Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնենք մեզ՝ գնենք մերը» «Այսիս»

Դեկտեմբեր 15,2004 00:00

«Օգնենք մեզ՝ գնենք մերը» «Այսիս» նորաձեւության տան հատուկ ներկայացուցիչ, դիզայներ Նարինե Գեւորգյանն ու Հայաստանյան նորաձեւության տան տնօրեն Սոնա Մանսուրյանը գտնում են, որ ժամանակն է, որպեսզի անկախության տարիներին հրապարակ եկած այս արտահայտությունը իրականություն դառնա նաեւ նորաձեւության ոլորտում: «Այսիսը» առաջին հայկական նորաձեւության տունն է, որ գործում է Լաս Վեգասում եւ օրերս իր մասնաճյուղն է բացել Հայաստանում: Ամերիկաբնակ Ն. Գեւորգյանը, որ ուսումը ստացել է Սան Ֆրանցիսկոյում, պատմում է. «Անչափահաս էի, երբ Հայաստանից ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա: Տարիների ընթացքում տեսնելով, որ աշխարհում բարձր է գնահատվում ձեռքի աշխատանքը, իսկ մենք ունենք տարեց կանայք, որ գերազանց տիրապետում են ձեռագործ արվեստին, Հայաստանում նորաձեւության տուն բացելու գաղափարը ներկայացրի իմ գործընկերոջը՝ ամերիկուհի Լանա Ֆյուքսին»: Ն. Գեւորգյանը պատմեց, որ սկզբում դժվար էր Հայաստան բերել օտար մեկին եւ համոզել, որ այստեղ ամեն ինչ գերազանց է. «Այս առումով բախտս բերեց: Լանան հավատաց, եկավ ու սիրեց Հայաստանը»: Դիզայները հույս ունի, որ կփոխվի հայերի մենթալիտետը՝ մենք կսկսենք գնահատել տեղական արտադրանքը նաեւ նորաձեւության մեջ: «Մանավանդ տեսնում եմ, թե ինչպես են «Գուչի», «Շանել» եւ այլ հայտնի ֆիրմաների պիտակներով այստեղ գերում հաճախորդներին, թեպետ ապրանքը ամենեւին էլ ֆիրմայինը չէ: Դժվար չէ շատ խելք ունենալ ու հետեւություն անել՝ եթե հայաստանցին կարող է գնել մի քանի անորակ ապրանք, ինչո՞ւ այդ մի քանիսի փոխարեն ձեռք չբերի մեկը՝ որակյալը»,- նկատեց դիզայները: Նա նշեց նաեւ, որ հայաստանցիների համար չեն սահմանվելու «ուրիշ» գներ (այսինքն՝ զեղչեր). «Հայտնի է, որ ցանկացած հանրահայտ ֆիրմա չի փոխում իր ապրանքի գինը: Աշխարհի ցանկացած կետում նույն ապրանքը վաճառվում է նույն գնով»: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնա Մանսուրյանն էլ տեղեկացրեց, որ իրենց նորաձեւության տանն աշխատում են բացառապես հայ դիզայներներ, նույնիսկ գյումրեցի տարեց կանայք: «Որոշել ենք 2005-ին Գյումրիում բացել ձեռագործի դպրոց, որտեղ տարեցներն իրենց փորձը կփոխանցեն երիտասարդներին: Մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի, մասնավորապես՝ Ֆրանսիայում գործող նորաձեւության տների հետ: Նրանց մոտ ստեղծված զգեստները հայկական զարդանախշերով կլրացվեն, վերջնական տեսք կստանան մեր վարպետների ձեռքով»,- ասաց դիզայները: Նա տեղեկացրեց, որ մինչեւ Երեւանում իրենց ֆիրմայի բուտիկի բացելը հաճախորդները կարող են օգտվել կատալոգներից: Մեր հետաքրքրությանը՝ ինչո՞ւ անպայման բացել բուտիկ, եթե կա նորաձեւության տուն, Ս. Մանսուրյանն ասաց. «Զարգացած երկրներում եթե պատվիրում ես զգեստ տվյալ ֆիրմայի բուտիկում, դա ավելի հեղինակավոր է եւ, ի վերջո, նորաձեւության տունը լայն հասկացություն է, որտեղ ընթանում են աշխատանքային հազար ու մի պրոցեսներ: Պարտադիր չէ, որ այցելուն այդ ամենի ականատեսը լինի: Նորաձեւության ոլորտում քաղաքակիրթ ձեւ է համարվում ֆիրմային բուտիկ ունենալը»: «Այսիս» նորաձեւության տունը իր առաջին հավաքածուն կներկայացնի գարնանը՝ Լաս Վեգասում, իսկ ամռանը՝ Հայաստանում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել