Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյության պայքարում հաղթում է ուժեղը»

Հունիս 24,2004 00:00

«Գոյության պայքարում հաղթում է ուժեղը» «Առավոտի» 10-ամյա հոբելյանի կապակցությամբ շարունակում ենք ներկայացնել քաղաքական գործիչների կարծիքները մեր թերթի մասին: ԱԺ խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան – «Տաս տարի առաջ, երբ «Առավոտը» նոր-նոր սկսում էր հրապարակվել, հազիվ թե որեւէ մեկը վստահ լիներ, որ նոր թերթը կայանալու է ու ամրապնդվելու է տեղեկատվական դաշտում՝ իր ինքնատիպ ոճն ու դեմքը հաստատելով: Տաս տարի առաջ շաբաթը մի թերթ էր հիմնադրվում, այսօր այդ թերթերից շատերը չկան, «Առավոտը» մնաց, որովհետեւ գոյության պայքարում հաղթում է ուժեղը: Այսօր էլ «Առավոտը» ինքնատիպ է մնում լրատվական դաշտում՝ իր ընթերցողներին ապահովելով թե օրվա լրատվությամբ, թե վերլուծական հոդվածներով, որ քիչ է պատահում օրաթերթերի պարագայում: Շնորհավորում եմ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանին եւ «Առավոտի» բոլոր լրագրողներին, ցանկանում եմ, որ հետայսու էլ հրապարակումների կենտրոնում լինի մարդը՝ իր գործերով եւ աշխատանքի գլխավոր սկզբունքը մնա մասնագիտական պատվի ու ստորագրության պատասխանատվության զգացողությունը: Եվ թող ամեն առավոտ՝ ընթերցողները անհամբերությամբ իրենց ձեռքն առնեն «Առավոտը»՝ որոնելով «իրենց» լրագրողների անունները ու թերթը կարդան առաջինից մինչեւ վերջին էջը: ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյան- «Իհարկե, ինձ համար այնքան էլ հաճելի թերթ չի, բայց «Առավոտը» հասարակության մեջ իր տեղն ու դիրքը ունի: Եվ ընդունված է բոլորի մոտ, մի մասի մոտ՝ դրական, մի մասի մոտ՝ բացասական: Թերթի արձանագրային մասը ավելի քիչ է, իսկ բնութագրային մասը՝ ավելի շատ: Ինձ դուր չեն գալիս չհիմնավորված լուրերը, եւ այն, որ «Առավոտը» անընդհատ փորձում է տարբեր քաղաքական գործիչներին եւ ուժերին իրար դեմ լարել: Իր առաջին էջի ձախ կողմում գրված նյութերի կանխատեսումները գրեթե միշտ իրականանում են, այնպես որ կարող ենք ասել, որ «Առավոտը» կանխատեսումների առումով լուրջ հաջողություններ ունի: Էն քիչ թերթերից է, որ ես ամեն օր ամբողջությամբ կարդում եմ, եւ ձեռք եմ բերում հիմնական ինֆորմացիան, թե որ կուսակցությունը եւ քաղաքական ուժը ինչ քայլ է անելու հետո, թերթը միշտ դա կանխատեսում է»: Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել