Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՌՈՄԱՆՏԻԿ

Հունվար 21,2005 00:00

ՌՈՄԱՆՏԻԿ ՎԱԶԳԵՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԽՈՍ ՎԱՆՈՆ Նախորդ՝ «Քաղաքականություն եւ լեզու» հոդվածում խոսք եղավ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Պարույր Հայրիկյանի լեզվի առթիվ, այժմ անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը: Որպեսզի հասկանալի լինի արծարծվող խնդիրը, մեկ-երկու նախադասությամբ վերհիշենք հոդվածի հիմնական գաղափարը: Լեզվաբանության մեջ հայտնի տեսություն կա, ըստ որի, ոչ թե իրականությունն է որոշում լեզուն, որով նրա մասին խոսվում է, այլ ընդհակառակը, լեզուն ամեն անգամ նորովի է լուսաբանում իրականությունը: Այլ կերպ ասած՝ իրականությունը միջնորդավորված է լեզվով եւ մարդուն շրջապատող աշխարհը այնպիսին է, ինչպիսին լեզուն ներկայացնում է կամ որ նույնն է՝ մարդն այն է, ինչ եւ ինչպես խոսում է: Կարելի էր զարգացնել այս գաղափարը եւ ասել, որ մարդկանց եւ դասակարգերի միջեւ եղած անջրպետը, ի վերջո, լեզվական է ու բավական է գտնել ընդհանուր լեզու եւ տարբերությունները կվերանան: Սակայն սա չափազանց իդեալիստական տեսակետ կլիներ, քանի որ իրականում լեզուները բազմաթիվ են: Իսկ հանուն ընդհանուր լեզվի՝ հարկ չկա ոչնչացնել բազմազանությունը, որովհետեւ անհատական մակարդակում դա ինֆորմացիոն մահ կլիներ յուրաքանչյուր մարդու համար: Վազգեն Մանուկյանը հայկական հեղափոխության, ապա նաեւ անկախության առաջին գաղափարախոսն է: Ընդհանուր տպավորությամբ նա հակասական է եւ հաճախ այդպես էլ ընկալվում է: Իրականում, սակայն, հակասականությունը ոչ թե գաղափարախոսական է, այլ լեզվական: Լեզուն ճիշտ չի արտացոլում գաղափարախոսին: Նրա լեզվական գիտակցության մեջ առկա է երեք շերտ. ա) գրական, բ) շեշտված խոսակցական հնչերանգ եւ կառուցվածք, գ) չափազանց առատ են օտարաբանությունները, որոնք գրեթե անխուսափելի են ցանկացած հայ տեխնոկրատի լեզվում: Այս ամենը նրա լեզվում «ինֆորմացիոն աղմուկ» է առաջացնում, հակառակ այն բանի, որ միտքը խստորեն համակարգված է: Պարզապես կազմակերպված միտքը կազմակերպված լեզու չունի: Դա գալիս է նաեւ նրանից, որ Վազգեն Մանուկյանի համար լեզուն ընդամենը հաղորդակցման միջոց է եւ ոչինչ ավելի: Այդ պատճառով նրա միտքը ոչ թե դժվարանում, այլ չի ցանկանում լեզվական ճշգրիտ ձեւակերպում գտնել. ձեւը մշտապես աղքատ է, քան բովանդակությունը, ուստի բովանդակությունը շատ անգամ անհասկանալի է: Որքան էլ Մանուկյանը տեխնոկրատ է, պրագմատիկ չէ: Որպես իսկական պրագմատիկի, նրան խանգարում է առաջինը լինելու բարդույթը: Նա մտքի թռիչքի, միաժամանակ՝ լեզվական անկման լավագույն օրինակ է: Նրա երեւակայությունը կիրառելի չէ: Այն ստեղծագործական է անգամ այն ժամանակ, երբ նախապես գիտի, թե ինչ է ուզում ասել. միտքը լեզվից առաջ է ընկնում: Սա նրան տալիս է ռոմանտիկի հատկանիշներ, որոնք դժվարացնում են պրագմատիկ դառնալը: Եթե անտեսենք այս ամենը եւ նրան պրագմատիկ համարենք, ապա կարելի է ասել, որ նրա պրագմատիզմը ավելի շուտ պատմական է, քան իրական: Սրա լավագույն օրինակը հայ ժողովրդին տված «համաշխարհային ազգ» բնորոշումն է, ձեւակերպում, որ նրան «ազգային» դարձրեց, ինչը, բնականաբար, պետք է հակասեր նրա՝ լիբերալիզմի եւ ժողովրդավարության մասին պատկերացումներին: Վանո Սիրադեղյանը հայաստանյան քաղաքական խաղատախտակի ամենաինքնատիպ ֆիգուրն է: Նրա բացակայությունը շատ ավելի զգալի է, քան ներկաներից շատ-շատերի ներկայությունը: Ավելի ճիշտ՝ նրա բացակայությամբ հայ քաղաքական դաշտը միագույն է, եթե չասենք՝ գորշ-միագույն: Նրա ներկայությունը անհանգստացնող էր, բացակայությունը՝ նույնպես: Վանո Սիրադեղյանը ճշգրիտ բանաձեւումների վարպետ է: Լեզուն եւ քերականությունը ստանդարտ-դասագրքային չէ, ինչպես ինքը: Հանրային գիտակցության մեջ նրա ընդունվածությունը եւ չընդունելը համարժեք չեն, ուստի տրված գնահատականները անհամատեղելի են. եւ ընդունելն է սուբյեկտիվ, եւ չընդունելը: Առհասարակ, ընդհանուր չափանիշներին անհամապատասխանությունը ցանկացած մշակույթում դժվարությունների հետ է կապված, էլ չենք խոսում հայ իրականության մասին: Սիրադեղյանի ինտելեկտը հասնում է ճշմարիտ խորության, սակայն տառացիորեն զուրկ է խորամանկությունից: Այդ պատճառով նա եղավ իսկական պետական գործիչ, բայց երբ փորձեց քաղաքական-կուսակցական գործիչ լինել՝ տապալվեց, բավարար եւ անհրաժեշտ խորամանկություն չունենալու հետեւանքով: Սա, թերեւս, նրա՝ որպես անհատի, ամենամեծ ողբերգությունն է: Վանոյի լեզուն մշտապես ստեղծագործական ելք փնտրող ինտուիցիայի լեզուն է, որ ցանկանում է ռացիոնալացվել եւ շատ դեպքերում հաջողվում է, սակայն դա նրա վարքը ռացիոնալ չի դարձնում, ուստի մշտապես ջղային մարդու տպավորություն է թողնում: Նրան նույնպես վերապահությամբ կարելի է պրագմատիկ համարել, բայց, ի տարբերություն Վազգեն Մանուկյանի՝ միանգամայն այլ պատճառաբանությամբ: Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին նրա պատկերացումները իրական են. նա իրական Հայրենիքը նախընտրում է պատմականից: Պատմության հանդեպ նա պատրանքներ չունի: Սա կարող էր պրագմատիզմի բավարար հիմք լինել, սակայն ոչ ստանդարտ հոգեկերտվածքը խանգարում է: Նրա լեզուն ցայժմ եղած լավագույն ընդդիմախոսի լեզուն է, որ բոլոր առումներով պակասում է գործող ընդդիմությանը: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել