Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ը

Հոկտեմբեր 27,2004 00:00

«27»-Ը ՉԵՆ ԿԱՆԽԵԼ ԵՎ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ Այս մեղադրանքն իշխանությանը դարձյալ ուղղեց «Արդարությունը», որի հրավիրած «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաքի շարքերը երեկ նոսր էին՝ Ազատության հրապարակը կիսալեցուն էր: Եւ սա՝ չնայած այն հանգամանքին, որ այս անգամ «Արդարության» հետ միասին հանրահավաք էին անցկացնում նաեւ Հայկոմկուսի, Ազատական առաջադիմական կուսակցության եւ այլոց ներկայացուցիչները: Ընթերցվեց Սիլվա Կապուտիկյանի ողջույնի ուղերձը հանրահավաքին: Հանդես եկավ նոր հռետոր՝ Աշոտ Մանուչարյանը: Եվ հենց նա սկսեց խոսել՝ կոմունիստները հեռացան հարթակից: Հանրահավաքը վարողը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, սակավամարդությունը փորձեց բացատրել ճանապարհներին հարուցված խոչընդոտներով՝ վկայակոչելով մասնավորապես Աբովյանից ավտոբուսներով ցուցապաստառներով ուղեւորվող 300 հոգու հետ կատարվածը. մեքենաներն էլի կանգնեցրել էին, վարորդներին տարել ոստիկանություն: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին եղերականորեն զոհված ԱԺ փոխնախագահի՝ Յուրի Բախշյանի այրին, տիկին Անահիտն իր ելույթում այնուամենայնիվ խոստովանեց, թե սպասում էր, որ հրապարակը պիտի լեփ-լեցուն լինի, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը պիտի հուզեր բոլորին. «Բայց այն աստիճանի է մեր պետության մեջ վախը հաղթել բոլոր մյուս զգացումներին, որ մեր քաղաքացիները, գուցե եւ ոչ վախից, բայց համենայնդեպս՝ չեն պատվել մեզ իրենց ներկայությամբ: Այստեղ, իհարկե, շատ մեծ դեր ունի իշխանությունը, որ երթն արգելելու եւ տարբեր այլ հայտարարություններով փորձեց ժողովրդին հետ պահել այս հրապարակ գալուց»: Անահիտ Բախշյանը նշեց, որ եթե նորմալ պետության մեջ ապրեինք, ապա այս ահաբեկչության տարելիցը պետք է նշվեր պետականորեն: Նա նաեւ կշտամբանք հղեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի անուններով երդվողներին, «որոնք հեշտությամբ դավաճանեցին իրենց երդվյալ ընկերներին, ուրացան նրանց հետ անցած գաղափարական ճանապարհը՝ հանուն ապահով, բայց անարժանապատիվ կյանքի»: Ըստ նրա՝ այդ «գաղափարակից ընկերներն» անցած տարիներին իրենց զոհված առաջնորդների մասին այլեւս հրապարակավ չասացին հիշատակի որեւէ ջերմ խոսք: «Ընդհակառակը՝ տաբու է դրված նրանց անուններն արտասանելու վրա,- ասաց Անահիտ Բախշյանը:- Արվում է ամեն ինչ նրանց հիշատակը մարելու, հատկապես նոր սերնդի մեջ նրանց անունները մոռացնել տալու համար»: Նա նշեց, թե «27»-ի հետեւանքներն այս իշխանության համար եղան շատ արգասաբեր՝ քաղաքական կայունություն, տնտեսական կտրուկ աճ եւ այլն. «Հիշենք, թե ինչ էր բարբաջում մարդասպանների ղեկավարը, թե իրենց ահաբեկչությունը փրկե՜լ է մեր երկիրը, իրենք ազատե՜լ են մեր ժողովրդին, իրենք ամե՜ն ինչ արել են, որ ժողովուրդը լավ ապրի: Ստացվում է, որ մեր այսօրվա իշխանության եւ մարդասպանների նպատակները համահունչ են, տրամաբանությունը նույնն է, եզրակացությունը՝ սահմռկեցուցիչ»: Եվ շեշտեց, որ որեւէ մեկը չի հավատում, թե մարդասպանները միայն այդ 5-ն էին: Ալբերտ Բազեյանն իր ելույթում նշեց, թե «27»-ի ահաբեկչությունը փոխեց երկրի զարգացման ուղղությունը եւ գործնականում «Քոչարյանի իշխանությունը դարձրեց անվերահսկելի», երկրում դրվեցին «բռնապետության հիմքերը»: Կատարվածի պատասխանատու նա հռչակեց իշխանությունը «բռնազավթած» ուժերին՝ «Նրանց հանցավոր անփութությամբ կամ համաձայնությամբ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Նրանք հովանավորում էին ահաբեկիչներին՝ խոչընդոտելով կազմակերպիչների բացահայտմանը»: Ալբերտ Բազեյանը հիշատակեց Քոչարյանի քարոզարշավի ժամանակ անընդհատ տարփողվող այն թեզը, թե նա միայն վերջին տարիներին է հնարավորություն ունեցել լիարժեք աշխատել. «Այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 27-ը նրան կային խանգարողնե՞ր: Արդեն գրեթե 5 տարի է, որ նա «լիարժեք աշխատում է», եւ արդյունքները մեզ համար տեսանելի են»: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահը հույս հայտնեց, որ վաղ թե ուշ՝ «27»-ի կազմակերպիչները կստանան իրենց արժանի պատիժը: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց դաշինքի անփոփոխ դիրքորոշումը՝ «27»-ն ունեցել է կազմակերպիչներ, եղել է ծրագրված, ունեցել նախապատրաստական փուլ, որից տեղյակ են եղել որոշ բարձրաստիճաններ եւ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները. «Քոչարյանն ուղղորդել է նախաքննության եւ դատաքննության ընթացքը, պարբերաբար երաշխիքներ է տվել ոճրագործներին՝ խոչընդոտելով ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումը»: «Արդարությունն» իր հայտարարությամբ վերահաստատեց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն են կրում ոչ միայն «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը չկանխելու, այլ նաեւ կազմակերպիչների բացահայտմանը խոչընդոտելու եւ հանցագործությունը պարտակելու համար»: Մի քանի այլ ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցներն ուղեւորվեցին Բաղրամյան պողոտա: Խոչընդոտելու փորձեր չեղան, եւ ընդհանրապես՝ ամեն ինչ անցավ խաղաղ: Արգելված երթի մասնակիցներին մեխակներ էին բաժանվել եւ նրանցից շուրջ 50 հոգի հնարավորություն ունեցավ այդ ծաղիկները դնել ԱԺ բակում՝ «27»-ի զոհերի հուշաքարին: Այստեղ շուրջ 1,5 ժամ իրենց ընդդիմադիր գործընկերներին եւ 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատներին էին սպասել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք եւս ծաղիկներ դրեցին հուշաքարին: Իսկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հիշատակի խոսքում կրկնեց «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսը եւ համոզմունք հայտնեց, որ մեր ժողովուրդը միշտ հիշելու է այս աննախադեպ ոճրագործությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել