Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉ ՊԱՐԶ ԵՐԿՆՔՈՒՄ ԿՃԱՅԹԻ ԱՄՊՐՈՊԸ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Օտարերկրյա
դիվանագետները Հայաստանի կուսակցությունների հետ հանդիպումների ընթացքում
պնդում են, թե Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության
շրջանակում:
Մեզ հայտնի դարձավ մասնավորապես «Ազգային միաբանություն» կուսակցության հետ Եվրամիության անդամ երկրների դիվանագետների վերջին շրջանի մի շարք նման հանդիպումների մասին, որոնց ընթացքում առանձնահատուկ շահագրգռություն է ցուցաբերվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի միջպետական հարաբերությունների խնդիրների նկատմամբ: Խիստ որոշակի հարցեր են հնչել, որոնց նպատակամիտվածությունն ակնհայտ է եղել. եվրոպական կառույցներն, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ունեն մշակված առաջարկներ, որոնք առաջիկայում անպայման կդրվեն բանակցող կողմերի սեղանին:

Որոշակիացնենք՝ այդ հարցերին լուրջ կարեւորություն է տրվել երեկ Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Հայչեի եւ Արտաշես Գեղամյանի մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում: Իսկ սեպտեմբերի 24-ին «Ազգային միաբանության» առաջնորդը հանդիպել է Արեւմտաեվրոպական միության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, միությունում Իտալիայի պատվիրակության ղեկավար Մարկո Զակերային (նա Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում՝ Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով), նաեւ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի եւ նրանց պատվիրակության մեկ այլ անդամի՝ Միջազգային եվրոպական անվտանգություն եւ պաշտպանություն վեհաժողովի ներկայացուցիչ Ֆլորիս Դեգոյի հետ: Տեղի է ունեցել բավական լուրջ քննարկում տարածաշրջանային հնարավոր զարգացումների, հավանական մարտահրավերների ու այս համատեքստում՝ Հայաստանի հնարավոր դերակատարության մասին: Ավելի ստույգ՝ պատվիրակության անդամները հստակ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, ճիշտ է, անպայման պետք է լինի փոխզիջման արդյունք, սակայն նաեւ ընդգծել են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի Հայաստանը պիտի ի սկզբանե պատրաստ լինի, որ ելակետն այդ է լինելու:

Պատահակա՞ն համընկնում է արդյոք, որ նույն ժամանակահատվածում ե՛ւ եվրոպական երկրների դիվանագետներն են նման յուրօրինակ լոբբինգ սկսում, ե՛ւ հրապարակվում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի զեկույցը, ե՛ւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն է հանդես գալիս իր հայտնի հայտարարություններով՝ հակամարտության ձգձգման անհանդուրժելիության մասին: «Ազգային միաբանության» ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ամենը նախանշաննե՞ր չեն, թե մոտենում է պահը, երբ կպարտադրվի վերջապես հանգուցալուծել Ղարաբաղի խնդիրը: Արտաշես Գեղամյանը տեղին համարեց այս դիտարկումը. «Արեւմտաեվրոպական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դիվանագիտական տեսչությունները երբե՛ք ու երբե՛ք չեն գործում պատահականորեն, այլ ցուցաբերում են մտածված ու համակարգված մոտեցումներ, առկա է նաեւ հստակ դերակատարում, թե ո՛վ, որտե՛ղ եւ ի՛նչ հարցադրումներով է հանդես գալու: Եվ հետաքրքրականն այն է, որ ինձ հետ զրուցելուց հետո պարոններ Զակերան ու Կլեմենտեն պետք է հանդիպեին Եվրամիության անդամ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններին»:

«ԱՄ» առաջնորդն անդրադարձավ նաեւ Թերի Դեւիսի զեկույցին, որն իշխանությունները, իր բնութագրմամբ՝ միշտ փորձում են շրջանցել. «Սարսափելին այն է, որ այս զեկույցում 4 անգամ հիշատակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնց առանցքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է եւ ազատագրված տարածքներից հայկական զինյալ ուժերի դուրսբերումը: Եվ եթե այս համատեքստում էլ նշենք, որ Թերի Դեւիսը փաստորեն ուղղակիորեն ասել է, թե հարկադրված կլինեն այդ հարցը տեղափոխել Արդարադատության միջազգային դատարան՝ մեկնաբանություններն արդեն իսկ դառնում են ավելորդ»: Այս ամենը նկատի առնելով՝ Արտաշես Գեղամյանը զարմանք արտահայտեց. «Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, զբաղված են բացառապե՛ս չորրորդական կամ տասներորդական նշանակության հարցերով, եւ դրանց ոլորտ են ուզում ներքաշած լինել նաեւ ընդդիմությանը: Նաեւ տարակուսում ես՝ ինչպե՞ս կարելի է հանրապետության համար բախտորոշ հարցեր լուծվելու պահին ընդդիմությանը զրկել հնարավորությունից, որ այդ խնդիրները հրապարակայնորեն քննարկվեն իշխանավորների հետ ուղիղ եթերում, որ բնակչությունը տեղեկանա հնարավոր զարգացումների մասին: Ավա՜ղ, իշխանությունները հերթական անգամ ժողովրդի թիկունքում զանազան դավեր են նյութում եւ պարզ երկնքում ճայթող ամպրոպի պես՝ օրերից մի օր կհրամցնեն այդ ամենը մեզ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել