Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞Ն

Հունիս 29,2004 00:00

ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ԵԼՈՒՅԹԸ Ռոբերտ Քոչարյանի Ստրասբուրգում ունեցած ելույթի ղարաբաղյան հատվածի վերաբերյալ տարակարծություններ ունեցողներին առաջարկում է այս հարցին պատասխանել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: – Ակնհայտ է, որ Վրաստանի եւ անգամ Ադրբեջանի նախագահները ԵԽԽՎ-ում ավելի ջերմ ընդունելության արժանացան, քան Ռոբերտ Քոչարյանը: Առաջիններին պատվիրակները ողջունում էին հոտնկայս ծափահարություններով, իսկ մեր երկրի ղեկավարի պարագայում՝ միայն ոտքի կանգնեցին, երբ նա ներս մտավ: Ինչպե՞ս եք բացատրում վերաբերմունքի նման տարբերությունները: – Նախ ասեմ, որ ելույթները տարբեր հարթություններում էին եւ ունեին տարբեր տրամաբանություն: Եվ երկրորդը՝ չպիտի մոռանանք, որ ե՛ւ Իլհամ Ալիեւը, ե՛ւ Միխեիլ Սահակաշվիլին եղել են խորհրդարանական վեհաժողովի անդամներ: Այս տարբերությունները, բնականաբար, իրենց անդրադարձն ունեցան պատգամավորների վերաբերմունքի վրա: – Իսկ ինչպե՞ս եք բացատրում Հայաստանի պատվիրակության փոքր-ինչ տարօրինակ կազմը՝ ԵԽԽՎ նիստերի դահլիճում ներկա էին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն ու օգնականը, այլ նաեւ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության ղեկավարն ու ամենակարեւորը՝ Երեւանի «Կենտրոնի» համայնքապետը: Ստրասբուրգում նման բանի ականատես եղե՞լ եք, որ որեւէ երկրի ղեկավար ելույթ ունենալիս էլ թիկնապահի կարիք զգա: – Որեւէ երկրի նախագահ երբ ելույթ է ունենում խորհրդարանական վեհաժողովում՝ նրան ուղեկցող անձինք զբաղեցնում են իրենց տեղերը, իսկ պատվիրակության անդամները զբաղեցնում են դահլիճում իրենց տեղերը: Սա է ընդունված ձեւը: Իսկ թե Հայաստանի պատվիրակության կազմն ինչպես էր ընտրված եւ ինչով էր պայմանավորված՝ ճիշտն ասած, չեմ կարող ասել: – Արդյոք լավ տոնի արտահայտությո՞ւն է ԵԽԽՎ ամբիոնից, ուր գերազանցապես մարդու իրավունքների մասին է խոսվում՝ ոստիկանության գործողությունները գովերգելը, ինչն արեց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, թե ի տարբերություն Վրաստանի՝ մեր ոստիկանությունն ի վիճակի է պահպանել հասարակական կարգը եւ ապրիլի 12-ի գիշերը նրանք դա իրականացրին շա՜տ արագ: – Չեմ կարծում, թե գովերգելու խնդիր կար: Ուղղակի քանի որ ապրիլի 12-ի եւ դրանից հետո ու առաջ կատարված իրադարձությունների հետ կապված որոշակի հետաքրքրություն կար խորհրդարանական վեհաժողովում, ինչի վկայությունն էր նաեւ ապրիլյան նստաշրջանի բանաձեւը՝ նախագահը ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք կատարվել են Հայաստանում: – Քաղաքագետները պնդում են, թե միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Քոչարյանի ելույթը «Ղարաբաղը մերն է» մոտեցման մի տարբերակն էր՝ հայդատականության տարրերով: Նաեւ կանխատեսում կա, որ ելույթը կունենա բացասական հետեւանքներ Հայաստանի համար՝ միջազգային կառույցներն այն կընկալեն իբրեւ Հայաստանի տարածքային հավակնությունների արտահայտություն: Եվ Թերի Դեւիսը հաջորդ օրն իսկ հակադրվեց՝ հիշեցնելով, թե համաշխարհային հանրությունն Ադրբեջանին ճանաչել է ներկա սահմանների շրջանակներում՝ ներառյալ Ղարաբաղը: – Թերի Դեւիսը չի ասել, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածի հետ կապված եւ այլն: Նա խոսել է այս ամբողջ ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասին եւ հիշեցրել ՄԱԿ-ի 1993-ի բանաձեւը, որտեղ ձեւակերպումը հետեւյալն է՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքը»: Այսինքն՝ նա խոսում էր կատարվածի մասին, եւ ոչ թե ասում, թե սա է հիմքը, որի վրա պետք է զեկույց կառուցենք կամ հետագայում ընդունվեն որոշումներ լուծումների հետ կապված: Ես կարծում եմ՝ ուղղակի պարզամիտ մոտեցում եւ մեկնաբանություն է Ձեր մեջբերած տեսակետը: Եվ պատահական չէ, քանի որ Հայաստանում, ցավոք, գրեթե չկան լուրջ վերլուծաբաններ: – Ես մեջբերել եմ քաղաքագետ, արտգործնախարարի նախկին խորհրդական Ստեփան Գրիգորյանի հրապարակավ արտահայտած տեսակետը: – Ստեփան Գրիգորյանին Ագոյի խմբի հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ՝ նրանց վերջին այցի ժամանակ, խնդրեցին ազատել սենյակը՝ իր անզուսպ արտահայտությունների հետ կապված: Կարծում եմ, մարդիկ, ովքեր իրենց համարում են իսկապե՛ս վերլուծաբաններ՝ պիտի ներկայացնեն, թե իրենց կարծիքով ինչպիսի՞ն պիտի լիներ ղարաբաղյան հարցի ներկայացումը, քանի որ ուղղակի ինչ-որ պիտակներ կպցնելը, համոզված եմ՝ երբե՛ք որեւէ վերլուծական մտքի վկայություն չէ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ի դեպ, երեկ ասուլիսում պրն Թորոսյանը նշեց, թե ԵԽԽՎ-ում շատ լավ է ընդունվել այն գաղափարը, որ եթե Հայաստանում մինչեւ հոկտեմբեր չարձանագրվեն «արտառոց իրադարձություններ»՝ բանաձեւերի կատարման վերաբերյալ քննարկումն արժե հետաձգել մինչեւ հունվար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել