Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ

Փետրվար 18,2005 00:00

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՐԵԹԵ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆ Ընտրակեղծիքների հարցում՝ ոչ Երեկվա ԱԺ-ի մամուլի ասուլիսը հրավիրված էր «Արցախյան շարժման 17-րդ տարելիցին ընդառաջ» կարգախոսով, որի ժամանակ «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը անդրադարձավ Ղարաբաղի հիմնախնդրին, կարծիք հայտնեց, որ արցախյան հիմնախնդրի չլուծման, հարցի ձգձգման մեղավորները ոչ միայն այսօրվա, այլեւ երեկվա իշխանություններն են: Պարոն Քոչարյանը բացատրեց, որ հարցի իրավական լուծման ճանապարհներն այնքան ակնհայտ եւ պարզ են, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները չեն կառչում հենց այդ լուծումներից: Ելքը եւ արցախյան հարցի միակ ճիշտ լուծումը, ըստ Շ. Քոչարյանի՝ ժողովրդավարության հաստատումն է Հայաստանում, այսօրվա իշխանությունների հեռացումը: Ըստ Շավարշ Քոչարյանի, ԵԽԽՎ Ղարաբաղի մասին բանաձեւը ադրբեջանական դիվանագիտության համար լուրջ նվաճում է, որն իրենք օգտագործելու են այլ ատյաններում նմանատիպ բանաձեւեր ընդունելու համար: Ադրբեջանը փորձելու է նմանատիպ բանաձեւ ունենալ նաեւ ԵԱՀԿ8211ից, որը հնարավոր է այս ամառ տեղի ունենալիք ԵԱՀԿ վեհաժողովում: Նույնպիսի սպասելիքներ ադրբեջանցիներն ունեն նաեւ ՆԱՏՕ-ի վեհաժողովից եւ Սեւծովյան համագործակցությունից: Շավարշ Քոչարյանը զգուշացրեց, որ եթե ադրբեջանցիները ձգտեն հարցի նման գնահատականների հասնել նաեւ ԵԽ անդամ երկրների ղեկավարների սամիթում, որը արդեն մոտ քառասնամյա ԵԽ-ն հրավիրելու է ընդամենը երրորդ անգամ, մեզ համար խիստ վտանգավոր կլինի: Իսկ սամիթը տեղի կունենա այս տարվա մայիսին՝ Վարշավայում. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե դա եղավ, ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանի ներկայացուցիչը, պարզ ասեմ՝ Լիսաբոն, 1996-ի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը ստիպված վետո դրեց, որ այդ փաստաթուղթը չդառնա ԵԱՀԿ սամիթի փաստաթուղթ: Բնական է, այսօր ով էլ լինի, դարձյալ, ուզած-չուզած, վետո է դնելու»: Ըստ ԱԺԿ նախագահի, բանաձեւը կարող է նաեւ դրական կողմ ունենալ, քանի որ, եթե հարցը բանակցային գործընթացի կարգավորմանն է ուղղված, ուրեմն գնում է դեպի ստատուս-քվոյի պահպանում, որը ձեռնտու է: Եթե այսպիսի իրավիճակն անընդհատ պահպանվի, մեզ ձեռնտու է: Պարոն Քոչարյանի կարծիքով. «Կա նաեւ այլ խնդիր. փաստորեն, Ադրբեջանը հիմա դարձել է պատանդ այս բանաձեւի ձեռքին: Իրենք ներսում այդ բանաձեւը ներկայացնում են որպես փայլուն հաղթանակ: Եթե փայլուն հաղթանակ է, ի՞նչ է ակնկալելու ժողովուրդը՝ արագ լուծում: Բայց արագ լուծում չկա, հետեւաբար, պետք է լինեն ռազմատենչ հայտարարություններ, եւ դա մտնում է ադրբեջանական քաղաքականության եւ դիվանագիտական գծի մեջ»: «Առավոտը» նկատեց, որ ԵԽԽՎ Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի մասին Շավարշ Քոչարյանի գնահատականները եւ դրանից բխող եզրակացությունը ինչ-որ չափով նման են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ «Երկիր» թերթի էլեկտրոնային համարում տպագրված հարցազրույցում արտահայտած մտքերին: Ինչո՞վ է բացատրվում այս նմանությունը: Շավարշ Քոչարյանը գտավ հետեւյալ պատասխանը. «Ես ողջունում եմ, որ այդ գնահատականները համընկնում են, բայց մի հարցում հաստատ չեն համընկնում: Երբ Հայաստանում ընտրությունները կեղծվում էին, մենք այն ժամանակ ասում էինք, որ դա ազդելու է Ղարաբաղի հարցի վրա, ինքը այն ժամանակ, որպես Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ, այդ ընտրակեղծիքների թիվ մեկ կազմակերպիչն էր: Կարեւոր է, որ ոչ միայն գնահատականը համընկնի, այլ նաեւ, երբ խնդիր կա ազգային, պետական հարցի եւ անձնական շահի միջեւ, քաղաքական գործիչը պետք է ընտրի ոչ թե անձնական, խմբակային շահը, այլ այն լուծումը, որ նպաստում է ազգային խնդիրների իրականացմանը»: Այդ տեսակետից պարոն Քոչարյանը վերհիշեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիությունը ճանաչելու խնդիրը՝ ասելով, որ այդ հարցը ժամանակին գերադասվեց Ղարաբաղի հարցից. «Մեկ անձի ոչ լեգիտիմության խնդիրը լուծելու համար այս կարեւորագույն հարցը մի կողմ գցեցին»: ԱԺԿ նախագահի կարծիքով, այսօր ամենամնայունը հողն է, իսկ ընդդիմություն, իշխանություն՝ անցողիկ բաներ են. «Բայց երկու հիմնարար հարցերում՝ ժողովրդավարության եւ Ղարաբաղի, գործող ռեժիմը խոցելի է, քանի որ, երբ ընտրության պահ է գալիս, գործող իշխանությունը ընտրում է անձնական շահը»: Ըստ Շավարշ Քոչարյանի, կոնցեպցիան պետք է լինի հստակ, եւ մենք մեզ չպետք է հակասենք. «Կոնցեպցիան ինքնորոշումն է, Հայաստանը չպետք է Ղարաբաղի հարցում փոխարինի Ղարաբաղին: Թվում է, որ ճիշտը Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումն է, բայց ներկա փուլում այդ ճանաչումն այնքան արդյունավետ չի լինի, որովհետեւ կընկալվի որպես խուճապահար քայլ: Իմ գնահատմամբ, ճանաչումը պետք է կատարվի Հայաստանում արդար ընտրություններից հետո, որի արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը կճանաչի ԼՂՀ-ն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել