Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 09,2004 00:00

Լուրերը պիտի տրվեն որպես փաստ «Առավոտի» 10-ամյակի կապակցությամբ շարունակում ենք տպագրել մեր մշտական ընթերցողների կարծիքները թերթի մասին: Այսօր խոսքը տալիս ենք ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին: «Ուրախ եմ, որ «Առավոտն» արդեն 10 տարի գոյատեւում է մեր նորանկախ Հայաստանում, նույնիսկ կարելի է ասել՝ նրա հասակակիցն է: Այս տարիների ընթացքում «Առավոտը» դարձավ շատ փնտրված թերթ: Եվ արդեն սովորույթի ուժով ամեն առավոտյան բոլորը ձեռք են մեկնում հենց «Առավոտին»: Ես նույնպես, վերցնելով թերթերի փաթեթը, առաջինը միջից հանում եմ «Առավոտը», աչքի անցկացնում, նոր անցնում մյուս թերթերին: Սիրում եմ հատկապես 1-ին եւ 2-րդ էջերի փոքրիկ լուրերը ընթերցել: Կարծում եմ, որ «Առավոտը» նաեւ մեր ժողովրդավարության նվաճումներից է, որովհետեւ եթե երկրում հաստատվում է ժողովրդավարություն, պետք է անպայման լինի մամուլի, խոսքի ազատություն: Դրա վառ օրինակը «Առավոտ» թերթն է: «Առավոտի» ամենաաչքի զարնող հատկանիշը, որն ուզում եմ ընդգծել, նրա անկախ եւ ազատ գործունեությունն է: Ինչ խոսք, թերթում կարելի է նաեւ ծայրահեղ կարծիքների հանդիպել, սակայն եթե ամեն հարցում անխտիր թերթը դրսեւորեր հավասարակշիռ պահվածք, կնշանակեր՝ ազատ չէր լինի: Այնպես որ, որոշ հարցերում ծայրահեղական մոտեցումներն էլ են ընդունելի: «Առավոտում» աճել է նաեւ լուրջ եւ փնտրված լրագրողների մի լավ սերունդ: Այդ սերնդի ներկայացուցիչներից ոմանք հետագայում տեղափոխվել են այլ լրատվամիջոցներ: Բայց ես համարում եմ, որ «Առավոտի» նվաճումներից է նաեւ այն, որ աճեցրել է նման մասնագետների, ունի իր «դպրոցը»: Կցանկանայի, որ «Առավոտում», եւ դա վերաբերում է նաեւ մյուս լրատվամիջոցներին, գոնե լուրերը տրվեն որպես փաստ, օբյեկտիվ, մերկ փաստ, եւ չմեկնաբանվեն: Այլ խնդիր է հոդվածը, որտեղ կարող են լինել մեկնաբանություններ եւ վերլուծություններ, բայց լուրերում դրանք ցանկալի է, որ չլինեն: Եվս մի ցանկություն ունեմ կապված «Առավոտի» աշխատանքների հետ. երբ բարձրացվում է որեւէ հիմնահարց, լավ կլիներ, որ մինչեւ վերջ հետամուտ լինեք այդ խնդրին, փորձեք լուծումներ փնտրել, ցույց տալ զարգացումները: Շնորհավորում եմ թերթին եւ նրա բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ հոբելյանի առթիվ, ցանկանում եմ, որ «Առավոտը» մեր երկրի հետ միասին հավերժ քայլեր եւ լիներ այնքան, ինչքան մեր ժողովուրդը»: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել