեցիների տարբերությունը եւ Քրիստոսի պատգամները: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կարծիքով հարցը պայմանավորված է հարց տվողի ներաշխարհով եւ եկեղեցին էլ ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները. «հարցերի վերլուծությունը թույլ կտա ստանալ հայ երիտասարդների հետաքրքրությունների իրական պատկերը»: Հարցերին պատասխանում են նաեւ աշխարհիկ անձնավորություններ՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան եւ այլք: Նավասարդ սրբազանի հավաստմամբ, սրանք այն մարդիկ են, որ «ծառայում են մեր եկեղեցու կառույցներում, քաջածանոթ են եկեղեցու կյանքին: Լավ է, որ ոչ միայն հոգեւորականն է պատասխանում հարցերին, քանզի եկեղեցին հոգեւորականինը չէ՝ համայնքինն է»: Նախաձեռնողները հայտարարեցին, որ եղել են վիրտուալ խոստովանության փորձեր, սակայն եկեղեցին առաջարկել է անմիջական, իրական շփում, քանի որ «եկեղեցին կենդանի է, հեռակա չէ եւ չի կարող լինել ոչ իրական խոստովանություն: Ինչպես Քրիստոսը մարմնացավ եւ իրական դարձավ, այնպես էլ խոստովանությունը պետք է իրական շփմամբ լինի»: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել