Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կողմ եմ ֆիզիկական պայքարին»

Հունիս 19,2004 00:00

«Ես կողմ եմ ֆիզիկական պայքարին» Ա. Սադոյանը «բիլակակռվի» է կանչում Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ընդդիմությանը մեղադրեց, որ չի կարողանում «տարրական բաներ կազմակերպել»։ Ասենք՝ պայքարել սափրագլուխների դեմ։ Պրն Սադոյանին վրդովվեցրել էր հատկապես ապրիլի 5-ին լրագրողներին ծեծի ենթարկած անձանց դատավարությունն իր դրսեւորումներով. «դատարանի դահլիճում չկարողացան ցույց տալ, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը ստրուկ չի»,- այդ թվում նաեւ լրագրողներին մեղադրանք առաջադրեց ԱԺԴ նախագահը։ Սակայն դիտարկմանը, որ նախեւառաջ կուսակցությունները պետք է իրենց ներկայությամբ փորձեին դա ապացուցել, Ա. Սադոյանի կողմից հետեւեց մեղադրանք «Ազգային միաբանությանը», որովհետեւ իր կազմակերպած հանրահավաքի ժամանակ էր միջադեպը եղել։ Բայց՝ «եթե մենք ստրուկ չենք, վախկոտ չենք եւ հայ ենք՝ պետք է կարողանանք մեր իրավունքների համար պայքարել։ Եթե կբռնեն, կնստացնեն՝ ոչինչ, բայց վախի մթնոլորտ ստեղծելով մենք երկիր չենք դառնա»,- ասում է պրն Սադոյանը։ Ազգային ժողովրդավարների դաշինքի նախագահն իհարկե կողմնակից չէ Լինչի դատաստանին, դեմ է նաեւ հրացանակռվին, բայց ֆիզիկական պայքարի ակտիվ կողմնակից է։ Ավելին՝ արդեն նախաձեռնել են մարդկանց հավաքագրում, ովքեր պատրաստ են առանց անունները թաքցնելու իրենց թաղերում պայքարել մարդու իրավունքների եւ ընդհանրապես արդարության համար։ ԱԺԴ նախագահն այդ կառույցները պայմանականորեն կոչել է՝ «մեկ զանգով ոտքի կանգնող եւ մարտնչող ժողովրդավարների բանակ»։ Այս պայքարը ԱԺԴ նախագահի պատկերացումներով, պետք է վերաճի ժողովրդականի, որն առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում երկրում արմատական փոփոխությունների կհանգեցնի, իր հետ բերելով լեգիտիմ իշխանություն։ «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք դա ամենօրյա քաղաքացիական բախումների չի հանգեցնի, պրն Սադոյանն արձագանքեց. «Եթե դա չանենք, մաքսիմումը, որին կհասնենք, պալատական հեղաշրջումն է»։ Իսկ ընդհանրապես, Ա. Սադոյանի կարծիքով՝ «կոլեկտիվ անպատասխանատվության» արդյունքում ընդդիմությունն այս փուլում որոշ անհաջողություններ ունեցավ. «Նեղը չենք ընկել,- ասաց նա,- բայց վերջին շրջանում գործընթացները չգնացին ինքնաբուխ ծավալման։ Ռեալ հնարավորությունները լայն են եւ հիմա որակը պետք է փոխել»։ Մեր դիտարկմանը, որ՝ «ստացվեց թե ընդդիմությունը տունտունիկ խաղաց ժողովրդի հետ», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմությունը փորձեց անել ամեն ինչ, որ առանց բախումների իշխանափոխության խնդիր լուծի։ Առնչվեցինք էնպիսի իշխանության հետ, որ ասացին՝ ձեզ մոտ տղամարդ կա՛, թող հրացանը վերցնի գա կռվենք։ Որ ընդդիմությունը հրացան չվերցրեց, ես չէի ասի դա տունտունիկ խաղալ էր»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել