Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումներն ու ծախսերն ափսոս են»

Ապրիլ 14,2005 00:00

«Ներդրումներն ու ծախսերն ափսոս են» Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովն այս տարվա ապրիլի 6-ից անդամակցում է արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպությանը (ԱՀՄԿ): Այն այժմ հանդիսանում է ոչ բանկային ֆինանսական շուկայի կարգավորում իրականացնող մարմինների ամենահեղինակավոր միջազգային օղակը: Երեկ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը 2004-ի գործունեության արդյունքները ներկայացնելիս այս քայլն ամենակարեւոր նվաճումներից մեկը համարեց անցյալ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Հայաստանի արժեթղթերի շուկայում անցյալ տարի իրականացված գործարքներին, դրանք հիմնականում եղել են պետական պարտատոմսերով եւ բաժնետոմսերով: Ընդ որում, առաջինի ծավալը կազմել է շուրջ 31.9 մլրդ դրամ, բաժնետոմսերինը՝ 1.7 մլրդ: Պարոն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում երկրորդային շուկան դեռեւս սաղմնային վիճակում է, որի պատճառներից մեկը տնտեսվարող սուբյեկտների դանդաղ աճն է: Ավելին՝ պրն Մուրադյանի կարծիքով, այսօր ընկերություններից որեւէ մեկը շուկային հետաքրքիր ներդրումային գործիքներ առաջարկելու փորձ չի էլ անում, որովհետեւ բոլորը ձգտում են խուսափել հավելյալ թափանցիկությունից, ինչը նախեւառաջ պայմանավորված է հարկային պետական վարչարարության խնդիրներով: «Եթե չխորանանք թվերի մեջ, առաջին հայացքից զարմանալի է, որ մեզանում 10 տարվա ընթացքում չձեւավորվեց որեւէ ընկերություն, որը կարողանար ներդրողների համար գրավիչ բաժնետոմսեր կամ թեկուզ պարտատոմսեր առաջարկել: Չէ՞ որ մենք հսկայական սփյուռք ունենք, որը հաճույքով կցանկանար կատարել այդ ներդրումները հայկական ընկերություններում»: Հարցին, թե նախորդ տարիների համեմատությամբ մանր բաժնետերերի քանակն ավելացե՞լ է, թե՞ ոչ, պարոն Մուրադյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ նվազել է. «Դա ակնհայտ է դառնում թեկուզ նրանից, որ մենք ունեցել ենք արժեթղթերի ընդամենը 1 հրապարակային տեղաբաշխում եւ միաժամանակ շուրջ 40 ընկերություն դադարել է հաշվետու թողարկող լինել. նշանակում է՝ այդ ընկերություններում բաժնետերերի քանակը նվազել է 50-ից, իսկ բաժնետերերի ավելացման ուղղությամբ ընդամենը 1 գործողություն է ձեռնարկվել»: Հարցին, թե մեր երկիրը եթե տարեկան 10-15% տնտեսական աճ ունի, ներդրումներն աճել են 35 տոկոսով, արտահանումը՝ 40 տոկոսով, դա արդյոք ցույց չի՞ տալիս, որ համաշխարհային ժամանակակից տնտեսությունը պիտի օրինակ վերցնի Հայաստանից ու չձգտի արժեթղթերի շուկա զարգացնել՝ հաշվի առնելով, որ առանց դրա էլ մեզ մոտ բոլոր ցուցանիշներն աճում են, պրն Մուրադյանը չպատասխանեց՝ նշելով, որ հարցը հռետորական է: Իսկ թե որքանո՞վ կտուժի երկիրը, եթե հանձնաժողովը լուծարվի եւ իրենց գործը կատարեն ֆիննախի կամ ԿԲ-ի որեւէ բաժնի աշխատակիցները, պարոն Մուրադյանն ասաց. «Կարելի է ֆինանսապես հաշվարկել երկրին պատճառված վնասները՝ նկատի ունենալով, որ հանձնաժողովի վրա արդեն բավականին ծախսեր եւ ներդրումներ են արվել: Այն, որ Հայաստանն անպայման մեծ վնասներ կկրի իր քաղաքականությունը սխալ ուղղությամբ տանելու համար՝ դա հաստատ է»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել