Լրահոս
Օրվա լրահոսը

Համընդհանուր անտարբերություն է

Դեկտեմբեր 24,2004 00:00

Կարծում են մեր նամակագիրները՝ կարծիքը հիմնավորելով
իրենց գլխին եկածով Կրկին «Առավոտին» են դիմել Արարատի Դարակերտ գյուղի մի
խումբ բնակիչներ: Ամառային մեր անդրադարձից հետո նրանց այգիների ոռոգման ջրի խնդիրը
չի լուծվել. «Մի հանձնաժողով ներկայացավ գյուղ, համոզվեց, որ ջրելու հարցը բարձիթողի
վիճակում է եւ մեզ համար նախատեսված ջուրը գնում է հարեւան Նիզամի գյուղի տարածքները
ջրելու, եւ գնաց: Դրանից հետո ջրբաշխները ամբողջ գյուղով խուճապ բարձրացրին, թե մեր
պատճառով իրենց բանտ են նստեցնելու եւ մի քանիսին խնդրել-աղաչելով դիմում ստորագրել
տվեցին, թե իբր Դարակերտը ջրի խնդիր չի ունեցել»: Նամակագիրները ներկայացրել են հաշվարկած
ցանկ, թե չջրելու պատճառով ով ինչքան նյութական վնաս է կրել: Եթե մի տեղ ջուր
չունեն, մեկ այլ տեղ տառապում են ջրի պատճառով. շենգավիթցի Լաուրա Մաթեւոսյանի տեղեկացմամբ՝
«շուրջ 6 տարի իմ վերեւի բնակիչ Լյովա Մադոյանի բնակարանից ջրերը շուրջօրյա լցվում
են իմ տուն եւ ոչ մի միջոց ձեռք չի առնվում», թեպետ քաղաքացուհին դիմել է թաղապետարան,
ոստիկանություն եւ նույնիսկ նախագահական ատյաններ: Բազմաթիվ ավանդատուների
կողմից «Առավոտ լուսո» օրաթերթին է դիմել Նար-Դոսի փողոցի բնակչուհի Անժիկ Շահինյանը.
«Իբր թե մտածում են ժողովրդի մասին, չնչին կոպեկներ են խոստանում վճարել նրանց՝ առանց
15 տարվա տոկոսները հաշվելու, այն էլ՝ 2020թ., երբ իրենք չեն լինելու իրենց աթոռներին,
իսկ ավանդատուները գերեզման մտած կլինեն»: Կրկին գումարի ծախսի մասին, բայց
այս անգամ՝ հովանավորչական, պատմում է իրանահայ բարերար Լեւոն Ահարոնյանը, որն իր
անձնական միջոցներով վերանորոգել է Բնության թանգարանը եւ նվիրել «Երեւան քաղաքին
ու սիրելի երեւանցիներին»: Սակայն բարերարը բողոքում է, որ Հանրային հեռուստատեսությունը
անուշադրության է մատնել նվերը եւ թանգարանի բացումը չի լուսաբանել: Պրն Ահարոնյանը
մանրամասն նկարագրելով «Հայաստանին մեջ» կատարած բոլոր հովանավորչական աշխատանքները,
հիշեցնում է հեռուստաընկերության տնօրենին, որ «սփյուռքահայ բարերարների ներդրումներին
ձեր անդրադարձը կնպաստի երկրի իշխանության կայունությանը եւ նոր ներդրումներին»:
Հաջորդ նամակագիրը վիրավորված է բոլորից. պրոֆեսոր Խաչատուր Հեքիմյանը առաջարկում
է քաղաքապետին՝ տուգանք սահմանել բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր աղբը կթափեն
աղբարկղի շուրջը կամ այլ տեղերում: Մի առաջարկ էլ կրթության վարչությանն է ուղղված՝
«համապատասխան դաստիարակչական աշխատանք կազմակերպել դպրոցականների շրջանում, որպեսզի
գոնե նրանք դադարեն կոնֆետի եւ զանազան քաղցրավենիքի թղթերը գետնին թափել»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել