Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Հունիս 24,2004 00:00

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Ծաղկաձորը միշտ էլ եղել է Հայաստանի ակտիվ հանգստի կենտրոններից մեկը Իսկ 70-ականների սկզբներից, շնորհիվ օլիմպիական մարզաբազայի, նաեւ մարզական խոշոր խաչմերուկ էր ամբողջ Եվրոպայի համար: Խորհրդային տարիներին այնքան մեծ էր օլիմպիական բազայի պահանջարկը, որ անգամ Հայաստանի հավաքականներն այնտեղ ուսումնա-մարզական հավաքներ կազմակերպելու համար պետք է Մոսկվայի թույլտվությունն ստանային: Հիմա Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան տարվա բոլոր եղանակներին կրկին դեպի իրեն է ձգում մարդկանց: Սակայն հանգստի եւ մարզումային պայմաններն արդեն չեն բավարարում ժամանակակից պահանջները: Դա վերաբերում է նաեւ ճոպանուղուն: Օլիմպիական ավանին երկրորդ կյանք տալու մասին արդեն մի քանի տարի է, ինչ մտածում են սպորտվարչությունում եւ օլիմպիական կոմիտեում: Անցած տարի բանակցություններ էին վարվում Ռուսաստանի սպորտկոմիտեի հետ: Բազայի շահագործման հնարավորություններին ու հեռանկարներին ծանոթանալու նպատակով Ծաղկաձոր ժամանեց ՌԴ սպորտի նախարար Վյաչեսլավ Ֆետիսովը: Բանակցությունների մեջ ներգրավվեց նաեւ իտալական «Ռենկո» ֆիրման: Նրանք համաձայն էին ձեռնամուխ լինել աշխատանքներին, իրենք էլ ներդրումներ կատարել, որոնց չափը տասնյակ միլիոնների էր հասնելու: Սակայն դրա դիմաց պահանջում էին նախ եւ առաջ սեփականաշնորհել օլիմպիական բազան, իսկ հետագայում շահագործումից ստացվելիք գումարներից որոշ տոկոսներ տալ Հայաստանին: Ի պատիվ հանրապետության ու նաեւ սպորտի ղեկավարության, նրանք չհամաձայնեցին այդ առաջարկներին ու շարունակեցին այլ տարբերակներ որոնել: Անցած տարի «Լինսի» հիմնադրամով հիմնովին վերանորոգվեց օլիմպիական ավանի ծածկած լողավազանը, վերակառուցվեց հյուրանոցային համալիրի երրորդ մասնաշենքը: Պետք է ասել, որ այդ լողավազանը միակն է Եվրոպայում, որ ունենալով 50 մետր երկարություն եւ համապատասխանելով միջազգային բոլոր չափանիշներին, գտնվում է ծովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա: Իսկ դա մեծ սպորտում բարձր արդյունքներ ցույց տալու համար նախապատրաստության եզակի պայման է: Ինչ վերաբերում է ճոպանուղուն, հանրապետության մարզական ղեկավարության ընտրությունը տեւական փնտրտուքից հետո կանգ առավ Ավստրո-իտալական «Լայթներ» ֆիրմայի վրա, որն աշխարհում առաջատարն է ճոպանուղիների շինարարության գործում: Ճիշտ է, նրանց ներկայացրած նախնական հաշվարկները նույնպես բավականին բարձր էին (երեք գծերից յուրաքանչյուրը՝ 3,5-4 միլիոն եվրո), սակայն, ի վերջո, հաջողվեց փոխադարձաբար ձեռնտու գին պայմանավորվել (առաջին երկուսի համար՝ 2,5 միլիոն եվրո), որն արդեն Հայաստանը փոխանցել է ֆիրմայի հաշվեհամար: Հունիսի 22-ին ճոպանուղու շինարարությունն սկսվեց, արվեցին հենասյուների առաջին նշակետերը: Հողային աշխատանքներն ու հենասյուների ապամոնտաժումն իրականացնում են հայաստանյան կազմակերպությունները, որի ավարտից հետո գործի կանցնեն արդեն «Լայթներ» ֆիրմայի մասնագետները: Հենց ճոպանուղու մոտ զրուցեցինք սպորտվարչության պետ եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: – Պարոն Զաքարյան, նոր ճոպանուղու կառուցումով ի՞նչ է փոխվելու Ծաղկաձորում: – Շատ բան: Քննարկվել են մի քանի տարբերակներ, սկսած փակ խցիկներից մինչեւ անհատական տեղերն ու նստարանները: Բայց քանի որ այստեղ պայմանները բացառիկ են, ճոպանուղին սկսվում է 2 հազար մետր բարձրությունից, իսկ երկրորդ եւ երրորդ գծերը՝ 2,5 հազար մետրից եւ ավարտվում 3 հազար մետրի վրա, կառույցն ինքնին բացառիկ է դառնում: Ֆիրմայի տեխնիկական տնօրենը երկու անգամ եկել է Ծաղկաձոր, բավականին երկար ժամանակ միասին աշխատել ենք: Ըստ պայմանագրի, առաջին գիծն ունենալու է չորս տեղանոց նստարաններ եւ ժամում 1000-1200 մարդ թողունակություն, երկրորդ եւ երրորդ գծերը՝ երկու տեղանոց նստարաններ եւ ժամում համապատասխանաբար 800-1000 եւ 650 մարդու սպասարկում: – Ե՞րբ է նախատեսվում նոր ճոպանուղու շահագործումը: – Այս տարի կառուցվելու են միայն առաջին եւ երկրորդ գծերը, որոնք պատրաստ կլինեն արդեն նոյեմբերի վերջին: Իսկ երրորդ գծին կանցնենք եկող տարվա գարնանը: Ասեմ, որ երրորդ գծի կողքին կառուցվելու են նաեւ երկու նոր բուգելներ՝ արդեն զուտ սպորտային նշանակության: Դրանք սպասարկելու են միայն դահուկուղիները: Ընդհանրապես, այս շինարարությունով Ծաղկաձորում բազմաթիվ նոր ենթակառուցվածքներ են լինելու: Ճոպանուղու ամբողջ շրջակայքում ստեղծվելու են մարդկանց ակտիվ հանգստի համար անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես, ճոպանուղու ստորոտում կառուցվելու են երկու մեծ ավտոկանգառ, «Բուրան» ամենագնացների համար՝ կայանատեղի, մարզագույքի վարձույթի եւ վաճառքի սրահներ, բժշկական կետ, սննդի տաղավարներ եւ այլն: – Իսկ ի՞նչ եք անելու հին ճոպանուղին: – Գծերից մեկը տեղադրվելու է Ջերմուկում, մյուսը՝ Աղվերանում: Երրորդի մասին դեռ կոնկրետ տեղ որոշված չէ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել