Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵ՞Լ,

Մարտ 11,2005 00:00

ՃԱՆԱՉԵ՞Լ, ԹԵ՞ ՉՃԱՆԱՉԵԼ Ս/թ մարտի 8-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Սեւծովյան տարածաշրջանում ժողովրդավարության հեռանկարները» լսումների ընթացքում սենատոր, հանրապետական Ջորջ Ալենը, որը Եվրոպական տարածաշրջանի գծով ենթահանձնաժողովի նախագահն է, Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լսումների մասնակիցներից մեկը՝ Վաշինգթոնի Նիքսոնի կենտրոնի փորձագետ Զեյնո Բարանը ներկայացրել է ժամանակակից Թուրքիայի հասարակության եւ վերնախավի լայն շրջանակներում տիրող հակաամերիկյան տրամադրությունները, որոնք չխորացնելու նպատակով առաջարկել է զերծ մնալ Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունելուց: Մեկնաբանելով փորձագետի առաջարկությունը՝ սենատոր Ալենը նշել է, որ իր անձնական կարծիքն այն է, թե հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմական իրողություն է, որի ճանաչումը բխում է համայն մարդկության շահերից: Մեջբերելով նացիստական Գերմանիայում հրեաների ցեղասպանության նախօրեին Հիտլերի հայտնի խոսքերը, թե «հիմա ո՞վ է հիշում հայերի եղեռնի մասին», Ալենը նշել է, որ ժամանակակից աշխարհում նույնպես տեղի են ունենում ցեղասպանություններ, որոնք կանխելու նպատակով պետք է ճանաչել անցյալում տեղի ունեցած դեպքերը: Ըստ Ալենի, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պահանջում է իշխանությունների հատուկ խիզախություն, սակայն դա այն հարցը չէ, որը կարելի է հեռացնել օրակարգից: Լսումներին դիտորդի կարգավիճակով ներկա է եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը: Միջոցառման մեկ այլ մասնակից՝ «Անցումային ժողովրդավարությունների նախագիծ» կազմակերպության ղեկավար Բրյուս Ջեքսոնը նշել է թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում հայկական հարցի քննարկման անհրաժեշտությունը: «Չի կարելի զերծ մնալ պատմության դասերը քննարկելուց միայն այն պատճառով, որ թուրք պաշտոնյաների զայրույթն է առաջացնում անցած դարի սկզբում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայ քաղաքացիական բնակչության դեմ ծավալած եղեռնային գործողությունների սոսկ հիշատակումը»,- ասել է նա: Ըստ՝ ՀՀ ԱԳՆ տրամադրած տեղեկատվության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել