Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ

Հունիս 09,2004 00:00

ՄԵԶԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ասուլիս էր հրավիրել Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստի արդյունքների առիթով: Սակայն առիթ չէր եղել անմիջականորեն այս նախարարությանն առնչվող մի շարք զարգացումների վերաբերյալ նրա մեկնաբանություններն ստանալ, ուստի երեկվա առիթն օգտագործվեց: Բայց նախ կոմիտեի նիստի մասին, որտեղ ինչպես պարզվեց, քննարկվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ խնդիրներ: Ըստ նախարարի. «հարցադրումները հիմնականում վերաբերում էին ընտրություններից հետո Հայաստանում ընթացող պրոցեսներին»: Տեսակետներ են եղել, որ՝ «այն քաղաքական կուլտուրան, որն անհրաժեշտ է ընդհանրապես այս կարգի խնդիրները լուծելու համար ավելի բարձր մակարդակի վրա գտնվի (Հայաստանը)»: Որ, իրոք, քաղաքական մշակույթի պակաս է եղել, «եվրոպական կողմն էլ համաձայնեց»: Սակայն կոնկրետացումներ չեն եղել, որովհետեւ դիրքորոշում արտահայտելու ֆորմալ պահանջ չի եղել: Իսկ ատոմակայանը փակելու Եվրամիության պահանջն ու հետագա զարգացումները պարոն Ճշմարիտյանն այսպես վերաձեւակերպեց. «նրանց անհանգստությունը նրանում է, որ փակելու խնդրի առաջ Հայաստանը չմնա ստիպված եւ առանց ֆինանսավորման աղբյուրի»: Գույք պարտքի դիմաց բանաձեւով ՌԴ-ին հանձնված ձեռնարկություններում, ըստ էության, այս պահի դրությամբ ներդրումներ չեն արվել (այս խնդիրը ՌԴ կառավարության առաջ բարձրացրել է նաեւ ՀՀ նախագահը), թեեւ նրանցից 2-3-ը աշխատում են: Ավելին, ներկայացված չեն անգամ ներդրումային ծրագրերը: Սակայն առավել ուշագրավ էին այս նախարարության ենթակայությամբ գործող Որակի պետական տեսչության շուրջ վերջին բացասական զարգացումների վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությունները: «Առավոտի» հարցին պատասխանելով նախարարն ընդունեց, որ արտադրություններ հիմնելիս, բավականաչափ ուշադրություն չի դարձվել (պետական մարմինների կողմից) որակի եւ հիգիենիկ պահանջների բավարարմանը: Այդ խնդրի լուծման ուղին հետեւյալն է, ըստ նրա. «պետք է մամուլը, սպառողների միությունը եւ բոլորս իրար հետ դառնանք պահանջատեր»: «Հարցին նայում եմ ընդհանուր քաղաքականության տեսանկյունից: Որակի տեսչությունը ընդամենը մեր նախարարության ստորաբաժանում է, եւ բոլոր մարդկային մեղքերի մեջ մեղադրել մի ստորաբաժանման»,- իր նախարարությանը վերապահված գործառույթի չկատարումը մեկնաբանեց նախարարը: Ընդհանրապես, պարոն Ճշմարիտյանը գտնում է, որ «սա լրջագույն խնդիր է, այսինքն՝ եւ շուկային է հարվածում, եւ նրանց, ովքեր այսօր որոշակի գումարներ են ծախսում, որպեսզի որակը կարողանան ապահովել»: Իսկ որակի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար նախարարը շնորհակալություն հայտնեց «Հայաստանյան PR ասոցիացիային», որի հրապարակած՝ թունավոր սուրճերի վերաբերյալ տվյալներն, ի դեպ, ի տարբերություն որակի տեսչության պաշտոնյաների, չհերքեց: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել