Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

Հունիս 24,2004 00:00

ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ Իսկ մինչ այժմ հողատարածքը մշակել եւ այգիներ են դարձրել արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները: Օրերս քաղաքապետի որոշմամբ աճուրդի է հանվել Սեբաստիա-Կուրղինյան փողոցներին հարող 400 քմ հողատարածքը: Այն Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի գյուղվարչության պայմանագրով պատկանում է զոհված, գերված եւ հաշմանդամ ազատամարտիկների տասնյակ ընտանիքների: Աճուրդը կայացել է, չնայած այն բանին, որ թաղապետարանի հետ վարձակալների կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ այս տարվա աշուն: Ավելին՝ հողի ներկայիս վարձակալները պատահականորեն են իմացել, որ իրենց տարածքը քաղաքապետարանը աճուրդի է դրել: Փաստորեն, քաղաքապետարանի կողմից չի կատարվել պայմանագրի պահանջը, ըստ որի, աճուրդին մասնակցելու համար առաջնահերթությունը տրվում է վարձակալին: Երեկ «Առավոտին» դիմած զոհվածի մայր Անուշ Ղազարյանը, ազատամարտիկներ Սենիկ Կարապետյանը, 2-րդ կարգի հաշմանդամ Իվան Միրզոյանը, բազմազավակ ընտանիքի հայր Աշոտ Մանուկյանը, զոհվածի կին Ռիտա Սուքիասյանը, զոհվածի մայր Լեյլի Պողոսյանը եւ այլ ազատամարտիկների հարազատներ հուզված պատմում էին, որ, 1994 թվականից սկսած, այդտեղ այգիներ են մշակում, զոհված ամուսինների, որդիների հիշատակին պտղատու ծառեր են տնկում եւ ստացած բերքով «մի կերպ յոլա են գնում»: Նրանք պատմեցին. «Այս տարիների ընթացքում ոչ մի ղեկավարից օգնություն չենք խնդրել, մեր հողերը մշակել ենք եւ դրանով բավարարվել, սակայն վերջին մեկ տարում ինչ-որ մեծահարուստներ մեզ անընդհատ անհանգստացնում են՝ ակնարկելով, որ տարածքը մեր ձեռքից վերցնելու են: Իսկ քաղաքապետին հղած մեր դիմում-խնդրանքները՝ հողատարածքը զոհվածների ընտանիքներին սեփականաշնորհելու վերաբերյալ, այդպես էլ անարձագանք են մնում»: Բողոքավորների հավաստմամբ, դիմումների պատասխանները ստանալու ակնկալիքով հունիսի 22-ին էլ մինչեւ ուշ գիշեր քաղաքապետարանի շենքի առջեւ «քաղաքապետի կողմից արհամարհված» սպասել են, սակայն նրանց կրկին ոչ ոք չի ընդունել: Հողի ներկայիս տերերը պարզել են նաեւ, թե ովքեր են ապագա սեփականատերերը: Նրանց տվյալներով, տարածքի հավակնորդների թվում են մաքսային համակարգի, քաղաքապետարանի, թաղապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պետական այլ պաշտոններ զբաղեցնող անձինք: Երեկ ավելի ուշ տեղեկացանք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ճարտարապետն այցելել է տարածք՝ անհրաժեշտ չափագրումներ, գծագրումներ անելու եւ քաղաքապետին ներկայացնելու համար: Ազատամարտիկների հարազատների խոսքերով, ճարտարապետն իրենց տեղեկացրել է, որ հողատարածքի մի մասն արդեն վաճառված է, իսկ մյուս մասում նախատեսվում է կառուցել ինչ-որ շինություն: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել