Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պետք սահմանադրական փոփոխությունը

Սեպտեմբեր 28,2004 00:00

Սահմանադրությունը կարող է փոխվել այն դեպքում, երբ փոխվում է ողջ պետական համակարգը: Մի առիթով այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Ըստ նրա, այսօր սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկը մեկ պատճառով է. «Ամենակարեւոր պատճառը հետեւյալն է՝ այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ-ից դուրս կասկածի տակ է դրվում Ռ. Քոչարյանի լեգիտիմությունը: Ընդունելով նրա առաջարկած Սահմանադրությունը՝ Քոչարյանը կլուծի իր համար ամենացավոտ՝ լեգիտիմության հարցը: Միեւնույն ժամանակ, քոչարյանական նախագիծը թույլ է տալիս՝ այն անձին, որը զբաղեցնում է հանրապետության նախագահի պաշտոնը, հավերժացնել իր իշխանությունը»: Հենց այս հարցի մասին է ամբողջ կոալիցիան գրեթե միաձայն պնդում, թե նման բան չկա, եւ որ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման կամ էլ երրորդ ու չորրորդ անգամ առաջադրման մասին խոսք անգամ չկա:

Օրերս ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Կոալիցիայից դուրս գալը մենք երբեք չենք օգտագործում որպես շանտաժի կամ սպառնալիքի մեթոդ: Իսկ կոալիցիայից մենք իհարկե կարող ենք դուրս գալ, եթե տեսնենք, որ կոալիցիայի գոյությունը կամ գործունեությունը չի համապատասխանում մեր պատկերացումներին քաղաքական կամ այլ զարգացման վերաբերյալ»: Թեպետ Վահան Հովհաննիսյանը ժամկետներ չասաց, սակայն թվարկեց մի քանի հարցեր, որոնց հետ կապված՝ հնարավոր է առճակատումը: Այդ հարցերն են՝ Սահմանադրությունը, «Ընտրական օրենսգիրքը» եւ էլի մի քանի հարցեր. «Կոնկրետացնել ես հիմա չեմ ուզում, որովհետեւ այդ ամենը դեռ բանավեճի փուլում է, եւ աշխատանքային խոհանոցն այստեղ ներկայացնելու պարտավորություն չեմ տեսնում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը, թեպետ կարծում ենք կոնկրետությունն ակնհայտ է: Նախ՝ եթե դաշնակցությունը անհամաձայնություններ ունի Սահմանադրության եւ «Ընտրական օրենսգրքի» հետ կապված, ուրեմն ինչո՞ւ է ստորագրել այդ փաստաթղթերի տակ: Արդյո՞ք ակնկալում է քննարկումների ակտիվություն եւ իրավիճակի փոփոխություն: Բայց ո՞վ է լինելու ակտիվ քննարկողը, երբ խորհրդարանը գործում է առանց ընդդիմության, իսկ ներկաներն էլ ստորագրել են այդ երկու փաստաթղթերի տակ: Առնվազն անհասկանալի է, թե ո՞ւմ հետ է պատրաստվում կռիվ տալ դաշնակցությունը, եթե իրենք-իրենցով գրել են եւ նույն կազմով էլ պատրաստվում են քննարկել:

«Առավոտ»-ի հարցին՝ ՕԵԿ-ը կո՞ղմ է ներկայացված սահմանադրական փոփոխություններին, ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք ստորագրել ենք, սակայն ես գտնում եմ, որ աշխատանքները դեռեւս կշարունակվեն»: Ըստ էության, սա է նաեւ դաշնակցության տեսակետը. «Սահմանադրությունը շատ լուրջ փաստաթուղթ է եւ մեկ ամսում չի գրվում կամ փոխվում, երկար ժամանակ պահանջող փաստաթուղթ է»: Մեր զրուցակիցն ամենեւին անհանգիստ չէ, որ «Անցումային դրույթներ»-ը չեն քննարկվում. «Չեմ կարծում, որ այդտեղ մեծ պրոբլեմներ կան, սակայն աշխատանքը դեռ չի ավարտվել եւ շարունակվելու է»: Մհեր Շահգելդյանը չի կիսում այն կարծիքը, թե սահմանադրական փոփոխություններով երկարաձգվելու է Ռ. Քոչարյանի նախագահությունը. «Այդպիսի պրոբլեմ այսօր չենք տեսնում եւ այդպիսի հայտ էլ չենք տեսնում»: ՕԵԿ-ը նույնիսկ տպավորություն չունի, թե գործող նախագահը մտադիր է կրկին ու կրկին դառնալ նախագահ:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս մտավախություն չունի, որ գործող նախագահը կրկին կառաջադրվի. «Այս Սահմանադրությունը նոր Սահմանադրություն չէ, ընդամենը Սահմանադրության փոփոխություն: Եթե պետությունը համակարգային փոփոխություն ունենա, կյանքը նոր Սահմանադրության անհրաժեշտություն կունենա, եւ կարծում եմ՝ այդ դեպքում էլ քննարկելի է՝ արդյո՞ք այդ հնարավորությունը կընձեռվի, թե՞ ոչ: Իսկ փոփոխությունների քննարկումների ընթացքում նման հարց չի քննարկվել, որը գործող նախագահին հնարավորություն կտա երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին»: Իսկ «Անցումային դրույթներ»-ը, ըստ Գալուստ Սահակյանի, դեռ ձեւակերպված չեն. «Պարզապես գրել ենք անցումային դրույթներ՝ մտածելով, որ քննարկման փուլում կարող են խնդիրներ առաջանալ տեխնոլոգիայի տեսակետից»:

«Հանրապետական» խմբակցության ղեկավարը վստահեցրեց, թե գործող նախագահին սահմանադրական փոփոխությունները երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն չեն տալիս:

Իսկ ընդդիմությունը առայժմ հայտարարում է, որ «ոչ լեգիտիմ նախագահը իրավունք չունի փոփոխել երկրի Գլխավոր օրենքը»: Գուցե հենց ա՞յդ պատճառով է այժմ փոփոխությունները ներկայացնում կոալիցիան:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել