Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԼԻՄՈՆԻ

Հունիս 09,2004 00:00

ԸՆԴԴԵՄ ԼԻՄՈՆԻ Խմբագրությանն է դիմել «Հայր եւ որդի Սահակյաններ» ՍՊԸ-ի տնօրեն Միհրան Սահակյանը: Նա ընկերությանը պատկանող Մյասնիկյան 4 հասցեում գտնվող բենզալիցքավորման կայանի հեղուկ վառելանյութի տարողությունների շինությանը կից ցանկանում է ծաղկանոց-այգի կառուցել, որտեղ կաճեցվի նաեւ լիմոն: Քաղաքապետարանից, սակայն, նրան քանիցս մերժել են՝ տարբեր պատճառաբանություններով: Մինչ այդ թույլ չէին տալիս նաեւ Մ. Սահակյանին ավտոլվացման կայան կառուցել իր իսկ տարածքում: Ընկերության տնօրենը այս ամենում միտում է տեսնում. «Երեւի պատճառն այն է, որ ես «տանիք» չունեմ, իմ տանիքը ես եմ»: Պրն Սահակյանը պատմեց, որ 2000 թ. գործող բենզակայանի հարկերը շատ էին, ու որպեսզի կարողանար «դրանց տակից դուրս գալ», ստիպված որոշել էր ավտոլվացման կայան կառուցել, հետո, երբ թույլ չէին տվել, փոխել էր մտադրությունը՝ կամենալով գոնե այգի հիմնել: «1 տարի է՝ բախվում եմ քաղաքապետարանի հետ: Այս կամ այն պաշտոնյային ուղարկած նամակներս առայժմ «ճամփորդում» են՝ մեկից մյուսին մակագրվելով»,- դժգոհեց նա: «Ինձ մերժեցին, իբր բենզաբաքերի մոտ չի կարելի որեւէ բան կառուցել: Սա այն դեպքում, երբ ամբողջ Երեւանում մայթերին բենզակայան ու ավտոլվացման կետեր են սարքել: Մինչդեռ իմ բաքերը իզալացված են, հաստ պատերի մեջ են»,- պարզաբանեց Մ. Սահակյանը: Ի դեպ, առաջին անգամ քաղաքապետարանը նրան մերժել էր այն պատճառաբանությամբ, թե այգին եւ ծաղկանոցը կխանգարեն տրանսպորտի երթեւեկությանը: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետավտոտեսչության բաժնի պետ Ա. Էվինյանը դեռ անցած տարի գրավոր պատասխանել էր, որ պետավտոտեսչությունը չի առարկում բենզակայանի տարածքում ավտոլվացման կայան կառուցման կապակցությամբ: Համապատասխան գրավոր թույլտվություն ստացվել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հակահրդեհային ծառայությունից: «Մի անգամ էլ ասացին ծաղկանոցի նախագծային առաջարկ բեր, ես բավականին գումար վճարեցի ու բերեցի-հանձնեցի իրենց: Բայց նորից մերժեցին: Եթե պիտի մերժեին ՝ ինչու նախագիծ-առաջարկ պահանջեցին, իզուր գումար ծախսեցի: Ավելին՝ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանն ու նույն վարչության բաժնի պետ Լ. Կամսարականը ինձ ասացին՝ քանի մենք էստեղ ենք, որեւէ թույլտվություն չես ստանա: Ախր իմ տարածքն է, ժայռեր են ու անմշակ հող, եւ ես ուզում եմ ծաղկացնել՝ առանց որեւէ մեկին խանգարելու: Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչությունում ասում են, որ բենզաբաքերից 9 մետր հեռու պիտի այգիս հիմնեմ, բայց իրենց ասած 9 մետրը իմ տարածքից դուրս է: Իսկ ես մտադիր չեմ տարածքս ընդարձակել, որովհետեւ եղածի հարկերը հազիվ եմ վճարում»,- շարունակեց Մ. Սահակյանը: Դիմեցինք քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Դանիելյանին, ճշտելու՝ ինչի՞ն է խանգարում Մյասնիկյան 4 հասցեում գտնվող բենզակայանի տարածքում հիմնվելիք այգին: Պրն Դանիելյանը գործավարուհու շուրթերով փոխանցեց, որ «Սահակյան եւ որդիներ» ՍՊԸ-ի խնդրով զբաղվում են վարչության պետի տեղակալ Մեսրոպ Հարությունյանն ու Շենքերի ու շինարարությունների փաստաթղթերի ձեւակերպման բաժնի պետ Լինա Կամսարականը: Վերջինս նորից հիշեց բենզակայանի վերգետնյա բաքերը, հետո էլ ավելացրեց. «Եթե ուզում է, թող իր պարտեզը սարքի, պետք լինի՝ կաջակցենք: Բայց ինքն ուզում ա լիմոն աճեցնի ու բնականաբար նորմատիվ պահանջներին ոչ համապատասխան ծածկած տանիքով շինություն կառուցի: Ինչ վերաբերում է Միհրան Սահակյանի բենզակայանին, այն ի սկզբանե կառուցված է եղել նորմատիվ խախտումներով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել