Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Ոսկե ծիրան-2004»-ը

Հուլիս 07,2004 00:00

Ավարտվեց «Ոսկե ծիրան-2004»-ը Ինչո՞ւ «Ոսկե ծիրան»։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր ծիրանի տոն կազմակերպել։ Գաղափարը դուր է եկել կազմակերպիչներին եւ ծնվել է անվանումը։ Ծիրանի խորհրդանիշը եւ աֆիշները ձեւավորել է հոլիվուդյան հայտնի դիզայներ, մեր հայրենակից Վահե Ֆաթալը։ Փառատոնի մրցութային վեց ծրագրերում ներկայացված էր 121 ֆիլմ։ Փառատոնը պիտի դառնա ավանդական՝ համոզված են նրանք։ Դա Հայաստանում կինոյի զարգացման կարեւոր նախապայմաններից է։ Իսկ այս՝ արդեն կայացածի մասին կարծիքները տարբեր էին։ «Փառատոնը միայն բացում եւ փակում չէ։ Ֆիլմերը ցուցադրվում էին դատարկ դահլիճներում։ Ճիշտ չէր աշխատանքը լրատվամիջոցների հետ։ Նախապես հասարակությանը պիտի տեղեկացվեր ցուցադրվելիք ֆիլմերի ցանկի մասին, պետք է ապահովվեր որոշակի դաշտ»,- գտնում էին հյուրերը։ Հնչեց նաեւ այն կարծիքը, որ չպետք է միջազգային կոչել փառատոնը եւ այն անցկացնել միայն հայկական ֆիլմերի շրջանակներում։ Մասնակիցները դժգոհ էին նաեւ, որ չէր հոգացվել սննդի հարցը։ Միայն հյուրանոցի ապահովումը դեռ հրավեր չէ՝ կարծում էին նրանք։ Շատ էին ծրագրային փոփոխությունները։ Սակայն կային նաեւ յուրօրինակ մոտեցումներ։ Հետաքրքիր էր կազմակերպել «Անհետացումից անդին» փարաջանովյան արվեստին նվիրված ինստալյացիան ֆրանսուհի Ռաֆայել Վերհեռլինգը, որը տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում՝ Ազգային ֆիլմադարանի տարածքում։ Չնայած դժգոհություններին, համընդհանուր ներողամտություն կար։ Չէ՞ որ առաջինն էր եւ մեկտեղ էին հավաքվել հայեր, որոնցից ոմանք Հայաստանում առաջին անգամ էին։ Որպես թերություն նշվեց նաեւ մասնակիցների միջեւ շփման դաշտի բացակայությունը։ Ինչեւէ, փառատոնը կայացավ եւ խաղարկային ֆիլմերի համար սահմանված «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց Ատոմ Էգոյանի (Կանադա) «Արարատ» ֆիլմին։ Հատուկ մրցանակ ստացավ «Տեղ երկրի վրա» ֆիլմը, ռեժիսոր՝ Արթուր Արիստակեսյան (Ռուսաստան)։ Կարճամետրաժ ֆիլմերի ժանրում (որը, ի դեպ, ինչպես նշվեց, հայ ռեժիսուրայի նվաճումներից է, քանի որ այս բնագավառում հայաստանցիները ասելիքի առումով առաջնային են, սակայն ձեւի հարցում զիջում են Արեւմուտքին) «Ոսկե ծիրանը» ստացավ Ստեֆան Էլմաջյանը (Ֆրանսիա)՝ «Freedub 1» ֆիլմի համար։ Հատուկ մրցանակը շնորհվեց Կոմս Շահբազյանի (Բելգիա) «Y.U.L.» ֆիլմին։ Փաստագրական ֆիլմաշարում ժյուրիի մրցանակ ստացավ Գեորգի Փարաջանովը (Ռուսաստան)՝ «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմի համար, հատուկ մրցանակի արժանացավ Քրիստինա Դավիդյանցը (Էստոնիա)՝ «Ինտիմ քաղաքը» ֆիլմով։ Իսկ այդ ժանրում «Ոսկե ծիրանը» շնորհվեց Արմեն Խաչատրյանի (Հայաստան) «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմին։ Անիմացիոն եւ փորձարարական ժանրում հատուկ մրցանակը տրվեց Սերժ Ավետիքյանին (Ֆրանսիա)՝ «Կյանքի գծեր» ֆիլմի համար, «Ոսկե ծիրանը» շնորհվեց դարձյալ Ստեֆան Էլմաջյանի «Freedub 1» ֆիլմին։ Ուսանողական եւ դեբյուտային ֆիլմերի համար «Ոսկե ծիրան» ստացավ Մարիա Սահակյանը (Հայաստան-Ռուսաստան)՝ «Հրաժեշտ» ֆիլմի համար։ Ֆրունզե Դովլաթյանի անվան «Հույս» մրցանակը շնորհվեց Վարդան Հակոբյանի «Քաղաք» ֆիլմին։ Այս ժանրի ֆիլմերը ստացան նաեւ դիպլոմներ։ Վիդեոարվեստում «Ոսկե ծիրանը» շնորհվեց Դիանա Հակոբյանին (Հայաստան)՝ «Ես չեմ հավատում ձեր երազներին» ֆիլմի համար։ Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի մրցանակը ստացավ Էդգար Բաղդասարյանի (Հայաստան) «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը։ Փառատոնի փակումը հայտարարեց պատվավոր նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Ես միանգամից համաձայնեցի նախագահել փառատոնը,- ասաց նա,- կինոն ինձ շատ հոգեհարազատ է։ Ես կինոյին մոտ կանգնած մարդ եմ։ Պատրաստ եմ անել ամեն ինչ, որ Հայաստանում կինոարվեստը զարգացում ապրի»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել