Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱ

Հուլիս 02,2004 00:00

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱ Ավարտվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը ԱԺ նախագահի այցը լուսաբանվում էր բուլղարական լրատվամիջոցների կողմից։ Մասնավորապես՝ բուլղարական ազգային հեռուստաընկերությունը, մասնավոր BTV, NTV, TVEVROPA, DIEMA-ն եւ այլ հեռուստաընկերություններ մանրամասն ցուցադրում էին այցի մանրամասները եւ մեկնաբանում այն՝ որպես երկու երկրների համար խիստ կարեւոր նշանակության այց։ Երեկ առավոտյան հայկական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ մասնակցելու Ժողովրդական ժողովի առավոտյան նիստին։ Այստեղ խորհրդարանը դեռ շարունակում է աշխատել։ Ներկա-բացական արվում էր անուն առ անուն, ներկաները ձեռք էին բարձրացնում։ Բուլղարական խորհրդարանը 240 պատգամավոր ունի, որից 2-ը հայ է, 20-ը՝ թուրք, 40-ը՝ կին, մնացածը բուլղարներ են։ Կան նաեւ հրեա պատգամավորներ, որոնց մասին չէին ուզում խոսել՝ նրանց համարելով բուլղար։ Ի դեպ, նաեւ թուրքերն ու հայերը այստեղ ներկայացված են ոչ թե ազգության համար։ ԺԺ փոխնախագահը հայտարարեց, որ դահլիճում են Հայաստանի ԱԺ նախագահը եւ հայ պատգամավորներ։ Բուլղարները ծափահարեցին։ Փոխնախագահը շեշտեց, որ Բուլղարիան ու Հայաստանը դարավոր բարեկամներ են ու հարկավոր է ավելի ամրապնդել տնտեսական եւ քաղաքական կապերը։ Երեկ ավարտվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բուլղարիա, եւ հուսով ենք՝ ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները մի փոքր կհանգստանան։ Երեկ առավոտյան բուլղարական Ժողովրդական ժողովում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽ ԽՎ-ի նախագահի տեղակալ, ԵԽ ԽՎ-ում բուլղարական պատվիրակության ղեկավար, ազգությամբ թուրք Յունաշ Լյութֆիի հետ։ Սա բավականին հետաքրքիր, հոգեբանական հանդիպում էր։ Պրն Լյութֆին երկվության մեջ էր. մի կողմից՝ նա պարտավոր էր խոսել որպես ԵԽ ԽՎ նախագահի տեղակալ, բուլղարացի, մյուս կողմից՝ որպես թուրք ստիպված էր լսել, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը խոսում հայոց ցեղասպանության, նրա ճանաչման, ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Թեպետ այս օրերին բոլորը միայն ֆուտբոլով են զբաղված, բայց կարելի է արձանագրել, որ Յունաշ Լյութֆի-Արթուր Բաղդասարյան հանդիպումը անցավ 0։1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի ԱԺ նախագահի։ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանը հանդես է գալիս իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու քաղաքականությամբ եւ վստահ է, որ բոլոր հակամարտությունները կարելի է լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով։ Կարեւորվեց Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային համագործակցությունը։ ԱԺ նախագահը Բուլղարիայում իր բոլոր հանդիպումների ժամանակ խոսում էր նաեւ «ՏՐԱՍԵԿԱ»-ի մասին, ընդ որում՝ դա շատ դուր էր գալիս բուլղար պաշտոնյաներին։ Երեկ եւս Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ շատ կարեւոր է «ՏՐԱՍԵԿԱ»-ի շրջանակներում համագործակցության խորացումը։ Ասվեց, որ ճիշտ կլինի այս հարցում կարեւորել խորհրդարանական շփումների անհրաժեշտությունը եւ որ տրանսպորտային միջանցքի օգտագործումը տնտեսական եւ քաղաքական կարեւոր նշանակություն կունենա. «Այս կապը մենք պետք է կարողանանք երաշխավորել, եւ Հայաստանն իր դերակատարությունը կարող է ունենալ, եւ նաեւ Բուլղարիայի շահերից է բխում, որ Բուլղարիան կապող կամուրջ դառնա Արեւմուտք-Արեւելք շփումներում»։ Ասվեց նաեւ, որ հայ-բուլղարական հարաբերությունները նոր թափ ստանալու անհրաժեշտություն ունեն եւ որ Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհը անբեկանելի է։ Յունաշ Լյութֆին իր հերթին խոսեց Բուլղարիայում ազգային փոքրամասնությունների մասին, ասաց, թե Բուլղարիայում շատ են հարգվում մարդու իրավունքները, նաեւ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները. «Այստեղ Մակեդոնիա չէ, Կոսովո չէ, Բոսնիա չէ, այստեղ Բուլղարիա է, ուր հարգվում են մարդու իրավունքները եւ փոքրամասնությունների իրավունքները»։ Հետո ԵԽ ԽՎ նախագահի տեղակալը փորձեց հայերի մասին իր գիտելիքներով փայլել ու հայտարարեց, թե Բուլղարիայում հայկական 20 եկեղեցի կա։ Իրականում Բուլղարիայում հայկական 6 եկեղեցի կա եւ 15 մատուռ։ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բուլղարիա չափազանց հագեցված էր, ընդ որում՝ բավականին ազդեցիկ բուլղարական պետական պաշտոնյաների եւ քաղաքական ուժերի հետ։ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծված ձեւով շեշտեց միջպետական հարաբերությունների շրջանակներում միջկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը։ Իսկ Բուլղարիայի ԺԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վենկո Ալեքսանդրովը Հայաստանի ԱԺ նախագահին անվանեց «նոր մտածողությամբ քաղաքական գործիչ, որը խաղաղություն է բերում իր շրջապատին՝ դառնալով իշխանություն-ընդդիմություն հակամարտության հաշտարար եւ հավասարակշռությունը պահպանող՝ Հայաստանի քաղաքական դաշտում»։ Երեկ օրվա երկրորդ կեսին Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բուլղարիայի վարչապետ Սիմեոն Սաքս-Կոբուրգ-Գոտտսկու հետ։ Վերջինս պատմական անձնավորություն է Բուլղարիայում։ Եղել է Բուլղարիայի թագավորը, հետո հեռացել է երկրից, վերադարձել է 96-ին։ Գլխավորում է «Ազգային շարժում Սիմեոն Երկրորդ» կուսակցությունը, որը մեծամասնություն է բուլղարական խորհրդարանում։ Սիմեոն Սաքս-Կոբուրգ-Գոտտսկի անունը բուլղարները սիրով են արտաբերում եւ շարունակում են նրան ընկալել որպես երկրի նախագահ։ Արթուր Բաղդասարյանի եւ Բուլղարիայի ներկայիս վարչապետի հանդիպումը բավականին ջերմ էր։ Սիմեոն Երկրորդը ասաց, թե հիացած է Արթուր Բաղդասարյանի այցի հագեցվածությամբ եւ խոստացավ, որ կաջակցի այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը։ Այս հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանի (թերեւս նաեւ՝ Բուլղարիայի համար) խիստ կարեւոր Երեւան-Սոֆիա օդային ճանապարհի բացման հարցը։ Կարեւորվեց նաեւ Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհին բուլղարական փորձի կիրառումը, նաեւ՝ եվրոպական միջազգային կառույցներում Հայաստանի ակտիվացումը։ Տարածաշրջանային տնտեսական համագործակցության եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ին Հայաստանի մասնակցության շահեկանության հարցը եւ անհրաժեշտությունը կարեւորվեց նաեւ Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Սոֆիա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031