Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագետներին համախմբելու փորձ

Սեպտեմբեր 23,2004 00:00

Հայագետներին համախմբելու փորձ Վերջին շրջանում աճում է հայագիտության հանդեպ հետաքրքրությունը: Պատահական չէ, որ ԱԺ-ում բարձրացվել է հայագիտության աջակցման հիմնադրամ ստեղծելու հարցը: Օրերս Երեւանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 23-րդ հատորի շնորհանդեսը: «Մեր նպատակը այն չէր, որ ցույց տանք մեր քաջագործությունը, թե տեսեք՝ Բեյրութի մեջ ինչ արեցինք: Ուզում էինք կոչ անել բոլորին՝ գործակցել հանուն հայագիտության»,- այսպես հիմնավորեց Հայաստանում Հայկազյան հայագիտական հանդեսի շնորհանդեսի անհրաժեշտությունը պատասխանատու քարտուղար Անդրանիկ Տագեսյանը: Հատորի ստեղծմանը մասնակցել են նաեւ հայաստանցի հայագետներ: Ա. Տագեսյանը նշեց, որ հանդեսը այստեղ ներկայացնելուց զատ, ցանկություն ուներ իրենց ուրախությանը մասնակից դարձնել նաեւ հայաստանցիներին: «Ցանկանում ենք, որ հայագիտության հայաստանցի սպասարկուները շարունակեն աշխատիլ մեզի հետ: Հայագիտության ուժեր ամեն տեղ կան, ուստի մեր գլխավոր խնդիրներեն մեկը դրանց համադրումն է: Կարծում եմ՝ դրական իմաստով շնորհանդեսից հետո աղմուկ կբարձրանա, եւ պատճառ կդառնա, որ այդ համադրումը քիչ մը ավելի սահուն եւ հեզասահ ընթանա»,- հույս հայտնեց գիտնականը: Պրն Տագեսյանը նշեց, որ փորձելու են կամուրջ հանդիսանալ Սփյուռքի եւ Հայաստանի հայագետների միջեւ, բացի այդ «մեր մտածումը միշտ ալ եղած է հավասարաչափ ընդգրկել Սփյուռքի եւ Հայաստանի հայագետները, ինչում որոշ հաջողություն կարձանագրենք»: Պարզեցինք, որ հոդվածագիրները տարբեր սերունդների եւ հետաքրքրությունների տեր մարդիկ են, եւ խմբագրակազմը ցանկություն ունի շահագրգռել հատկապես երիտասարդ հայագետներին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հանդեսի հրատարակման գործում: «Հայագիտությունը ոչ միայն երեկ էր, այլեւ այսօր եւ վաղը, ուստի պետք է ունենանք մտահոգություն եւ մտասեւեռում՝ հանուն վաղվա»,- ասաց պրն Տագեսյանը: Հանդեսի հայաստանյան ներկայացուցիչն է բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Արդեն երրորդ տարին է, որ Ա. Բախչինյանը համագործակցում է հանդեսի խմբագրակազմի հետ: «Մեր մտահոգությունը զանազան է՝ երիտասարդ սերունդ, նյութերի լայն ընդգրկում: Մենք հայագիտությունը չենք ըմբռներ նեղ սահմաններու մեջ, այն միայն բանասիրություն, լեզու172գրականություն եւ պատմություն չէ, ավելի լայն ծիր ունի: Ինչ կառնչվի հայուն, կվերաբերի հայագիտությանը: Դժբախտաբար այս ձեւակերպումը իր գործնական դրսեւորումները լիարժեք չի գտներ տակավին»,- կարծում է հանդեսի պատասխանատու քարտուղարը: Այս ամենի պատճառն, ըստ նրա, այն է, որ հայագիտությունն անցումային շրջանում է: Պրն Տագեսյանի նպատակն է հայագիտությունը դուրս բերել անցյալին վերաբերողի վիճակից եւ դարձնել այժմեական, որպեսզի «ընթերցողը գիտական ակնոցով կարողանա տեսնել հայագիտության խնդիրները»: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց, որ հանդեսը բաց է բոլորի համար, սակայն պարտադիր է, որ նյութերը լինեն գիտական ու անտիպ: Նա տեղեկացրեց նաեւ Հայոց ցեղասպանության մասին իրենց դիրքորոշմանը. «Խմբագրակազմը կպատկանի հավաքականության մը, որոնց անմիջական հարազատները ցեղասպանության զոհեր են, հետեւաբար, պարզ է, թե ինչ վերաբերմունք ունինք ցեղասպանության հանդեպ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել