Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱՅԱՑԱՎ

Հունիս 19,2004 00:00

ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱՅԱՑԱՎ Պորտուգալիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը: «B» խմբում Անգլիայի հավաքականը երկրորդ տուրում ուժերը չափեց շվեյցարացիների հետ եւ 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Հաջորդ փուլ անցնելու համար անգլիացիներին անպայման անհրաժեշտ էր վաստակել հաղթական երեք միավոր, քանի որ նրանք մեկնարկում զիջել էին խմբի առաջատար ֆրանսիացիներին: Ու այդ առաջադրանքը Սվեն-Երան Էրիկսոնի սաները հիանալի կատարեցին: Այդ հանդիպման հերոսը դարձավ 18-ամյա Ուեյն Ռունին` 23-րդ եւ 75-րդ րոպեներին երկու գնդակ անցկացնելով մրցակցի դարպասը: Ընդ որում, Ռունին յուրատեսակ ռեկորդ սահմանեց` դառնալով Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Մինչ այդ՝ ռեկորդակիրը Դրագան Ստոյկովիչն էր, որը 1984 թվականին գրավել էր Ֆրանսիայի դարպասը: Անգլիացիները մինչեւ վերջին վայրկյանը պահպանեցին բարձր տեմպը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից ութ րոպե առաջ Ջերարդը շվեյցարացիներին ստիպեց երրորդ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Նույն օրը Եվրոպայի դեռեւս գործող չեմպիոն Ֆրանսիան Խորվաթիայի հավաքականի հետ խաղում առաջին միավորը կորցրեց: Լեյրիայում կայացած հանդիպումում առաջինը գրավվեց խորվաթների դարպասը: Զինեդին Զիդանի կատարած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ խորվաթ Տուդորի ոտքին եւ հայտնվեց սեփական դարպասում: Դա այս առաջնությունում առաջին ու առայժմ միակ ինքնագոլն է: Մինչեւ ընդմիջումը ֆրանսիացիները որոշակի խաղային առավելություն ունեին, սակայն թիմերը հանգստի գնացին 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսը խորվաթներն սկսեցին ավելի ակտիվ եւ արդեն երեք րոպե անց 11 մետրանոց տուգանային հարված վաստակեցին: Այն հստակ իրացրեց Ռապաիչը` 1:1: Մի քանի րոպե անց Պրշոն առաջ մղեց իր թիմին: Թվում էր, թե ուր-որ է կգրանցվի առաջնության եւս մեկ սենսացիա: Սակայն Տրեզեգեն 64-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը` 2:2: «B» խմբի մրցաշարային աղյուսակ ՖՐԱՆՍԻԱ 2 1 1 0 4-3 4 ԱՆԳԼԻԱ 2 1 0 1 4-2 3 ԽՈՐՎԱԹԻԱ 2 0 2 0 2-2 2 ՇՎԵՅՑԱՐԻԱ 2 0 1 1 0-3 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել