Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական վարժարան՝ օտարների՞ համար

Հունվար 26,2005 00:00

Եգիպտոսի
հայ համայնքի պատմությունը բավականին հարուստ է: Եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտական
պետության կայացման գործում՝ բացառիկ է եղել: Սա Եգիպտոսի արտաքին գործերի
նախարարի կարծիքն է, որը նա փոխանցել է այդ երկրում ՀՀ դեսպանին: Եգիպտոսում հայերը
նույնիսկ վարչապետ եւ արտգործնախարարներ են ունեցել: Արտաքին քաղաքականության գերատեսչության
ինտերնետային կայքում ներկայացված առաջին չորս նախարարները հայ են: Եգիպտահայ, ինչպես
նաեւ Միջին եւ Մերձավոր Արեւելքի համայնքները լուրջ խնդիրներ ունեն այսօր՝ նոսրանում
են: Երբեմնի 50-60 հազարանոց եգիպտահայ համայնքը այսօր հազիվ 7-8 հազար է հաշվվում:
Հայերը կենտրոնացած են Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: Եգիպտոսում երկու հայկական
վարժարաններ կան՝ Նուբարյան եւ Գալուստյան: Ուշագրավ է, որ Նուբարյան վարժարանում
հայ ուսանողներ չկան: Տեղի հայերը ձգտում են եվրոպական երկրներում կրթություն ստանալ:
Ի դեպ, Նուբարյան վարժարան ընդունվողների թիվը տարեկան չի գերազանցում 80-ը, իսկ
դիմորդների թիվն անցնում է հազարը: Նրանք բոլորն էլ արաբներ են: Նույնիսկ Հայաստանի
դեսպանության միջոցով փորձում են ծանոթություններ մեջ գցել, որպեսզի ապահովվեն մրցակցությունից:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը այս իրավիճակը համարում է նաեւ Հայաստանի
իշխանությունների մտահոգության առարկա. «Ես այցելել եմ բոլոր դպրոցները, վարժարանները.
տարեցտարի դասարանների թիվը նվազում է: Հանդիպումներ եմ ունեցել բոլոր մշակութային,
մարզական միություններում, հստակ պատկերացում ունեմ եւ գտնում եմ, որ քանի դեռ կա
Հայաստանի Հանրապետությունը, մեր համայնքների գոյատեւումն ու բարեկեցությունը կախված
կլինի ՀՀ-ի հետագա ճակատագրից: Պիտի փորձենք սփյուռքի երիտասարդությանը կապել Հայաստանին:
Նոր սերնդափոխության խնդիր կա եւ նոր սերնդին մերձեցնելու կարիք կա: Դեսպանությունը
այստեղ լուրջ անելիքներ ունի»: Եգիպտոսում գործում են հայկական ավանդական
կուսակցությունները: Կուսակցական առումով, սակայն, համայնքը մասնատված չէ: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դեպ, դեսպանի արտահայտած մտահոգությունների եւ լուրջ
աշխատանքի համատեքստում հարկ է նկատել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների
թիվը երեքն է: Ընդ որում, բացի Եգիպտոսից, դեսպանատունը սպասարկում է եւս հինգ երկրի՝
Լիբիա, Ալժիր, Մարոկկո, Եթովպիա, Սուդան: Դեսպանությունը չունի նույնիսկ մամուլի
կցորդ, որի գործունեությունը թեկուզ սեփական երկիրը տվյալ երկրում քարոզելու համար
կարեւոր է: Մանավանդ Եգիպտոսում, որտեղ գիտեն սեփական երկիրը քարոզելու արժեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել