Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼՑԱՆՑԸ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ

Սեպտեմբեր 01,2004 00:00

Եվ «ղազագիր»
պահանջում իրեն դատարանում
հաղթած քաղաքացուց
«Հայէլցանցերը» նոր խնդիրներ է հարուցել ալավերդցի Սամվել Ծատինյանի համար, որի խոզը հոսանքահարվելուց սատկել էր, իսկ այդ պատմությունը www.hetq.am-ի հեղինակությամբ տպվել էր «Առավոտում»: Հիշեցնենք, Ծատինյանը դատի էր տվել էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը, վերջինիս մեղադրելով կաբելային գծերի կառուցման կանոնների խախտման մեջ. էլեկտրական մալուխները՝ սահմանված 70 սանտիմետրի փոխարեն, գետնի տակով անցնում էին 40 սմ խորությամբ: «Հայէլցանցերը» պարտվել է դատարանում, պարտավորվելով, որպես վնասի փոխհատուցում, խոզատիրոջը վճարել 240 հազար դրամ: Բաշխիչ ցանցերի սեփականատերը դժգոհ է դատարանի վճռից ու վերաքննիչ դատարան դիմելուց բացի՝ ձեռնարկել է այլ «պատասխան քայլեր» եւս:

Երեկ Սամվել Ծատինյանը Ալավերդիից զանգեց խմբագրություն՝ հայտնելով. «Իմ խոզի սատկելու մասին նյութը մեծ արձագանքներ ունեցավ Ալավերդիում, որի արդյունքն այն է, որ այսօր ամբողջ ազգուտակով հոսանք չունենք»: Հոսանքի մատակարարումը դադարեցվել է կիրակի օրը, երկուշաբթի երեկոյան դեռ վերականգնված չէր: Դատը շահած խոզատերն ասաց, որ հոսանքի դիմաց ոչ մի կոպեկ պարտք չունի: Բացի այդ, Ծատինյանի տեղեկացմամբ, ընտրողաբար անջատել են նաեւ քաղաքի տարբեր հատվածներում բնակվող բոլոր Ծատինյանների հոսանքը՝ «իմ եղբոր, հորեղբոր տղայի, հորաքրոջ աղջկա եւ ընդհանրապես բոլոր Ծատինյաններինը»: Մեր տարակուսանքներին ի պատասխան Ծատինյանը հավաստիացրեց, որ հոսանքազրկումը բացառապես կապված է հրապարակված նյութի հետ:

Չենք բացառում, որ հոսանքազրկված Ծատինյաններից ոմանք պարտք կունենան, սակայն հետաքրքիր է, որ էլցանցի պետը՝ Արթուր Նալբանդյանը չի թաքցրել հոսանքազրկման իրական պատճառը: «Հայէլցանցերին» հաղթած խոզատիրոջ պատմելով՝ փողոցում նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ էլցանցի պետի միջեւ: Վերջինս հայտնել է, որ հոսանքի մատակարարումը չի վերականգնի՝ մինչեւ Սամվել Ծատինյանը «ղազագիր» չգրի, այսինքն թերթի միջոցով մեզնից ներողություն չխնդրի: Նույնիսկ առաջարկել է, որ տեքստի ձեւակերպումն ինքը տա: Հետաքրքիր տրամաբանությամբ է աշխատում Ալավերդիի էլցանցը. փոխանակ անվտանգության պահանջվող նորմերն ապահովի, որով, այնուամենայնիվ, սկսել է զբաղվել դատական նիստից հետո, փոխանակ դատարանից նեղանա, որ իր դեմ վճիռ է կայացրել (ճիշտ է՝ օրենքին համապատասխան), իրենից կախման մեջ գտնվող քաղաքացուց է հաշվեհարդար տեսնում:

Այս մասին պարզաբանում խնդրեցինք նաեւ «Հայէլցանցեր» ընկերության լրատվական ծառայությունից: Նրանք հերքեցին այս տեղեկությունը: «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Կարեն Սարիբեկյանը Ալավերդու էլցանցի տնօրեն Արթուր Նալբանդյանից ճշտել է, որ նման բան չկա, ինչը եւ լրատվական ծառայության աշխատակիցների միջոցով փոխանցեցին մեզ: Երեւի ավելի ճիշտ կլինի ոստիկանության աշխատակիցները ճշտեն, մանավանդ որ նշում են, թե քաշքշուկ է տեղի ունեցել:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել