Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանված եզդիներն ու տնից վտարվածները

Հունիս 29,2004 00:00

Թալանված եզդիներն ու տնից վտարվածները Երեկ նախագահի նստավայրի առջեւ ցուցարարների 2 խումբ կար Հյուսիսային պողոտայի բնակիչները նախագահից պահանջում էին «կասեցնել դատական մսաղացը», Արագած գյուղի եզդիներին էլ մտահոգում էր իրենց կորած 26 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ճակատագիրը: Սկսենք ազգային փոքրամասնությունից: Ամասիայի շրջանի Արագած գյուղի մի խումբ եզդիների պատմելով, մոտ 18 օր առաջ դիմել են տեղի ոստիկանություն եւ հայտնել, որ հունիսի 10-ի գիշերը արոտավայրից գողացել են իրենց անասունները: Ռոստամ Օսմանյանի խոսքերով, իրավապահները պարզել են, որ գողերը կտրել են հայ-թուրքական սահմանի փշալարերը, անասուններն անցկացրել Թուրքիա: Ըստ եզդիների, դեպքի առնչությամբ ոստիկանները երկու ռուս զինվորական են ձերբակալել եւ դրանով սահմանափակվել: Սակայն ռուս սահմանապահների հետ համագործակցող գողի անձն այդպես էլ չեն պարզել: Գյուղացիների ներկայացմամբ, արդեն 4-րդ տարին է, որ անասնագողերը ռուս սահմանապահների եւ թուրքերի հետ գործարքի մեջ են. «Նախորդ տարի էլ մեր համագյուղացու 40 գլուխ անասունը գողացան, ինչի պատճառով անասնատերը սրտի կաթվածից մահացավ, իսկ գողին այդպես էլ չհայտնաբերեցին»,- պատմեց Մանվել Ղազարյանը: Նա վրդովված նկատեց. «Ռուսները խոպան են եկել: Այսօր մեր անասունները վաճառելու համար են սահմանը բացում, վաղը՝ մեր երեխաներին կվաճառեն եւ կրկին անպատիժ կմնան»: Երեկ եզդիներից տեղեկացանք, որ անասնագողերի անձերը պարզելու պահանջով նրանք Շիրակի մարզպետին ու ոստիկանապետին, նաեւ ՀՀ վարչապետին են դիմել, սակայն՝ անօգուտ: Եզդիները հույս ունեին, որ իրենց հարցերը գոնե «երկրի թագավորը կլուծի»: Հյուսիսային պողոտայի բնակիչները բողոքում էին, որ իրենց բնակարանների դիմաց պետության տված «առանց այդ էլ չնչին փոխհատուցումից» 10 տոկոս եկամտահարկ են պահում: Ավելին, «պետությունը մեր սեփականությունը վերցնում է իր կարիքների համար, բայց փաստաթղթերում ձեւակերպվում է առուվաճառք, որ մուծումները մենք անենք»: Նրանք սրտնեղած էին նաեւ, որ դատական նիստերը կայանում են առանց իրենց ծանուցելու, իսկ երբ մասնակցում են՝ «ձայնի իրավունք չունենք, երկու րոպեում վտարման որոշումն անգիր արածի պես կարդում են ու վերջ»։ Նախագահականից առաջարկել են գրավոր ներկայացնել բողոքները եւ արագ հեռանալ տարածքից: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել